Aravot.am-ի տեղեկություններով, երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում՝ «Սև Բերդ» ամրոցի մոտակայքում։
12-ամյա տղան, «Սև Բերդ» ամրոցի մոտ հեծանիվ վարելիս, գլուխը խփել է պատին` կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստանալով։ Նա, ըստ նախնական տեղեկությունների, դեպի ամրոց տանող ճանապարհի վերևի հատվածից հեծանվով իջել է դեպի ամրոցի դարպասները`ամենայն հավանականությամբ չկարողանալով կառավարել հեծանիվը։
Մեզ տեղեկացրեցին, որ պատանին Սխուրյանից է, ըմբիշ է։ Գյումրի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը մեզ փոխանցեց, որ երեկ՝ ժամը 11.10 հիվանդանոց են տեղափոխել Ա.Վ.-ին` պոլիտրավմայով, գլխուղեղի բաց վնասվածքով։ Նրա մոտ եղել է ագոնալ վիճակ: Ցավոք, նրա կյանքը փրկել չի հաջողվել. վնասվածքները եղել են կյանքի հետ անհամատեղելի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































