Լրահոս
Օրվա լրահոսը

ArcaPay, ArcaQR, Arca-ով վճարումների հնարավորություն ՀՀ-ից դուրս. Arca-ն ներկայացրեց առկա և ապագա ծրագրերը

Հուլիս 07,2026 23:58 Share

Դեռևս 26 տարի առաջ՝ 2000 թվականին, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և ՀՀ-ում գործող տասը առևտրային բանկերի նախաձեռնությամբ հիմնադրվեց Հայաստանի ազգային վճարային համակարգը՝ Arca-ն (Armenian Card):

Նկատենք, որ բազմաթիվ երկրներ չունեն սեփական վճարային համակարգեր և օգտվում են միայն միջազգային հայտնի վճարային համակարգերից՝ Visa, Master, Amex և այլն: Այնինչ ընդամենը ինը տարվա պատմություն ունեցող Հայաստանի Հանրապետությունում հիմնադրվեց իր սեփական վճարային համակարգը:

Այս տարիների ընթացքում Arca-ն ոչ միայն չընկրկեց միջազգային մյուս համակարգերի առջև, այլև զարգացավ ու դարձավ Հայաստանի տարածքում կարևորագույն վճարային ենթակառուցվածք՝ ապահովելով անվտանգ, հուսալի և ժամանակակից վճարումների ու փոխանցումների հնարավորություններ։

Այսօր Arca ընկերության ղեկավարությունն ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու այս քսանվեց տարիների ընթացքում ընկերության անցած ճանապարհը, ինչպես նաև հետագա նպատակներն ու տեսլականը։

Ընկերության խորհրդի նախագահ Հովհաննես Խաչատրյանը ներկայացրեց ընկերության կառուցվածքը: Arca-ի բաժնետերերն են Հայաստանի Կենտրոնական բանկը՝ 55%, և ՀՀ-ում գործող առևտրային բանկերը (բոլորով միասին՝ 45%, յուրաքանչյուրը՝ 1,25-6,25 %-ի չափով):

Խորհուրդը կազմված է յոթ հոգուց, ունի երեք ներկայացուցիչ ՀՀ բանկերից, երեք անկախ անդամ և մեկ ներկայացուցիչ՝ հիմնական բաժնետեր հանդիսացող Կենտրոնական բանկից, որը խորհրդի նախագահն է։

Arca-ի կառավարման համակարգն աշխատում է կուռ կառուցվածքով՝ ներքին աուդիտ, հսկողական տարբեր համակարգեր, կոմիտեներ և այլն: Ըստ խորհրդի նախագահի՝ 2024 թվականին էական փոփոխություններ են կատարվել գործադիր մարմնում՝ նոր, բարձր պրոֆեսիոնալներ են համալրել Arca-ն տարբեր կազմակերպություններից, նորարարական ծրագրեր են ներդրվել։

Arca-ի գլխավոր առաքելությունը Հայաստանի վճարային համակարգի սուվերենության, ինքնիշխանության պահպանումն է՝ ծառայությունների անխափանության և համակարգի անվտանգության ապահովմամբ։

Ընկերության խորհրդի նախագահը նաև ասաց, որ Arca-ի ներդրումից ի վեր ստեղծվել է ազգային քարտային համակարգը (2000թ.), թողարկվել են առաջին տեղական (Arca) (2001թ.) եւ ինտեգրվել են միջազգային քարտերը (Visa, Master) (2002թ), ներդրվել են միջազգային անվտանգության ստանդարտները (2005թ.՝ POS եւ ATM միջազգային սերտիֆիկացում, 2007թ.՝ PSI DSS հավաստագրում), թողարկվել է առաջին չիպային քարտը ՀՀ-ում (2008), գործարկվել է Arca վճարային պորտալն ու առաջինը Հայաստանում՝ Arca հավելվածը (2010թ.), ինտեգրվել են միջազգային AmEx, UnionPay, Dinners Club համակարգերը (2011-2016թթ.), գործարկվել է ՀՀ-ում առաջին բջջային հավելվածը (2018թ.), թողարկվել է  ՀՀ առաջին անհպում քարտը (2019թ.), Հայաստանում հասանելի են դարձել Apple Pay-ն ու Google Pay-ը (2021-2023թ.), 2024 թվականին մեկնարկել է ArcaPay-ը՝ որպես տարբեր ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների միջև ակնթարթային փոխանցումների առաջին միասնական համակարգ, իսկ արդեն 2025 թվականին ներդրվել է ArcaQR միասնական վճարային համակարգը, 2026թ. իրականացվել է Arca քարտերով 2%-ի հետվճարային ծրագիրը: Բացի նրանից, որ Arca-ն ինքնուրույն վճարային համակարգ է, այն նաև միավորում է Հայաստանի վճարահաշվարկային համակարգի հիմնական մասնակիցներին։

Arca-ի խորհրդի անդամ Արա Աբրահամյանը նկատեց, որ Arca-ի համար այսօր խիստ կարևոր է այս բնագավառում աշխարհում ընթացող նորարարական զարգացումներից հետ չմնալը և համակարգի անխափանության ապահովումը։ Նա նաև խորին շնորհակալություն հայտնեց համակարգի ողջ աշխատակազմին՝ անքուն գիշերներով լի աշխատանքի համար, որի արդյունքում կայացել է և անշեղորեն զարգանում է Arca-ն։

