Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք։
Օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանում գործող մարզաառողջարարական համալիրներից մեկը համակարգված կերպով թերհայտարարագրում է իր գործունեությունից ստացված եկամուտները՝ էականորեն նվազեցնելով պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունները։
Ստացված տեղեկությունների իրացման նպատակով Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները մշակել, ձեռնարկել և իրականացրել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ուսումնասիրվել են ընկերության գործունեությանն առնչվող էլեկտրոնային տվյալները, ներքին հաշվառման փաստաթղթերն ու գործունեության իրական ծավալներն արտացոլող տեղեկատվությունը։ Ձեռք բերված տվյալների համալիր ուսումնասիրության, վերլուծության և հարկային մարմնի տեղեկատվական բազաներում առկա տվյալների հետ համադրման արդյունքում բացահայվտել են ընկերության հարկային հաշվառման և գործունեության իրական ծավալների միջև էական անհամապատասխանություններ։
Պարզվել է, որ 2023-2024 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում չի արտացոլել շուրջ 2.6 միլիարդ դրամի շրջանառություն, ինչի հետևանքով պետական բյուջե չի հաշվարկվել և չի վճարվել ավելի քան 832 միլիոն դրամի հարկային պարտավորություն։
Կարդացեք նաև
Սակայն բացահայտված փաստերն այսքանով չեն սահմանափակվել։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է նաև, որ հարկային բեռը նվազեցնելու նպատակով ընկերության գործունեության մի մասը ձևականորեն իրականացվել է նախկին աշխատակիցների անուններով գրանցված իրավաբանական անձանց միջոցով, որոնք գործել են հարկման հատուկ համակարգում։ Այդ մեխանիզմի կիրառման արդյունքում շուրջ 158 միլիոն դրամի շրջանառություն դուրս է մնացել ընկերության կողմից ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկներից, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել ևս 17 միլիոն դրամից ավելի հարկային պարտավորություն։
Այսպիսով, բացահայտված խախտումների հետևանքով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 849 միլիոն դրամ։ Ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել վարույթ իրականացնող մարմին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, և իրականացվում է նախաքննություն։
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողականորեն շարունակում է պայքարը ստվերային տնտեսության բոլոր դրսևորումների դեմ։ Հարկերից խուսափելուն ուղղված յուրաքանչյուր սխեմա ենթակա է բացահայտման, իսկ օրենքը շրջանցելու յուրաքանչյուր փորձ՝ իրավական գնահատականի։
Մանրամասները՝ տեսանյութում․
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՀՀ պետական եկամուտների կոմիտե


















































