Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարց է առաջնում՝ մանդատները վերցնում եք, ի՞նչ անեք, 5 տարվա փորձը մեզ ոչինչ չհուշե՞ց»․ Խոսրով Հարությունյան

Հուլիս 05,2026 20:58 Share

«Սահմանադրական դատարանն անհիմն մերժեց 7 ուժերի պահանջը։ Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, այսօրվա ամենահիմնական հարցն է՝ մանդատները վերցնել, թե՞ չվերցնել։ Հարց է առաջնում՝ մանդատները վերցնում եք, ի՞նչ անեք, 5 տարվա փորձը մեզ ոչինչ չհուշե՞ց։ Չէ՞ որ 5 տարի մենք ԱԺ-ում ունեինք լավ էլ կռիվ տվող ընդդիմություն, բայց դա, ըստ էության, խնդրի լուծում չէր»,- «Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը։

Նա նշեց, որ ընդդիմության կողմից պահանջներ պետք է ներկայացվեն, ինստիտուցիոնալ հնարավորություններ պետք է ստեղծվեն, որ ընդդիմության կարծիքը հաշվի առնվի։ Առանց ընդդիմության կարծիքը հաշվի առնելու, չեն կարող ԱԺ բնականոն կենսագործունեությունն ապահովել։ Եթե այս պահանջները չեն ներկայացվում ընդդիմության կողմից, ապա մանդատները վերցնելը ոչինչ չի տա։ Ըստ Խոսրով Հարությունյանի՝ անհամեմատ ավելի նպաստավոր է բոյկոտել ու մանդատները չվերցնել ընդհանրապես, քան այս պայմաններում վերցնել։

Խոսրով Հարությունյանի խոսքով՝ ընդդիմությունը պետք է ինստիտուցիոնալ հնարավորություններ ունենա քաղաքական որոշումների կայացման գործընթացում։ «Այսօր կենաց-մահու կռիվ էր տրվում 64 մանդատ ստանալու համար, որովհետեւ 64 մանդատը հնարավորություն էր տալիս սահմանադրական մեծամասնություն ունենալու։ Հիմա ո՞րն  է սրա դեմն առնելու ճանապարհը, ես կարծում եմ՝ Սահմանադրությունը որոշ փոփոխություն պետք է կրի։ Ես տեղյակ եմ, որ վերեւից սահմանափակումը ոչ բոլոր սահմանադրագետներն են ընդունում, բայց ես գտնում եմ, որ դա ճիշտ է, այսինքն՝ որեւէ քաղաքական ուժ, առավել եւս մեր քաղաքական մշակույթի պայմաններում, բացարձակ մեծամասնություն չպետք է ունենա։ Կայունության համար թող ինքը ձեւավորի իշխանություն, բայց ոչ բացարձակ մեծամասնություն։ Երկրորդը, որը շատ էական է, ըստ էության քաղաքական մեծամասնությունը ձեւավորում է կառավարություն, եւ ԱԺ-ում քաղաքական մեծամասնության շարունակությունը լինում է գործադիրում։ Հետեւաբար, իշխանության տարանջատման եւ փոխադարձ զսպումների, հակակշռման համակարգը պետք է ձեւավորվի ոչ թե կառավարության ու օրենսդիրի միջեւ, այլ օրենսդիրում քաղաքական մեծամասնության եւ փոքրամասնության միջեւ։ Սա նշանակում է հետեւյալը, օրինակ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը պարտադիր պետք է լինի ԱԺ քաղաքական փոքրամասնության ներկայացուցիչ կամ  Հաշվեքննիչ պալատի նախագահը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ, Մարդու իրավունքների պաշտպանը պետք է անպայման լինի ընդդիմության ներկայացուցիչ»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Հանրային քննարկումը կազմակերպել էր Հանրային դաշինք քաղաքացիական նախաձեռնությունը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Քննարկման ժամանակ ընդգծվեց, որ միահեծան իշխանության բացառման սկզբունքը համախմբում է գրեթե բոլորին, շատ քիչ քաղաքական ուժեր կան, որոնք դրա հետ համաձայն չեն։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031