Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի հետազոտող, իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը
Կարելի է համարել, որ “Արևմտյան Ադրբեջան” հորինած կոնցեպտն ու ծրագիրը կապ չունի Ղարաբաղյան խնդրի չեզոքացման հետ ու մաս է Ադրբեջանի ավելի մեծ ծրագրի, որտեղ գլխավոր նպատակը Հայաստանի ոչնչացումն է։ Տեսակետ է։ Ես, իհարկե, այն չեմ կիսում, բայց հարգանքով եմ վերաբերում էս տեսակետը տարիներ շարունակ հետևողականորեն պաշտպանողների հավատարմությանը իրենց տեսակետին։
Կարելի է նաև պնդել, որ 2019-ին կար շանս Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման համար, որ Ռուսաստանի շահերից էր բխում, որ հարցը բանակցություններով լուծվեր ու պատերազմ չլիներ, որ Ադրբեջանը համաձայնվել էր կարգավորման այդ տարբերակին ու համակերպվել, որ ռուսական խաղաղապահներ պիտի տեղակայվեն Ղարաբաղում, և որ Հայաստանը մերժել է այս հրաշալի լուծումը և այդպիսով դարձել մեր արհավիրքների գլխավոր պատասխանատուն։ Տեսակետ է։ Ես, իհարկե, բազում վերապահումներ ունեմ ՌԴ իրական շահերի ու Ադրբեջանի համաձայնությունը որպես փաստ ներկայացնելու հետ, բայց հարգանքով եմ վերաբերվում այս տեսակետը հետևողականորեն պաշտպանողների տեսակետին։
Բայց, տրամաբանության հարգելի գուրուներ, էս երկու թեզը իրար հետ նույն հետևողականությամբ պաշտպանելը, ոնց ասեմ․․․ ոնց որ մարդ ժխտի Դարվինի էվոլյուցիոն տեսությունն ու մեղադրի կապիկին մարդուն փոխանցած գեների համար։
Կարդացեք նաև
Կողմնորոշվեք վերջապես, կամ առաջին թեզն է պետք պաշտպանել, կամ երկրորդ։ Չեք կարող համոզված լինել, որ Ադրբեջանն ուզում է Հայաստանը վերացնել ու Ղարաբաղը միայն այդ ծրագրի մի մասն է, ու պնդել, որ 2019-ի կարգավորումը փայլուն լուծում էր, որին Ադրբեջանը համաձայնություն էր տվել։


















































