Վերջին օրերին մի քանի տեղ հիշատակվեց, ապա անուշադրության մատնվեց մի փաստ, որ Հայաստանի գիտությունների ակադեմիան ղեկավարելու է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Թեմայի շուրջ Aravot.am-ը խոսել է ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, կրթության ոլորտի փորձագետ, գիտությունների թեկնածու Ատոմ Մխիթարյանի հետ։
«Անցյալ տարի՝ 2025 թ. սեպտեմբեր ամսին, 10 տարի քննարկված անկատար օրենքը, որի վերաբերյալ բացասական կարծիք էր տվել նաև Արդարադատության նախարարությունը, ԱԺ-ն մեկ օրվա ընթացքում, մեկ հրահանգով ընդունեց։ Օրենքի անունն է՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենք։ Դրանից հետո օրենքն ուղարկվեց Վահագն Խաչատուրյանին՝ որպես ՀՀ նախագահ, հաստատելու, ինչը պետք է արվեր 21-օրյա ժամկետում, որ նոր օրենքը հրապարակվելուց հետո ուժի մեջ մտնի։ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց այն, չնայած նրան, որ մի խումբ մտավորականներով դիմել էինք իրեն՝ խնդրելով չստորագրել և սահմանադրականությունը ստուգելու համար ուղարկել Սահմանադրական դատարան, որովհետև խնդրահարույց շատ հոդվածներ կային։
Բայց քանի որ Վահագն Խաչատուրյանին, ամենայն հավանականությամբ, դա ձեռնտու էր, աճապարեց ու ստորագրեց, և օրենքը մտավ ուժի մեջ հոկտեմբեր ամսին»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Ատոմ Մխիթարյանը։
«Օրենքի անցումային դրույթներում գրված է, որ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում կառավարությունը պետք է հաստատի ԳԱԱ կանոնադրությունը։ Հոկտեմբերից 6 ամիս հետո ապրիլ ամիսն է, և օրենքի դրույթն արդեն իսկ խախտված էր, որովհետև 6 ամսից անցավ ևս 2 ամիս, նոր կառավարությունը հունիսի 18-ին, չզեկուցվող հարցերի թվում, հաստատեց Գիտությունների ակադեմիայի կանոնադրությունը, որտեղ կա հետևյալ հոդվածը. ակադեմիան ղեկավարում է նախագահությունը, որը բաղկացած է 11 անդամից, և 11 անդամից մեկը ՀՀ նախագահն է՝ այս պարագայում Վահագն Խաչատուրյանը։ Ակադեմիայի նախագահության մեջ ևս 2 հոգու նշանակում է Հայաստանի կառավարությունը, իսկ 8 հոգուն ընտրում են ակադեմիկոսներն իրենց կազմից՝ ակադեմիայի հիմնական և ասոցացված անդամներից։
Կարդացեք նաև
Այսպիսով, հունիսի 18-ին կառավարությունը, հաստատելով ակադեմիայի կանոնադրությունը, հաստատեց նաև այն իրողությունը, որ ՀՀ նախագահը, այսինքն՝ տվյալ պարագայում Վահագն Խաչատուրյանը, պետք է ղեկավարի Գիտությունների ակադեմիան։ Սա է ամբողջ ճշմարտությունը»,- մանրամասնեց Ատոմ Մխիթարյանը։
Մեր զրուցակիցը նշեց նաև, որ նույն որոշմամբ հանձնարարված է, որ ակադեմիայի գործող նախագահությունը և նախագահը՝ Սաղյանը, 2 ամսվա ընթացքում պետք է կանոնադրությունը պետական գրանցման ներկայացնեն, ապա պետական գրանցումից հետո տեղի ունենան նախագահության ընտրություններ, և անհատական կազմը ներկայացվի կառավարության հաստատմանը. «Այդ ժամանակ պարզ կլինի, թե ովքեր կլինեն կառավարության նշանակած ևս 2 հոգին, և 8 հոգին՝ ակադեմիայից։ Այժմ միայն մեկ հոգին է պարզ՝ Հանրապետության նախագահը»։
Ատոմ Մխիթարյանը հիշեցրեց, որ մի խումբ մտավորականներ, նրանց թվում նաև ինքը, ստորագրել էին նախագահին ուղղված գրությունը, և անգամ պատասխան էին ստացել, որ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունը քննում է հարցը, և սահմանված ժամկետում իրենց պատասխան կտրվի. «Հետո, երբ սահմանված ժամկետն անցավ, մեզ պատասխան եկավ, որ, կներեք, ՀՀ նախագահն արդեն ստորագրել է օրենքը։ Փաստորեն, Հանրապետության նախագահն ասում էր՝ սպասեք, տեսնեմ՝ ինչ եմ անում, բայց ստորագրեց»։
ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկանն ընդգծեց, որ դրանից հետո դիմել են ընդդիմադիր պատգամավորների. «Հայաստան» դաշինքն աջակցեց մեզ, քանի որ պատգամավորների ընդհանուր թվի 1/5-ով կարելի է դիմել Սահմանադրական դատարան, ու դիմեցինք։ Սահմանադրական դատարանը ապրիլին վարույթ ընդունեց մեր դիմումը, հիմա այդ փուլն է։ Մենք առնվազն 4-5 հոդվածով Սահմանադրության հետ հակասություններ ենք մատնացույց անում այդ օրենքում։
Այս օրենքը միայն ակադեմիային չէ, որ հարվածում է, որովհետև օրենքով արդեն իսկ ակադեմիան քանդվել է, ակադեմիայի կազմից բոլոր գիտական կազմակերպությունները դուրս են բերվել, մնացել է միայն նախագահությունը, երևի գրադարանը և մեր գիտակրթական կենտրոնը, որտեղ ես դեկան եմ աշխատում։ Այդ օրենքով վերացել է գիտական երկրորդ աստիճանը, կոչումների մասին ընդհանրապես խոսք չկա, եթե հիմա ուսանողները գիտխորհրդում կազմում են առնվազն 25 %-ը, ապա այս նոր օրենքով առավելագույնը կարող են 10 % լինել, կարող են նաև զրո % լինել։ Ստացվում է, որ բուհերը պետք է կառավարվեն ավելի շատ պետության կողմից, քան բուհերի աշխատողների և ուսանողների կողմից։ Տարիքային սահմանափակումներ էլ կան, որ 65 տարին լրանալուց հետո գիտական կազմակերպության ղեկավարը պետք է անմիջապես լքի իր պաշտոնը, ինչը արդեն գործի դրվեց։ Իր 65-ամյակի օրը պաշտոնից ազատվեց Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։ Այնպես որ, այս օրենքն արդեն իսկ իր հետևանքները թողել է»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































