Վաղը՝ ապրիլի 19-ին, մեծ ավտոերթով նշվելու է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացումը։
Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացման գրասենյակի առաջին ղեկավար Ֆելիքս Փիրումյանը մեզ հետ զրույցում հիշեցնում է, որ ի սկզբանե ծրագրի իրականացման հետեւյալ սխեման էր գծվել. այն պետք է կառուցվեր հարավից՝ Սյունիքից, որն ամենաժամանակատար ու ծախսատար հատվածն էր՝ թունելների եւ կամուրջների առկայության պատճառով: Միայն վերջում պետք է հասնեին Աշտարակ-Գյումրի հատվածին, սակայն դեռ նախկին իշխանությունները փոխել են հերթականությունը` սկսել են ոչ թե հարավից, այլ հյուսիսից` Երեւան-Աշտարակ հատվածից, որի կառուցումն ավելի հեշտ էր, ավելի մատչելի եւ ավելի արագ իրականացվող:
«Այն ժամանակ նախատեսվում էր, որ մինչեւ 2017 թվականը ամբողջ ճանապարհը պետք է կառուցված լիներ, բայց երբ մենք չսկսեցինք Սյունիքի հատվածից, ի սկզբանե ակնհայտ էր, որ 2017 թիվը դառնում էր միֆ: Փաստացի, այդպես էլ ստացվեց։ Հիմա 2026 թվականն է, բայց մենք դեռ խոսում ենք, թե երբ պետք է սկսվի ամենածանր հատվածը։ Հիմա որ Մեղրիից դեպի Քաջարան ճանապարհ են կառուցում, երկու անգամ թեթեւ ճանապարհ է, քան ինչ նախատեսված է այս ծրագրով՝ Քաջարան-Սիսիան հատվածով կառուցվելիք ճանապարհը։ Փոխարենն ամենահեշտը Երեւան-Աշտարակ հատվածն էր, որտեղից էլ սկսեցին աշխատանքները»։
Թե ինչու փոխվեց սխեման, Փիրումյանը հետո է հասկացել պատճառները․ «Հաշվի առնելով, որ դեռեւս այն ժամանակ գլուխ ջարդելով ուզում էին այս ծրագիրը շուտ սկսել, բայց քանի որ, բացի այդ հատվածից, մյուս բոլոր հատվածներում աշխատանքները սկսելուց առաջ առաջանում էր հողերի օտարման խնդիր, որը պահանջում էր շատ լուրջ ժամանակ, տարիներ` գուցե, ուստի նախընտրեցին սկսել Երեւան-Աշտարակ ճանապարհից, որը միակ հատվածն էր, որ հողի օտարման անհրաժեշտություն չէր առաջացնում, իսկ մեր իշխանավորներն ի՞նչ էին ուզում՝ առաջին հերթին շուտ սկսել ծախսել ծրագրի փողը, դրա համար իրենց ձեռք տվեց առաջին հատվածն այդ կետից սկսել»: Այսինքն, հնարավորինս շուտ եւ շատ փող ծախսելու համար սկսեցին․ «Հա, դուք մոտավորապես ճիշտ ասացիք»։ Ի դեպ, Փիրումյանը, որ ծրագրի հաստատումից մեկ տարի անց՝ 2010-ի մայիսին է նշանակվել գրասենյակի ղեկավար, հասկանալով, որ իր կոնցեպցիան չի ընդունվում, ամիսներ անց հրաժարվել է պաշտոնից։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո հայտարարություններ արվեցին, թե շարժվելու են ծրագրի հին տրամաբանությամբ` աշխատանքները սկսելու են Սյունիքից, սակայն նախկինների պես նրանք էլ նախընտրեցին փող աշխատելու հեշտ ճանապարհը եւ վաղը Աշտարակ-Գյումրի ճանապարհի բացումն են անելու, ինչպես նախկին վարչապետներն էին ոգեւորված բացում ճանապարհի իրենց կառուցած հատվածները։ «Ծրագրում այս հատվածը՝ Աշտարակ-Գյումրին, վերջին փուլն էր լինելու, այս իշխանություններն էլ, փաստորեն, չցանկացան փոխել եւ գնացին հեշտ ճանապարհով»,- նկատեց Փիրումյանը։ Թե որքան ժամանակ կպահանջվի Սյունիքի հատվածում Հյուսիս-Հարավի կառուցման համար, մեր զրուցակիցը հստակ ժամկետներ չի կարող մատնանշել․ «Ես կարող եմ տրամաբանության սկզբունքով հաշվարկել, որ եթե 2010-ից պետք է մեկնարկեինք ու 2017-ին հասցնեինք, զուգահեռ մյուս հատվածներն էլ սկսեինք եւ կարճ ժամկետներում ավարտեինք, ապա առնվազն 7 տարի կպահանջվի ծրագիրն ավարտելու համար»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































