Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Աննա Դավթյան-Գևորգյանը գրում է.
«Ես համամիտ չեմ այն տեսակետի հետ, որ Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանին ու հայերիս ոչինչ չի տալիս։
Այս ճանաչումը երկու շատ կարևոր ըմբռնում է տալիս (պիտի որ տա) Հայաստանի հասարակությանն ու աշխարհասփյուռ հայությանը՝
թե ինչքան նշանակություն չունի ցեղասպանության միջազգային ճանաչման համար ցեղասպանության հարցը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի մաս դարձնելը,
և թե ինչքան ավելի շահեկան դերում է Հայաստանը հանդես գալիս, երբ իր արտաքին քաղաքական օրակարգից անկախ են տեղի ունենում ճանաչումները։
Կարդացեք նաև
Անկախ նրանից, թե ինչ դրդապատճառներով ու երբ է Իսրայելը ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ցեղասպանության ճանաչման փաստը կարևոր հանգամանք է ցեղասպանագիտության ու միջազգային իրավունքի տեսանկյունից։ Սրա մասին ցեղասպանագետներն արդեն գրել են։
Միաժամանակ, հիմա դա անելը, երբ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում այդ հարցն առաջնահերթություն չէ (հատուկ ուզում եմ ընդգծել, որ սա չի նշանակում Ցեղասպանության ժխտում, նշանակում է Ցեղասպանության հարցի տարանջատում արտաքին քաղաքականությունից ու այն միջազգային հարաբերությունների առևտրի առարկա դարձնելուց հրաժարում՝ առնվազն Հայաստանի կողմից), լավ առիթ է Հայաստանի հասարակության համար՝ առերեսվելու այն պարզ իրականությանը, որ ցեղասպանության ճանաչման հարցը գրեթե բոլոր երկրների դեպքում է հաճախ հենց աշխարհաքաղաքական հաշվարկների արգասիք ու զերծ բարոյականության ու արդարության մոտիվներից։
Իսկ Հայաստանի շահի դիտանկյունից վերլուծելու դեպքում, ավելի ակներև կլինի, որ եթե անկախությունից անմիջապես հետո Հայաստանի առաջին նախագահի որդեգրած՝ ցեղասպանության ճանաչման միջազգային ջատագովությունը Հայաստանի արտաքին քաղաքականությունից տարանջատելու քաղաքականությանը վերադարձ չլիներ, այսօր այս օրերին բոլորովին այլ միջազգային զարգացումների ականատես կարող էինք լինել։
Մասնավորապես, Իսրայելի կառավարության այս որոշումից հետո բարդացել են ու ռիսկային դարձել ոչ թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կամ անհանգստություններ առաջացել Հայաստան-Իրան հարաբերություններում, այլ քանի որ Հայաստանի մասնակցությունից անկախ գործընթաց է, ռիսկ կա, որ հարաբերությունների վատթարացում կարող է սպասվել կամ Ադրբեջան-Թուրքիա, կամ Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում (Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ թեմայի վերաբերյալ հայտարարությունը հաշվի առնելով՝ ավելի հավանական է երկրորդ տարբերակը)։
Եթե խոհեմ լինենք, այս կարևոր դասերը կարող են շատ ավելի երկարաժամկետ օգուտներ տալ մեր հանրային քաղաքական մտածողությանը, քան «ճանաչումներ», որ ուղեկցել ենք էմոցիոնալ խանդավառությամբ ու ուռճացված հույսերով»։



















































