«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի պաշտպան, փաստաբան Վարազդատ Հարությունյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ ընթացած դատական նիստից հետո լրագրողներին հայտնեց. «Դատարանը որոշեց Ավետիք Չալաբյանին երկու ամսով կալանավորել։ Կալանքի վայր է լինելու «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը։ Տեսակցությունները փակ են բոլորի համար, բացառությամբ պաշտպանների։ Որոշումը նոր ստացանք, կծանոթանանք և լրացուցիչ հանդես կգանք պարզաբանումներով կամ հայտարարություններով»։
Ըստ փաստաբանի՝ «Ներկայացված միջնորդությունն իր հիմնավորումներով բավարար չէր կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, ավելին, բավարար չէր ընդհանրապես որևէ խափանման միջոց ընտրելու համար»։
Վարազդատ Հարությունյանը նաեւ ասաց, որ բողոքարկելու են դատարանի որոշումը. «Հետագա փուլերում, երբ արդեն կլինի բաց դատավարություն, բոլորը կհամոզվեն, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ հերթական շինծու քրեական գործը և մեղադրանքն է, որը փլվելու է դատարանում, դա միանշանակ եմ ասում… Ընդ որում՝ սա ավելի զավեշտալի գործ է, քան նախորդ գործը»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նպատակով, 2026 թվականի մայիսին մեկնել և հանդիպումներ է ունեցել այլ պետության պաշտոնատար անձանց հետ։
Ըստ կոմիտեի՝ այդ հանդիպումների ընթացքում համոզելու, ընտրություններում նաև նրանց կողմից նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու հանգամանքով շահագրգռելու միջոցով դրդել է վերջիններիս, որպեսզի նրանք խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական, իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոչընդոտեն հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, այն է՝ տվյալ պետությունում գործող տնտեսվարող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպեն այդ կազմակերպություններում աշխատող, ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին մեկնել Հայաստանի Հանրապետություն և 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին, որի կապակցությամբ ձեռք է բերվել համաձայնություն:
Հաղորդվում է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ համացանցում տարածված ձայնագրության մեջ խոսակցություն վարող անձը հանդիսանում է Ավետիք Չալաբյանն է:
«Ավետիք Չալաբյանի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն)։
Տեսանյութն ամբողջությամբ


















































