Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցը (սկսվում է Հանրապետության հրապարակից, հասնում Սարյան փողոց) կանվանափոխվի Պապ թագավորի անվամբ՝ «Պապ թագավորի փողոց»։
Այս որոշումն այսօր կայացրեց Երեւանի ավագանին՝ չզեկուցվող հարցերի ցանկում։
Ի հեճուկս քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարության, որ հարցի վերաբերյալ կոնսենսուս կա, ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ դեմ են, առաջարկեցին հարցը զեկուցվող դարձնել եւ քննարկել։ Առաջարկը ՔՊ-ական մեծամասնության կողմից հավանության չարժանացավ։
«Մենք հաշտ չենք Ամիրյանը Պապ թագավորի անվամբ փոխելուն»,- ասաց «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը։
Կարդացեք նաև
«Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչ Իոսիֆ Կուբաթյանն էլ ասաց. «Սա ավելի շատ զոռբայության է նման։ Եթե դուք ուզում եք այս մարդուն լավություն անել, թող կանոնակարգում մի փոփոխություն արվի, բերեք՝ ընդունենք, վերջացնենք։ Էս Պապ թագավորով կոտորվեցինք ամեն նիստի»։
«Դրա համար էլ չզեկուցվող հարցով ենք բերել, որ չկոտորվեք»,- արձագանքեց Տիգրան Ավինյանը։
Անվանափոխությանը դեմ էր նաեւ «Մայր Հայաստան» խմբակցությունը։ Խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտարարեց, որ հանրային բաց հարթակում անվանափոխության հարցը դրվել է քննարկման ապրիլ ամսին․ 226 դիտում կա, անվանափոխությանը կողմ է 30-ը։ Իր՝ Մանուկ Սուքիասյանի մոտ, տպավորություն է, որ Պապ թագավորն օգտագործվում է Ամիրյան փողոցը անվանափոխելու համար։
Տիգրան Ավինյանն էլ հակադարձեց՝ ամենայն հարգանքով Արսեն Ամիրյանի հետնորդների նկատմամբ, բայց անհասկանալի է, թե նա ո՞վ է եւ ինչո՞ւ պիտի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը նրա անունը կրի։ Ինքը դրան սկզբունքորեն դեմ է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Չզեկուցվող հարցերի ցանկով ավագանին հաստատեց նաեւ փողոցների այլ անվանափոխություններ․ Երեւանում այլեւս կունենանք Անանիա Շիրակացու, Կոնստանդին Երզնկացու, Ավետ Տերտերյանի, Գրիգոր Եղիազարյանի, Էդուարդ Բաղդասարյանի անվամբ փողոցներ։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