Arca-ի վարչության նախագահ և գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանն էլ անդրադարձավ իրենց հիմնական գործունեությանը և ներկայացրեց Arca-ի ցուցանիշները՝ վերջին տարիների կտրվածքով։

«Ունենք երկու արդեն իսկ գրանցված հայաստանյան վճարահաշվարկային համակարգեր՝ ԱՐՔԱ պրոցեսինգային համակարգը, որն իր մեջ ներառում է երկու բաղադրիչ՝ նախ՝ Arca քարտային համակարգը, ինչպես աշխարհում հայտնի Visa, Master և այլ համակարգերը (ի դեպ, մենք բացառիկ երկրներից ենք, որ ունենք մեր ազգային քարտային համակարգը), և երկրորդ բաղադրիչը՝ պրոցեսինգային բաղադրիչն է, որն իրենից ենթադրում է բոլոր անդամ բանկերի կողմից թողարկված քարտերով իրականացվող վճարումներ, փոխանցումներ, կանխիկացումներ՝ թե՛ ՀՀ տարածքում, թե՛ արտասահմանում: Եվ մեր անդամ բանկերի կողմից սպասարկվող ֆիզիկական POS-տերմինալները, բանկոմատներն ամբողջությամբ ևս սպասարկվում են մեր համակարգի միջոցով։ Մյուս հայաստանյան վճարահաշվարկային համակարգը ներկայացնեմ, դա նոր համակարգ է, 2024 թ. ենք գործարկել, կոչվում է ArcaPay՝ վճարումների և փոխանցումների համակարգ: Սրա նորարարությունն այն է, որ ոչ թե քարտերով են իրականացվում, այլ՝ բանկային հաշիվներով: Ֆիզիկական անձանց միջև ակնթարթային փոխանցումները Arca համակարգի մեջ կատարվում են հեռախոսի համարով»։-ասաց նա:

ArcaPay համակարգին միացել է տասներկու բանկ, փոխանցումները կատարվում են ակնթարթորեն՝ առանց որևէ գանձման։ Ներդրվել է նաև ArcaQR համակարգը, որն ավելի նորարարական է, դրան առայժմ միացել են ութ բանկեր։

Պարոն Խաչատրյանի բերած տվյալների համաձայն՝ այսօր Հայաստանում առկա քարտերից 54%-ը Visa են, 23%-ը՝ Arca, 14%-ը՝ Master, իսկ մնացածը՝ այլ քարտեր՝ Amex, Dinners club, UninonPay, չինական և այլն:

Անդրադառնալով Arca համակարգի հասանելիության հարցին՝ պարոն Խաչատրյանը նշեց. «2025 թվականին համակարգի հասանելիությունը՝ պատահարները ներառյալ, եղել է 99,797%, անհասանելիությունը մոտավորապես կազմել է մոտ 17 ժամ, չորս պատահար ենք ունեցել մեծ: Դրանք գաղտնիք չեն, այդ մասին մենք հրապարակային խոսել ենք, մեր դասերը քաղել ենք, բոլոր պատահարները հիմա կանխարգելված են: Հիմա մեր թիմն ամբողջությամբ լծված է այնպիսի աշխատանքներ իրականացնելու, որպեսզի հնարավորինս չեզոքացվեն, իսկ տեղի ունենալու պարագայում հնարավորինս արագ վերականգնվեն խափանումները: Ինչ վերաբերում է 2026 թվականին համակարգի հասանելիությանը, այս տարվա ընթացքում ապահովվել է 99, 999% հասանելիություն՝ պատահարները ներառյալ: Այսինքն վեց ամիսների ընթացքում ընդամենը վեց րոպե է համակարգն անհասանելի եղել պատահարների պատճառով, իսկ ներառված պլանային աշխատանքներն էլ հետը՝ ընդհանուր առմամբ ընդամենը 49 րոպե է կազմել անհասանելիությունը»:

Կանխիկ գործարքները էականորեն նվազել են 2% հետվճարի ներդրման արդյունքում։ Եթե 2022 թ. կանխիկ գործարքների ծավալը կազմում էր ընդհանուրի 66%-ը (1,99 տրիլիոն դրամ), ապա 2025թ.- ին՝ 49%-ը (2,56 տրիլիոն դրամ): Իսկ քանակական առումով շատ ավելի տպավորիչ է տարբերությունը. 2022թ. 22%-ի փոխարեն 2025-ին ընդամենը 8%-ն է եղել կանխիկ գործարք:

 

464 հազար քարտապան հետվճար է ստացել։ Կանխատեսվել էր, որ 2026-ին կլինի 7 մլրդ դրամի հետվճար, որից 3,5 մլրդը՝ կառավարության, մյուս 3,5 մլրդը՝ Arca-ի կողմից։ Այսօրվա դրությամբ իրականացվել է 2,6 մլրդ դրամի հետվճար։

Ըստ Arca-ի խորհրդի նախագահի՝ իրենք կառավարությանը ներկայացրել են վերլուծություն, որի համաձայն՝ հետվճարային համակարգի արդյունքները դրական են համարում, կանխիկացումները կտրուկ նվազել են։ «Կախված կառավարության կողմից բյուջետավորումից, կտեսնենք, թե հետվճարային համակարգն ինչ ֆորմատով կշարունակենք: Կառավարության պատրաստակամության դեպքում մենք պատրաստ ենք շարունակել ծրագիրը», – հետվճարային համակարգը հետագայում ևս շարունակելու վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց պարոն Խաչատրյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել