Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյանը Ֆրանսիայի ազգային կրթության նախարարին ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումները

Հուլիս 09,2026 23:40 Share

Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեի հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև կրթության ոլորտում ձևավորված արդյունավետ և շարունակական համագործակցությունը՝ վերահաստատելով համատեղ ծրագրերը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամությունը։

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգում իրականացվող հիմնական բարեփոխումները՝ առանձնահատուկ անդրադառնալով կրթական համակարգում արհեստական բանականության ինտեգրմանը։ Մասնավորապես՝ նա առանձնացրել է ավագ դպրոցներում ԱԲ սերունդ, STEP.AI կրթական ծրագրերը, ինչպես նաև «AI Generation» բազմաստիճան կրթական նախաձեռնությունը, որն ուղղված է ԱԲ ոլորտում մասնագետների պատրաստմանը՝ դպրոցից մինչև հետբուհական կրթություն։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև ԿԳՄՍ նախարարության և OpenAI միջազգային ընկերության համագործակցությունը, որի շրջանակում ChatGPT Edu գործիքը հասանելի կդառնա Հայաստանի կրթական համայնքին՝ առաջիկա սեպտեմբերից ապահովելով շուրջ 50 հազար բաժանորդագրություն ուսանողների, ուսուցիչների և հետազոտողների համար։

Այս համատեքստում քննարկվել են նաև երկու երկրների միջև փորձի փոխանակման և հնարավոր համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։

Անդրադարձ է եղել նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրերին՝ կարևորելով Փարիզում գործող «Թումո» կենտրոնի մասնաճյուղի գործունեությունը, որտեղ ևս մեծ ուշադրություն է դարձվում արհեստական բանականության ինտեգրմանը կրթական ծրագրերում։

Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեն, ողջունելով ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությանը, բարձր է գնահատել Հայաստանի հետ կրթության ոլորտում ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն հիմնված է փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Նա կարևորել է Հայաստանում ֆրանսերենի ուսուցման զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերը՝ նշելով, որ դրանք նպաստում են ոչ միայն լեզվի տարածմանը, այլև երկու երկրների միջև բազմակողմ կապերի ամրապնդմանը։

Էդուարդ Ժեֆրեն ևս ներկայացրել է արհեստական բանականության ուղղությամբ Ֆրանսիայի կրթական համակարգում իրականացվող նախաձեռնությունները՝ նշելով, որ ԱԲ գրագիտությունը դպրոցական ծրագրերում ներառված է որպես առանձին ուսումնական բաղադրիչ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև նախադպրոցական կրթության ոլորտում փորձի փոխանակմանը, քննարկվել է դաստիարակների մասնագիտական վերապատրաստման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը։

Նշելով, որ որ 2019 թվականից նախադպրոցական կրթությունը Ֆրանսիայում դարձել է պարտադիր և անվճար՝ Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը ներկայացրել է ոլորտի հիմնական առանձնահատկությունները։

Հայաստանի և Ֆրանսիայի նախարարները քննարկել են նաև երեխաների կողմից սոցիալական ցանցերի չափազանց ակտիվ օգտագործման խնդիրը՝ ընդգծելով, որ մշակվում են համապատասխան քայլեր և կարգավորումներ՝ դպրոցականների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու և վերահսկելու ուղղությամբ՝ այդ կերպ ապահովելով նրանց համար անվտանգ թվային միջավայր։

Ժաննա Անդրեասյանն առաջարկել է ձևավորել երկու նախարարությունների միջև առավել համակարգված և երկարաժամկետ համագործակցության օրակարգ՝ ակտիվացնելով փորձի փոխանակման և ծանոթության երկկողմ այցերը։

Կողմերը վերահաստատել են կրթության ոլորտում համագործակցության հետագա խորացման պատրաստակամությունը։

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031