Նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) աջակցությամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստը։
Նիստի թեման էր «Անվտանգ առցանց տիրույթ․ ժամանակակից մարտահրավերներ, անձնական տվյալների պաշտպանություն»։
Ողջույնի խոսքով հանդես են եկել և քննարկվող թեմայի շուրջ դիտարկումներ են ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորել է ներկաներին Երեխաների համաշխարհային օրվա առթիվ։ Նա կարևորել է երեխայի նկատմամբ հարգանքն ու արժանապատիվ վերաբերմունքը և նրա իրավունքների լիարժեք իրացման ապահովումը՝ ընդգծելով, որ դրանք իրավական պետության կայացման և առողջ, համերաշխ ու մարդակենտրոն հասարակության ձևավորման կարևոր նախապայմաններից են։
Կարդացեք նաև
«Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն իր գործունեության շրջանակում շարունակաբար ուշադրության կենտրոնում է պահում երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը՝ հետևողականորեն բարձրաձայնելով առկա խնդիրները և ներկայացնելով դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ»,– մասնավորապես նշել է Պաշտպանը։
Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կառույցներին, մասնավորապես՝ ՄԱԿ-ին և ՅՈՒՆԻՍԵՖ-ին, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում սերտ համագործակցության համար։
Միջոցառմանը ներկա է եղել նաև «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի հերթական մասնակից Ալեքս Մոսիկյանը։
Նիստի ընթացքում Անահիտ Մանասյանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին՝ առանձնակի կարևորելով թվային միջավայրում նրանց իրավունքների և անվտանգության ապահովումը։
Պաշտպանն ընդգծել է, որ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները երեխաներին զարգացման, կրթության, տեղեկատվություն ստանալու և հաղորդակցվելու լայն հնարավորություններ են ընձեռում։ Միաժամանակ առցանց միջավայրում երեխաները կարող են ենթարկվել կիբերբուլինգի, բռնության կամ շահագործման, բախվել իրենց անձնական տվյալների ոչ իրավաչափ տարածման կամ տարիքին անհամապատասխան բովանդակության ազդեցության ռիսկին։
Անահիտ Մանասյանի դիտարկմամբ՝ երեխաների առցանց անվտանգության ապահովումը պահանջում է տեխնիկական ու վերահսկողական միջոցների կիրառման հստակ մեխանիզմի ներդրում և այնպիսի միջավայրի ձևավորում, որտեղ երեխաները կարող են օգտվել թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից՝ պաշտպանված լինելով իրենց իրավունքների խախտումներից։
«Երեխայի իրավունքների պաշտպանությունը պետք է ապահովվի նաև թվային միջավայրում։ Երեխան պետք է հնարավորություն ունենա անվտանգ օգտվելու ժամանակակից տեխնոլոգիաներից, ազատ արտահայտելու իր կարծիքը, ստանալու տեղեկատվություն՝ միաժամանակ պաշտպանված լինելով բռնությունից, շահագործումից և իրավունքների այլ խախտումներից»,– նշել է Պաշտպանը։
Այս համատեքստում Պաշտպանը կարևորել է պետության և մյուս դերակատարների ներգրավվածությունը՝ խնդրին ինստիտուցիոնալ լուծումներ տալու համար։ Նրա խոսքով՝ երեխաների անվտանգությունն ապահովելու միջոցառումները պետք է զուգակցվեն նրանց իրավունքների նկատմամբ հարգանքով և հաշվի առնեն նրանց տարիքային առանձնահատկությունները։
«Երեխաների պաշտպանության հարցերում կարևոր է ոչ միայն արձագանքել արդեն իսկ տեղի ունեցած խախտումներին, այլև կանխարգելել հնարավոր վտանգները, բարձրացնել երեխաների, ծնողների և համապատասխան մասնագետների իրազեկվածությունը։ Այս գործընթացում անհրաժեշտ է բոլոր պատասխանատու կառույցների հետևողական և համակարգված համագործակցությունը»,– ընդգծել է Անահիտ Մանասյանը։
Խորհրդի նիստի ժամանակ առանձնակի ուշադրություն է դարձվել անձնական տվյալների պաշտպանությանը և անվտանգ թվային միջավայրի ձևավորմանն ուղղված առաջարկություններին։
Հարցուպատասխանի ձևաչափով քննարկմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և դրան կից աշխատանքային խմբի անդամները։
Նիստից հետո Երեխաների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումները կշարունակվեն։
Նախատեսվում է այցելություն Հայաստանի ֆոնդային բորսա (AMX), որտեղ Մարդու իրավունքների պաշտպանի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հայաստանի ֆոնդային բորսայի ներկայացուցիչները երեխաների հետ կմասնակցեն «Զանգը՝ հանուն երեխաների իրավունքների» խորագրով խորհրդանշական արարողությանը։ Զանգը կհնչի՝ հանրության ուշադրությունը հրավիրելու երեխաների իրավունքների պաշտպանության կարևորության և այդ ուղղությամբ համատեղ ջանքերի անհրաժեշտության վրա։
Օրվա միջոցառումները կամփոփվեն «Նամակ ապագայից» խորագրով համերգով, որը կազմակերպվում է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի։
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ



















































