Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր սեւ ծուխն է արդեն դուրս եկել»․ Երեւանի ավագանու ՔՊ-ական անդամները սադրեցին ընդդիմադիրներին

Հունիս 23,2026 12:53 Share

«Դուք ձեր ծխին նայեք։ Ձեր սեւ ծուխն է արդեն դուրս եկել, տեղյա՞կ եք, ժողովուրդ ջան։ Խոսում են կանգառասրահներից, ճանապարհներից, տրանսպորտից… Ժողովուրդ ջան, սենց չեղավ, եկեք՝ ասեք հլը, էդ կաշառքը ինչի՞ էիք բաժանում։ Էդ հարցին մեկը պե՞տք է պատասխանի»,- ավագանու նիստի դահլիճում ներկա ԲՀԿ ցուցակի պատգամավորի թեկնածու, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանին դիմեց ավագանու ՔՊ-ական անդամ Միքայել Խաչատրյանը։

Նա նախ շնորհավորեց ՀՀ քաղաքացիներին հունիսի 7-ին տարած հաղթանակի համար, ապա սուր քննադատեց ընդդիմությանը՝ նրանց մեղադրելով ավագանու նիստում «սուտի կառուցողական» կեցվածքի համար։ Ընդդիմադիրներին նա անվանեց «գործակալական բանդայի» մաս։

«Ասում է՝ հայդերի ծուխ․ սեւ ծուխը հենց հիմա ելնում է ԲՀԿ-ից, Գագիկ Ծառուկյանից, Քոչարյանից, մեկ էլ էն Տաշիր Սամոյից»,- ասաց ՔՊ-ական ավագանին։

Մինչ այդ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթում՝ Ամիրյան փողոցի անվանափոխության վերաբերյալ տարակուսանքին էլ հակադարձեց․ «Արսեն Ամիրյանը եղել է ՀՅԴ-ի հետ, հետո միացել է բոլշեւիկներին․ դուք ասում եք՝ տրամադրվածություն կա՞ Արսեն Ամիրյանին, հա՛, կա, ցավդ տանեմ, ո՞նց կարա չլինի։ Դուք կարողա՞ հարազատության բան եք տեսնում»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայդերների ծխից» խոսել էր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։ Իր ելույթում նա ՔՊ-ականներին հրավիրեց շրջայցի նորակառույց 105 մանկապարտեզ, որի պատերը քանդվում են, այնպես, ինչպես Երեւանի մի շարք համայնքներում նորակառույց այգիների պատերն ու սալիկները, որոնց մասին ինքը տեսանյութեր է նկարահանել ու ցուցադրել։ 95 մանկապարտեզի մասին էլ խոսեց՝ նշելով, որ նաեւ ներքին հարդարման խիստ անորակ աշխատանք է արվել։

«Ձեր վիդեոներ նկարողներին ասեք՝ թող ռիսկերը գնահատեն, որ մի բան անում եք՝ հետեւից գնալու են ու պատասխան եք տալու»,- ասաց նա։

Նաեւ անասնագողություն անվանեց Ամիրյան փողոցը Պապ թագավորի անվամբ անվանակոչելը․ «Ամիսներով ՔՊ-ն դեմ էր, մեկ էլ՝ հոպ, չզեկուցվող հարցերով։ Լո՞ւրջ եք ասում, ու էդտեղ ոչ մի առեւտուր չի՞ եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ավագանու ՔՊ-ական անդամ Քրիստինե Վարդանյանը շարունակեց սադրել ընդդիմադիր ավագանիներին։ Հայտարարեց, որ եթե մանդատները վերցնեն, խորհրդարանում ընդդիմության ընտրողներն իրենց տեսնելու են «բոքսի տանձիկի» դերում։

«Անկախ Հայաստանի պատմության ընթացքում երբեւէ այս աստիճանի ողորմելի ընդդիմություն մենք չենք ունեցել, երբեւէ ուրիշի շահերն այս աստիճանի սպասարկող ընդդիմություն չենք ունեցել, եւ փառք Աստծո, որ դուք չանցաք»,- ասաց նա՝ հայտարարելով, որ ամսի 7-ին ՔՊ-ին ձայն տվածների շնորհիվ ինքնիշխան Հայաստան են ունեցել։ Հայտարարեց, որ ՌԴ-ում ապրող շատ մարդիկ, ովքեր Հայաստանի խնդիրներով չեն զբաղվել, Արցախի պաշտպանությանը որեւէ կերպ չեն մասնակցել, բայց ամսի 7-ին բերվել էին Հայաստան՝ քվեարկելու «պատերազմի եռագլուխ կուսակցության համար»։

Ասաց՝ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ դուք էլ եք վերադառնալու Հայաստան եւ օգտվելու եք այն բարեփոխումներից, որոնք իրականացնում է ՔՊ-ն։ Նկատի ունի ՌԴ-ի հետ Հայաստանի խնդիրները։ Ընդդիմությանը, առհասարակ, մեղադրեց ՌԴ նախագահի եւ Մոսկվայի շահերը սպասարկելու մեջ՝ հանուն իրենց ունեցվածքը պահելու։ Մեջբերեց Նիկոլ Փաշինյանին․ «Մինչեւ տարվա վերջ կմնաք բոմժ»։

Պեդրո Զարոկյանին դիմեց՝ ասելով, որ եթե «արժանապատվություն եւ տղամարդկություն» ունենար, ավագանու մանդատը վայր կդներ, որովհետեւ զինվորների քվեարկությանը վերաբերող իր գրառման մեջ վերջիններիս «ոչխար» է անվանել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ավագանու ընդդիմադիր անդամներն այսօրվա նիստում քաղաքային խնդիրներից էին խոսում։

Քննադատում էին, որ քաղաքային իշխանությունը միայն Կենտրոն համայնքի խնդիրների վրա է կենտրոնացել․ «Աջափնյակում մի հատ խելացի կանգառասրահ ցույց տվեք։ Զովունու ճանապարհի կանգառ չկա։ Կենտրոնից դուրս ոչինչ չի արվում»։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ Երեւանում, ընդհանուր առմամբ, 50 կանգառասրահ են տեղադրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տրանսպորտին վերաբերող խնդիրների քննադատության համատեքստում էլ Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ առաջիկայում ամբողջությամբ անցնելու են մայրաքաղաքում էլեկտրատրանսպորտի կիրառման։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930