Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ՀՀ դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ներդրվում է հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության առավել կայուն համակարգ

Հուլիս 09,2026 17:11 Share

Երևան, հուլիսի 9, 2026 թ. – Հայաստանը կարևոր քայլ է կատարել դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (MHPSS) համակարգի ամրապնդման ուղղությամբ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ) հետ համագործակցությամբ և Ճապոնիայի կառավարության Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից ֆինանսական աջակցությամբ իրականացված նախաձեռնությունը նպաստել է կրթական համակարգի կարողությունների զարգացմանը՝ փախստական և ընդունող համայնքների երեխաներին առավել արդյունավետ աջակցելու համար: Միաժամանակ այն աջակցել է նախարարության ջանքերին՝ ուղղված կրթական համակարգում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության միասնական շրջանակի ձևավորմանը և դրա ինստիտուցիոնալացմանը։

Դպրոցներն ու նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարևոր դեր ունեն երեխաների հոգեկան առողջության և բարեկեցության ապահովման գործում։ Ավելի քան 36 000 երեխայի ընտանիքների հետ միասին տեղահանությունից հետո դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայությունների հզորացումը դարձավ հրատապ անհրաժեշտություն՝ օգնելու փախստական երեխաներին հաղթահարել ճգնաժամի հետևանքները, շարունակել կրթությունը և հաջողությամբ ինտեգրվել նոր կրթական միջավայրում՝ միաժամանակ աջակցելով նաև ընդունող համայնքների երեխաներին։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՄԿ-ն համատեղ աշխատել են դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների կարողությունների ամրապնդման ուղղությամբ՝ աջակցելու փախստական և ընդունող համայնքների երեխաների հոգեկան առողջությանն ու հոգեսոցիալական բարեկեցությանը։ Համագործակցության արդյունքում մշակվել են կրթության ոլորտի համար նախատեսված Հայաստանում առաջին «Հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության շրջանակը» (MHPSS Framework for Education) և 2025–2028 թվականների գործողությունների ծրագիրը, որը սահմանում է կրթական հաստատություններում համապատասխան ծառայությունների մատուցման ուղղությունները։ Միաժամանակ, ուսուցիչները, հոգեբաններն ու մանկավարժները ստացել են գործնական ուղեցույցներ և աշխատանքային գործիքներ։ Այս մոտեցումները փորձարկվել են ութ դպրոցում և ութ նախադպրոցական ուսումնական հաստատությունում՝ հիմք հանդիսանալով ամբողջ երկրում դպրոցահենք հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության առավել համակարգված ծառայությունների ներդրման համար։

Ավելի քան 3000 ուսուցիչ, հոգեբան, դպրոցի տնօրեն և նախադպրոցական հաստատության աշխատակից մասնակցել է կարողությունների զարգացման վեց ծրագրի՝ ամրապնդելով երեխաների հոգեսոցիալական կարիքները ժամանակին բացահայտելու, անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու և համապատասխան մասնագիտական ծառայությունների ուղղորդելու իրենց կարողությունները։ Նախաձեռնությունը նաև նպաստել է դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում ուսուցիչների, հոգեբանների և ղեկավար կազմի միջև համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև առողջապահական և սոցիալական ծառայությունների հետ համակարգման բարելավմանը՝ ապահովելու, որ երեխաները ժամանակին և համապարփակ աջակցություն ստանան։

Նախաձեռնության կարևոր ձեռքբերումներից է ներդրումը ՀՀ կրթական համակարգի հզորացման գործում։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է դպրոցահենք հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության նոր ազգային ուղեցույցները և սահմանել կրթական հաստատություններում Երեխայի պաշտպանության թիմերի ձևավորման պահանջը։ Այս քայլերը հիմք են ստեղծում Հայաստանի ողջ կրթական համակարգում դպրոցահենք հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության հետևողական և որակյալ ծառայությունների ընդլայնման համար։

Դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում ծառայությունների հետագա զարգացման նպատակով մշակվել են նաև դպրոցի հոգեբանի մասնագիտական նկարագիրը՝ սահմանելով նրա դերը, պարտականություններն ու ուղղորդման մեխանիզմները, ինչպես նաև հոգեբանների աշխատասենյակների նախագծման և կահավորման մոդելային ուղեցույցը։ Ճապոնիայի կառավարության շարունակական աջակցության շնորհիվ 2026 և 2027 թվականներին փորձնական ծրագրում ընդգրկված կրթական հաստատություններում կհիմնանորոգվեն և կհագեցվեն հոգեբանների աշխատասենյակները՝ ստեղծելով օրինակելի միջավայրեր, որոնք հետագայում կարող են կիրառվել նաև այլ կրթական հաստատություններում։

Նախաձեռնության ամփոփիչ միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության, Հայաստանում Ճապոնիայի դեսպանության, JICA-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, կրթական հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և զարգացման գործընկերների ներկայացուցիչներ։ Վերջիններս անդրադարձել են կրթական համակարգում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ամրապնդման ուղղությամբ արձանագրված առաջընթացին և դրա կայուն ինստիտուցիոնալացմանն ուղղված հետագա քայլերին։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև ուսուցիչների, մանկավարժների և հոգեբանների համար մշակված գործնական ուղեցույցներն ու գործիքները, ինչպես նաև աշակերտների նախաձեռնությունները, որոնք նպաստում են հուզական բարեկեցությանը, դիմակայունության ձևավորմանը և փախստական ու այլ խոցելի խմբերի երեխաների ներառմանը։

«Երեխաները չեն կարող լիարժեք սովորել և զարգանալ, եթե իրենց ապահով, աջակցված և հոգեպես լավ չեն զգում», – նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին։ «Այս համագործակցության շնորհիվ մենք նպաստել ենք դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների կարողությունների ամրապնդմանը՝ ժամանակին բացահայտելու աջակցության կարիք ունեցող երեխաներին, ապահովելու անհրաժեշտ արձագանքը և ստեղծելու անվտանգ ու ներառական կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա, այդ թվում՝ փախստական և այլ խոցելի խմբերի երեխաները, կարող են իրացնել իրենց ամբողջ ներուժը։ Այս առաջընթացը ամուր հիմք է ստեղծում երեխաների հոգեսոցիալական դիմակայունության ամրապնդման և ՀՀ կրթական համակարգում հոգեկան առողջության որակյալ ծառայությունների ընդլայնման համար»։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է. «Ժամանակակից կրթությունը պահանջում է, որ դպրոցներն արձագանքեն ոչ միայն երեխաների կրթական, այլև նրանց հուզական և սոցիալական զարգացման կարիքներին։ Բարեփոխումներն իրական արժեք են ստանում, երբ հասնում են դասարան։ Մեր խնդիրն է առավել զգայուն և խոցելի երեխաներին նախապատրաստել տարբեր մարտահրավերների դիմակայմանը»։

ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանն ամփոփել է. «Թերևս այս համագործակցության ամենակարևոր արդյունքն այն է, որ դպրոցներն այսօր ավելի պատրաստ են նկատելու, թե երբ է երեխան աջակցության կարիք ունենում, և արձագանքելու՝ նախքան նա ստիպված կլինի միայնակ հաղթահարել իր դժվարությունները»։

Արդեն 33 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, կրթված և խնամված: Հիմնվելով 80-ամյա միջազգային փորձի և Հայաստանում ավելի քան երեք տասնամյակի ընթացքում գրանցված ձեռքբերումների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է բարելավելու ամենախոցելի երեխաների կյանքը:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

ՅՈՒՆԻՍԵՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031