Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսում հերթական անգամ իր պատկերացրած «ապացուցման չափանիշ»-ն էր փորձում պարտադրել դատական համակարգին՝ զարմանք հայտնելով, որ իբրև թե դիակի վրա կարող ես մարդուն բռնես՝ գնան արդարանան, դուրս գան։
Իհարկե, բերված օրինակը չափազանցված է, սակայն կասկած չունեմ, որ շրջապատի իրավաբանները Փաշինյանին արդեն իսկ բացատրել են, որ առնվազն վերջին 27 տարիների օրենսդրության համաձայն՝ դատարանը, ապացույցների գնահատմամբ, առանձին սենյակում վերդիկտ (նախկինում՝ դատավճիռ) կայացնելիս առաջին հերթին պատասխանում է հարցին՝ թե ապացուցվա՞ծ է արդյոք մեղադրյալի կողմից հանցանքի կատարումը, այլ ոչ թե՝ նա անվերապահորեն կատարել է արդյոք հանցանքը։
Այլ կերպ ասած, երբեմն արդարադատության շահը և օբյեկտիվ իրականությունը կարող են նույնիսկ չհամընկնել, իսկ առաջինը միշտ ունի գերակայություն։ Բացի այդ, կան ապացույցների անթույլատրելիության հանգեցնող դատավարական խախտումներ, որոնց արդյունքում փաստական տվյալները դառնում են օգտագործման համար անթույլատրելի և հանվում են մեղադրանքի հիմքից։ Այս ամենն արտացոլված է ՄԻԵԴ-ի և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում։
Կարդացեք նաև
Համոզմունք ունեմ, որ այսօրվա մամուլի ասուլիսի բանախոսը վերոնշյալը շատ լավ պատկերացնում է, սակայն Իլհամ Ալիևի պատվիրած սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը և ընդդիմադիրների նկատմամբ առավել ապօրինի հաշվեհարդարը, իր խառնվածքի համաձայն, փորձում է «փաթաթել» դատական համակարգի վզին։
Հ.Գ. Ակամա հիշեցի մի դեպք, երբ դեռևս 2009 թվականին ՀՀ լավագույն դատավորներից Մարինե Մելքոնյանն ապացույցների ձեռքբերման անթույլատրելիության հիմքով արդարացրել և արգելանքից ազատ էր արձակել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող ու իրենց մեղքն ընդունող երկու ամբաստանյալներին, վերջիններս դատարանից դուրս գալիս միմյանց հարց էին ուղղել՝ հիմա չհասկացանք, էս «պլանը» մերը չէ՞ր։
Արդարադատությունն այդպիսին է, հաճախ նաև անկանխատեսելի այն անձի համար, ում նկատմամբ իրագործվում է։ Իսկ իրավունքը զարգացել է ևս 17 տարի, Փաշինյան Նիկո՛լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ…»։


















































