Ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) վերջին հետազոտության , հայաստանցի 15 տարեկանները գրագիտության լուրջ խնդիր ունեն մաթեմատիկայից, բնագիտությունից, ընթերցանությունից, ընդամենը մոտ 1%-ն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից, գրեթե ոչ մի սովորող չի գրանցել լավագույն արդյունք բնագիտական ոլորտում, ընթերցանության մեջ։
Ըստ OECD-ի հետազոտության, որին մասնակցել է 91 երկրի 760.000 15-ամյա աշակերտ, Հայաստանը վերջին հորիզոնականում է տարածաշրջանում՝ զիջելով Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային։
Aravot.am-ը կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանից հետաքրքրվեց, թե որտեղ է այս խնդիրների արմատը՝ դպրոցական ծրագրերի՞ մեջ, դասավանդման մեթոդաբանությա՞ն, թե՞ ընդհանրապես մեր երկրի կրթական քաղաքականության մեջ:
Կարդացեք նաև
«Սա նորություն չէ, այնպես չէ, որ հենց նոր իմացանք, որ տարածաշրջանում վերջին տեղում ենք, իսկ աշխարհում՝ վերջին տասնյակում։ Սա խայտառակ արդյունք է, այն պարագայում, երբ Հայաստանը Խորհրդային տարիներին առաջատար երկրների ցուցակում էր՝ կրթության որակով, բարձրագույն կրթություն ունեցողների թվով: Մենք այս մասին դեռևս 5 տարի առաջ էինք ասում: Այն ժամանակ խոսում էինք 10 տարեկանների վերաբերյալ, որոնց պարագայում ֆունկցիոնալ անգրագիտությունը ահավոր չափերի էր հասել: Բոլորը գիտեին այդ մասին, եւ անգամ մեր կրթության տեսչական մարմինը ստուգումներ էր իրականացնում եւ այդ ամեն ինչը պարզում էր: Անցավ 5 տարի եւ 10 տարեկանները դարձան 15 տարեկան, եղավ միջազգային ստուգատես, հետազոտություն, եւ պարզվեց, որ Հայաստանը կրթության որակի առումով ամենավերջին տեղերից մեկում է»,-նշեց Ատոմ Մխիթարյանը:
Անդրադառնալով պատճառներին՝ նա հետեւյալն ընդգծեց. «Առաջին եւ ամենակարեւոր պատճառը կրթության ոլորտում որոշում կայացնողների անտեղյակությունն է ոլորտից, մարդիկ են որոշումներ կայացնում, որոնք ընդհանրապես որեւէ հետագիծ կրթության ոլորտում չունեն, ինչպիսի էական ազդեցություն կարող է ունենալ:
Երկրորդը, Հայաստանի պետական միջոցները, որոնք հատկացվում են կրթությանը, շուրջ 2 անգամ պակաս են աշխարհի միջինից, չնայած խոսվում է բացարձակ թվերով ֆինանսավորման աճի մասին, բայց եթե համախառն ներքին արդյունքի տոկոսով նայենք, իսկապես դա ցածր է: Հետեւաբար, այդ պարագայում չենք կարող լուրջ արդյունք ունենալ: Ընդ որում, վերջին տարիների միջին տվյալներով կրթությանը հատկացված գումարների շուրջ 80 տոկոսն է օգտագործվում ոլորտում։ Մնացած 20 տոկոսն էլ վերադառնում է պետական բյուջե: Եվ հատկացված միջոցների զգալի մասը ոչ թե բովանդակությանն է ուղղված, այլ ձեւին: Դա նշանակում է, որ այդ միջոցները ուղղվում են հետեւյալին՝ դպրոցների կառուցում, վերակառուցում, ճանապարհներ, հեծանիվների գնում: Փոխանակ լաբորատորիաներ գնեն, հեծանիվներ են գնում, եւ այդ հեծանիվներն էլ տնօրենները փակի տակ են պահում ու թույլ տալիս աշակերտներին օգտագործել միայն այն օրերին, երբ վարչախմբի ղեկավարը հեծանվարշավ է կազմակերպում, որ երեխաները գնան, իրեն աջակցեն: Այսպես ձեւի հետեւից ընկնելով՝ կորցրինք բովանդակությունը եւ ունեցանք խայտառակ անգրագետ սերունդ»:
Մեր հարցին՝ իր կարծիքով հանրակրթության նոր չափորոշիչները արդյոք հաշվի առե՞լ են միջազգային ստուգատեսների արդյունքները, Ատոմ Մխիթարյանն այսպես արձագանքեց. «Նոր չափորոշիչները ավելի լավն են, քան նրանք, որոնք գործում էինք, որովհետեւ մշակվել են՝ հաշվի առնելով աշխարհի փորձը, մասնավորապես Էստոնիայի, որը վերջին հետազոտություններով առաջին տասնյակում է: Բայց այստեղ էլ ուրիշ խնդիր կա. այդ չափորոշիչները վերցրել եւ միանգամից ներդրել են դպրոցներում, ընդ որում՝ դրանք փորձարկվել են Տավուշի մարզում, եւ արդյունքները եղել են վատ: Բոլոր ուսուցիչները բողոքել են, այդ մասին գրել են ծնողները եւս, բայց առանց այդ ամենը հաշվի առնելու, առանց հարմարեցնելու Հայաստանի պայմաններին՝ վերցրել են եւ արդեն 2-րդ տարին է կիրառում են Հայաստանի Հանրապետությունում:
Չի կարելի կրթության մեջ երկրաշարժին նմանվող փոփոխություններ անել՝ առանց դրանց պատրաստվելու: Արդյոք մեր ուսուցիչները պատրա՞ստ են հետազոտական նախագծեր, խմբային աշխատանքներ իրականացնել, կիրառական գիտություն տալ, իհարկե ոչ: Որովհետեւ այդ ուսուցիչները նման բան չեն սովորել: Իսկ արհեստական ատեստավորումները ոչ մի բանի չեն նպաստում, որովհետեւ ստուգում են ուսուցչի գիտելիքը, որը նա ստացել է դպրոցում, բուհում:
Մենք սխալ ուղու վրա ենք, ինչու սպասել եւս 4 տարի, որպեսզի հաջորդ հետազոտությունը լինի, դրանից հետո էլ մեկ տարի սպասել, որպեսզի արդյունքները հրապարակվեն, որ տեսնենք ամեն ինչ վա՞տ է: Սա՞ է մեր ռազմավարությունը: Պետք է օր առաջ փոփոխություններ կատարվեն, որոշում կայացնողներին պետք է փոխել, ֆինանսավորումն ավելացնել, պետք է նախապատրաստումներ սկսվեն եւ ներգրավեն խելացի մասնագետների, որոնք կկարողանան այդ ամենն իրականացնել»:
Ինչ վերաբերում է մեր աշակերտների՝ օլիմպիադաներից մրցանակներով վերադառնալուն, այս առիթով էլ կրթության փորձագետը նշեց. «Այո, կան շատ լավ երեխաներ, որոնք կկարողանան մասնակցել միջազգային ցանկացած օլիմպիադայի ու բարձր արդյունքներ գրանցել, բայց նրանք, ցավոք սրտի, կազմում են մեր աշակերտների եւ ուսանողների ընդամենը 1 տոկոսը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