Որ ասում եմ՝ բարոյալքված իշխանությունը բարոյալքություն ա տարածում, սա եմ ասում։ Եթե դուրս չգաս տանից, չես ընկնի մեքենայի տակ։ Եթե չփորձես բարձրացնել հավաքական իրավունքներդ, խնդիրներ չես ունենա։ Եթե չպաշտպանես քո ճշմարտությունը, կարող ես ապահով հեռվից նայել դրա սակարկություններին։ Ափսոսալի ա, թե ինչերը արդարացնելով են հայերը զբաղված։
Կարելի՞ ա ասել, որ քաղաքակրթությունները վերանալիս վերջում ծաղրում են մարդկանց աստվածներին։ Ադրբեջանը քանդում ու ոչնչացնում ա մեր եկեղեցիները, վանքերը, հուշարձանները։ Արցախից վերացել ա հայկական քաղաքակրթությունը։ Կներեք, որ հիշեցնում եմ ձեզ, Առավոտ։ Բայց նաև կյանքում լինում են ժամանակներ, որ ոչ այնքան կարևոր ա, թե որտեղ ես գտնում, այլ թե ինչ ուղղությամբ ես գնում, ինչ ուղղություն ես ընտրում։
Բայց Հայաստանը ափսոսալի ժամանակներ ա ապրում։ Ափսոսալի հետընթաց ա ապրում։ Մի օր էս ապազգային իշխանության ժամանակաշրջանը հույսով կանցնի, ժողովուրդս ավելի ակնհայտ կտեսնի, որ ավելի լավ, առաջընթաց, ուղղակի այլ կերպ էլ ա հնարավոր առանց ազգայինից հրաժարվելու ու կորուստները արդարացնելու։
Բայց էն գրառումները ու ելույթները տարածելը, որ մարդիկ հայելու առաջ են ունենում՝ իրենց սահմանափակ ընկալումները պրոյեկտելով «մենքի» վրա, ձեր ընտրությունն ա, Առավոտ։ Ուղղակի ձեր ընտրությունն ա։ Երբևէ չե՞ք նկատել, չե՞ք մտածել, որ Փաշինյանը կառավարության նիստերի ժամանակ «մեզ» փնովելու ելույթներում ուղղակի իր կառավարության սխալներն ու թերություններն ա բարձրաձայնում ռեալիստական բարակ ձայնով։ Նույն կերպ էլ հոգեբանական պրոյեկտումը կարող են անել տարբեր մարդիկ, դա Փաշինյանի մենաշնորհը չի։
Բայց ուրիշներին այս պիսի վերագրում անողներին երևի կարելի է կարճ էլ պատասխանել։ Է հա, խոհեմ եղեք, արեք Ձեր տնային աշխատանքը, հետո անցեք վերլուծություններին, ելույթներին։
Միհոգավորն էլ ասում էր, թե պետք է վերանայենք և հասկանանք՝ ինչ է եղել և ինչու։ Վարչապետի պաշտոնն է զբաղեցնում էդ ասողը։ Էդքան գրքեր ու տեղեկություններ կան, հասկացեք, նոր խոսեք։
Չէ, ինձ լուրջ հետաքրքիր ա։ Ես երրորդ մեկնաբանությունն էլ թողնեմ, չգիտեմ կպատասխանեք, թե չէ։ Որպես խմբագրություն, ի՞նչ մտքով եք կարծիքները տարածում, ի՞նչ մտքով կարծիքներն եք տարածում։ Հաճախ եք անում, դուք ու Աստված գիտեք, թե ինչու։
Զուտ հետաքրքիր ա։ Հաջորդը ո՞րն ա լինելու։ Եթե պետություններ կան, որոնց խորհրդարանները օրինական ակտեր են ընդունել, նշանակում ա այդ ակտերը գոյություն ունեն, չեն սպառվել, ուժի մեջ են։ Գուցե դրա՞նք են «բարդացնում ու ռիսկային դարձնում» Հայաստան֊Թուրքիա հարաբերությունները։ Ի՞նչ ուղղությամբ ենք մտածում։ Սկզբում մարդու միտքն ա գնում մի ուղղությամբ, հետո նոր մարդը։ Ի՞նչ ուղղությամբ ենք մտածում։ Գուցե ստորագրահավաք անենք, վերլուծական կենտրոններ կազմենք, կամ, սպասեք, հանձնախմբեր ձևավորենք, փորձենք այդ ակտերը հանել պատմությունից։ Գուցե՞ պետք ա էդ պես անենք։
Ի՞նչ մարդ կմնա մեզանից։
Հարգելի Նարեկ, մենք փորձում ենք ապահովել հնարավորինս համընդգրկուն լուսաբանում՝ փոխանցելով քաղաքական, քաղաքագիտական, հասարակական ու մշակութային ոլորտներում առկա տեսակետների առավելագույնս բազմազանություն։