Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս կբնորոշի այն գործողությունները, որոնք տեղի են ունենում հետընտրական Հայաստանում, երբ ձերբակալվում ու կալանավորվում են ընդդիմադիր գործիչներ, «Հայաքվե» միավորման անդամ Ատոմ Մխիթարյանն այսպես արձագանքեց իրավիճակին և, մասնավորապես, «Հայաքվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. «Հայաքվե»-ն ստեղծվել է սրանից մոտ երեք տարի առաջ, երբ հարց էր դրվել Արցախը թշնամուն հանձնելու մասին, իսկ «Հայաքվե»-ն ուզում էր դա թույլ չտալ իր օրենսդրական նախաձեռնությամբ։ Այդպես ծնվեց «Հայաքվե»-ն՝ որպես նախաձեռնություն։ Այնուհետև, շարժումն ավելի կազմակերպված դարձնելու համար, «Հայաքվե»-ն վերածվեց ազգային-քաղաքացիական միավորման։ Շատ կարևորելով Հայաստանում ժողովրդավարության մակարդակի բարձրացումը և քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու հանգամանքը՝ այն սկսեց ժողովրդավարական բոլոր գործընթացների մոնիտորինգ իրականացնել։ Ողջ նախընտրական շրջանում, նկատի ունեմ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ընտրությունների ժամանակ, «Հայաքվե»-ն իրականացրեց դիտորդական առաքելություն՝ ներառելով ամենաշատ թվով դիտորդներին թե՛ Գյումրիում, թե՛ Փարաքարում և թե՛ Վաղարշապատում։
Տեսնելով այս ամենը՝ Հայաստանի իշխանությունները, որոնց մենք անվանում ենք խամաճիկ իշխանություններ, հատուկ օրենսդրական նախաձեռնություն սկսեցին «Հայաքվե»-ի դեմ։ Ընտրական օրենսգրքում այնպիսի փոփոխություններ մտցրեցին, որ «Հայաքվե»-ն՝ որպես ազգային-քաղաքացիական միավորում, այլևս չկարողանա դիտորդական առաքելություն իրականացնել ընտրությունների ժամանակ։ Եվ սա, փաստորեն, առաջին բացառությունն էր անցած ընտրություններին, որ «Հայաքվե»-ն չկարողացավ հետևել ժողովրդավարության զարգացման գործընթացներին Հայաստանում։ Փաստորեն, նույն ձեռագիրը շարունակվում է։ Շարժումն ավելի սեղմելու և ճնշելու համար «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման համակարգողին անհիմն ինչ-որ մեղադրանքով ուզում են տանել կալանքի։ Եվ սա միակ դեպքը չէ։ Մենք տեսանք նախընտրական շրջանում, ընտրությունների օրը և ընտրություններից անմիջապես հետո հարյուրավոր նման դեպքեր։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա՝ սա ուղղակի ձեռագիր է՝ թելադրված դրսից։ Նպատակն է կոտրել ժողովրդի կամքը, հնարավորություն չտալ ժողովրդավարության մաքսիմալ օգտագործումը Հայաստանի ներսում։ Իսկ եթե ժողովրդավարություն չկա, դրան փոխարինում է բռնապետությունը։ Հայաստանը գնում է դեպի բռնապետություն, և սա դրա ակնհայտ դրսևորումն է»։
Նրա ձևակերպմամբ՝ կատարվածը մեծ հարված է Հայաստանի ժողովրդավարացման գործընթացներին, որտեղ արդեն «Հայաքվե»-ն միայնակ չէ. «Հայաքվե»-ն ունի բազմաթիվ ընկերներ, գործընկերներ և դաշնակիցներ, որոնց հետ ձեռք-ձեռքի տված պետք է պայքարել։ Այստեղ առաջին շարքերում հենց այն ուժերն են, հատկապես քաղաքական ուժերը, որոնք վերջին ընտրություններին մասնակցեցին և ծանրակշիռ ձայներ հավաքեցին։ Մի բան եմ ուզում ասել՝ իշխանությունների օգտին քվեարկել է 50%-ից պակաս մարդ։ Դա նշանակում է, որ իշխանությունների օգտին չի քվեարկել ընտրողների 50%-ից ավելին՝ չհաշված այն հազարավոր խախտումները և բռնաճնշումները, որոնք կային ընտրությունների ընթացքում։ Այսինքն, սա արդեն խոսում է այն մասին, որ գնացքը տեղից շարժվել է և գնում է ճիշտ ուղղությամբ։ Իսկ սա, կարելի է ասել, վերջին կաթիլն է, որպեսզի ժողովուրդն արթնանա և իր ասելիքը տեղ հասցնի»։
Լրագրողի դիտարկմանն ի պատասխան, որ, ամեն դեպքում, առաջնորդի կարիք կա, որպեսզի այդ շարժումն առաջ տանի, Ատոմ Մխիթարյանը հետևյալը նշեց. «Առաջնորդները միշտ էլ ի հայտ են գալիս… Այնպես չէ, որ առաջնորդները ծնվում են, ու ժողովուրդը պիտի հենց այնպես նրանց հետևից գնա։ Պատմությունը ցույց է տալիս, որ, երբ լինում են վստահելի առաջնորդներ, գործընթացներն ուղղակի արագանում են։ Ես մտածում եմ, որ Հայաստանի այս իրավիճակում միայն մեկ առաջնորդի մասին խոսք լինել չի կարող։ Սա պետք է լինի համաձայնեցված, կարելի է ասել՝ հանրային մի խորհուրդ, որը առաջիկա շրջանում պետք է գործի որպես այլընտրանք՝ Հայաստանում ժողովրդին համախմբելու և ժողովրդի ակնկալիքներն, ամեն դեպքում, ընտրությունների միջոցով ամրագրելու համար»։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































