Ի պատասխան Նինա Կարապետյանցի կողմից սոցիալական ցանցում և մամուլում կատարած մեկնաբանությունների՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հարկ է համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը։
Կազմակերպությունն իր գործունեության ողջ ընթացքում եղել և շարունակում է մնալ անկախ իրավապաշտպան կազմակերպություն։ Կազմակերպության գործունեությունը հիմնված է մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, անկախության, անկողմնակալության և հանրային վստահության պահպանման սկզբունքների վրա։ Իր գործունեության ընթացքում այն մշտապես պահպանել է անկախ դիրքորոշում ցանկացած քաղաքական ուժից, կուսակցությունից կամ շարժումից։
Հարգելով յուրաքանչյուր անձի քաղաքական իրավունքները և ազատ ընտրությունը՝ միևնույն ժամանակ կազմակերպությունը պարտավոր է պահպանել իր չեզոքությունն ու անկախությունը, որպեսզի որևէ կերպ չընկալվի որպես որևէ քաղաքական ուժի հետ նույնականացված կամ համակրող կառույց։ Սա կարևոր նշանակություն ունի կազմակերպության հեղինակության, շահառուների, գործընկերների և միջազգային աջակիցների վստահության պահպանման համար։
Նինա Կարապետյանցը դեռևս 2025 թվականի օգոստոսի 19-ին հրապարակային ելույթի ընթացքում հայտարարել էր, որ դադարեցնում է իր իրավապաշտպան գործունեությունը և անցնում քաղաքական գործունեության դաշտ։ Այդ մասին կազմակերպության անդամները տեղեկացել են նրա հրապարակային հայտարարությունից հետո։
Կարդացեք նաև
Առաջարկվել էր քննարկել Ն․ Կարապետյանցի անդամակցության հետագա հարցը՝ հաշվի առնելով նրա գործունեության փոփոխությունը և կազմակերպության կառավարմանը ու գործունեությանը նրա մասնակցության բացակայության հանգամանքը։ Սակայն, հարգելով նրա երկարամյա ներդրումը կազմակերպության գործունեության մեջ և ցանկանալով խուսափել որևէ քայլից, որը կարող էր ընկալվել որպես նրա քաղաքական գործունեության վրա ազդեցություն կամ վնասել նրան նախընտրական և հետընտրական գործընթացների ընթացքում, հարցի քննարկումը հետաձգվել էր։
Հիմք ընդունելով վերոնշյալը՝ 2026 թվականի հուլիսի 3-ին կայացած անդամների արտահերթ ժողովում հարցը քննարկվել է և որոշում է կայացվել դադարեցնել Նինա Կարապետյանցի անդամակցությունը կազմակերպությանը։
Միաժամանակ ընդունում ենք, որ անդամակցության դադարեցման վերաբերյալ ծանուցման մեջ օգտագործված առանձին ձևակերպումը կարող էր լինել ավելի հստակ և նրբանկատ։ Կազմակերպությունը նպատակ չի ունեցել որևէ կերպ գնահատելու Ն․ Կարապետյանցի անձնական ընտրությունը կամ քաղաքական գործունեությունը։
Կազմակերպությունը շարունակելու է իրականացնել իր առաքելությունը՝ առաջնորդվելով բացառապես մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներով։
Հելսինկյան ասոցիացիա


















































