Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմտեքստիլ»-ն ընդդեմ ՊՆ-ի գործը բեկանվել է

Հուլիս 17,2026 12:30 Share

«Արմտեքստիլ» ՍՊ ընկերությունը դիմել էր Երևանի քաղաքացիական դատարան, խնդրելով անվավեր ճանաչել գնման պայմանագիրը։ Նկատենք, որ սա ընկերության առաջին հայցապահանջը չէր։ Երեք տարի առաջ կարճվել է գործերից մեկը, մեկով՝ 2023թ. հոկտեմբերի 5-ին վճիռ է կայացվել։ Գործը վերաբերել էր «Կտոր կոմուֆլյաժ 50% բամբակ, 50% նեյլոն 1,50 լայնքով» ապրանքատեսակի խմբաքանակը պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանելու հիմքով՝ պաշտպանության նախարարի  հրամանով մատակարարին վերադարձվելուն։

Այս վճռին ընկերության հետագա դատերին անդրադառնում են հաճախ, մեջբերելով վճռում տեղ գտած ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի՝ ՀՀ ԶԼՄ-ներին 2023թ. փետրվարի 2-ին  հայտնածին. «Հայաստանի զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է փոփոխել ԶՈՒ անձնակազմի հանդերձանքը, այդ թվում՝ դաշտային, ամենօրյա, գրասենյակային, կուրսանտական և համազգեստի այլ տեսակները»։ Նշված գործով էլ հաշտության համաձայնագիր է կնքվել։ Ընկերությունն ընդունել է, որ Նախարարության և Ընկերության միջև ՀՀ ՊՆ կարիքների համար 2021թ. նոյեմբերին կնքված իքս- ծածկագրով գնման պայմանագրի տեխնիկական բնութագրին համապատասխան և Պայմանագրին կից Համաձայնագրով, 2022թ. երրորդ եռամսյակում պետք է մատակարարեր 340000 մ2 կտոր, սակայն մատակարարված 313718․05 մ2, կտորը պայմանագրին կից տեխնիկական բնութագրին չհամապատասխանելու պատճառով չի ընդունվել։

Մեկ այլ գործ էլ՝ ԵԴ2/0807/02/24, դռնփակ ընթացակարգով է քննվել։

Այս նոր հայցապահանջով 2024-ի մայիսին հայցը բավարարվել է։ Իսկ անցած տարվա հունվարին վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել վճիռը։

Պաշտպանության նախարարությունը դիմել է Վճռաբեկ դատարան։

Երեկ տեղեկացանք, որ Վճռաբեկ դատարանը հրապարակել է որոշումը։

Այս գործն էլ վերաբերում էր 279մմ չափով ապրանքի գնմանը։ Նախարարության և ընկերության ներկայացուցիչների միջև կնքվել է «Պետության կարիքների համար ապրանքի մատակարարման» պայմանագիր, վաճառողը պարտավորվել է պայմանագրով սահմանված կարգով, ծավալներով, ժամկետներում գնորդին մատակարել ապրանքը։ Գնորդն էլ պետք է ընդուներ, վճարեր ապրանքի համար։ Գնորդն իրավունք ուներ միակողմանի լուծել պայմանագիրը, եթե վաճառողն էականորեն խախտել է պայմանագիրը։

Ապրանքը պաշտպանիչ հանդերձանքն էր՝ ծնկակապերն ու արմնկակապերը։

ՊՆ-ում պարզել էին, որ «ապրանքը հարմար չէ օգտագործման համար»։

Վճռաբեկ դատարանը բավարարել էր պաշտպանության նախարարության բողոքը, բեկանել էր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2025թ. հունվարի 30-ի որոշումը։

Ըստ Վճռաբեկ դատարանի՝ վիճարկվող պայմանագրի միակողմանի լուծման որոշումը կայացվել է իրավաչափ ու այն ենթակա չէ անվավեր ճանչման։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել