Լրահոս
Օրվա լրահոսը

Թունելի դեպքում վնաս չկա: Որքան ավելի շատ են օգտագործվում թունելներ եւ կամուրջներ, այնքանով այդ ճանապարհը քիչ է ազդում միջավայրի, բնության վրա. Ֆելիքս Փիրումյան. «Հրապարակ»

Հունիս 30,2026 11:13 Share

Արդյոք այն, որ Սիսիանում ճանապարհները հատվածաբար են կառուցվում, չի՞ նվազեցնում Քաջարանի թունելի անմիջական արդյունավետությունը: Քանի դեռ պատրաստ չեն հարակից բոլոր բարդ լեռնային հատվածները, միայն Քաջարանի թունելը չի լուծում փոխադրումների արագության եւ անվտանգության հարցը:

«Հրապարակի» հարցին պատասխանելով, «Հյուսիս-Հարավ» ծրագրի իրականացման գրասենյակի առաջին ղեկավար Ֆելիքս Փիրումյանը նշեց, որ թռուցիկ տեղեկություն ունի, սակայն կարող է ասել, որ եթե այդ թունելը սարքվի, դրանով կարելի կլինի գնալ Կապան, Քաջարան, Մեղրի: «Հյուսիս-Հարավի Երեւան-Գյումրի հատվածը, օրինակ, հիմա պատրաստ է: Թեեւ ամբողջ Հյուսիս-Հարավը դեռ պատրաստ չէ, բայց Երեւանից Գյումրի կարելի է գնալ նորմալ ճանապարհով եւ Գյումրիից գալ Երեւան: Նույնն էլ սա է»,- ասում է նա: 6 տարին, ըստ նրա, 7,2 կմ թունել սարքելու համար երկար ժամանակ չէ: «Որպեսզի դուք պատկերացնեք, օրինակ․ Իջեւան-Հրազդան երկաթգծով Մեղրաձորի թունելը 71 թվին սկսել են կառուցել, 87 թվականին ավարտվել է: Իսկ դրա երկարությունը 8,3 կմ էր, ընդամենը 1 կմ երկար: Բայց եթե հաշվի առնենք, որ այսօր տեխնիկան եւ տեխնոլոգիան զարգացել են, ես համարում եմ, որ 6 տարին հիմնավորված ժամկետ է»: 400 մլն դոլարն էլ, ըստ նրա, բարձր գին չէ, քանի որ թունելները հիմնականում հարուստ երկրների համար են. «Կառավարությունը չի կարող միանգամից այդքան գումար ունենալ ու ասել՝ ես բյուջեից դնում եմ, կառուցում եմ, իրատեսական չէ: Պարզ է, որ պետք է վարկ վերցնի, 10-20 տարի այդ վարկը սպասարկեն, եւ դրա շնորհիվ ունենանք այդ թունելը: Ավելին ասեմ՝ հարուստ երկրները եւս վարկավորման միջոցով են կառուցում»:

Թունելի կառուցման ազդեցությունը մեծ է լինելու Սյունիքի էկոհամակարգի վրա, այդ վնասները կփոխհատուցվե՞ն բնությանը, ի՞նչ եք կարծում՝ հետաքրքրվեցինք Ֆելիքս Փիրումյանից։ «Թունելի դեպքում վնաս չկա: Տեսեք՝ Իտալիայում բնությունը, եթե հյուսիսից իջնում ես դեպի կենտրոն, մոտավորապես նույնն է, բայց գիտե՞ք այնտեղ ոնց են կառուցվում թունելները: Թունելից դուրս ես գալիս կամրջի վրա, կամրջից մտնում ես թունել: Եվ գիտե՞ք, թե ինչու․ որպեսզի բնությունը չփչացնեն, ոչ թե անեն հողային պաստառներ` 20-40 մետր բարձրության վրա, ծառեր կտրեն: Հակառակը՝ որքան ավելի շատ են օգտագործվում թունելներ եւ կամուրջներ, այնքանով այդ ճանապարհը քիչ է ազդում միջավայրի, բնության վրա: Մնացած դեպքերում, եթե անում են հսկայական հողային պաստառներ, պարզ է, որ բնությունը փչանում է: Այս դեպքում հենց այդպես են անելու: Պատկերացրեք, այդ թունելի փոխարեն, եթե սերպանտին ճանապարհներ կառուցեին, մի սար կոչնչացնեին»,- պատասխանում է Ֆելիքս Փիրումյանը:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930