Անցնող շաբաթ Հայաստանում ամենաքննարկվող թեման, իհարկե, Փաշինյան–Պուտին բիշքեկյան հանդիպումն էր, այդ թվում ամենաքննարկվող դրվագներից մեկը հանդիպումից անմիջապես հետո ծառայողական մեքենայում արված տեսագրությունն էր, որում Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ շատ լավ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի հետ։ Շատերը թերահավատ են, տարակուսում են, անգամ հեգնում դա։
Ամբողջ հարցն այն է, որ հանրայնորեն չափվող «լավ»-ը մի բան է, Փաշինյանի չափումներովը՝ այլ բան։ Այն, ինչ լավ է Փաշինյանի համար, ամենեւին պարտադիր չէ, որ լավ լինի նաեւ հանրության համար։ Սա վա՞տ է։ Իհարկե։ Բայց այդպես է։ Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ լավ հանդիպում է ունեցել Պուտինի հետ, հանրությունը չափում է, թե լուծվե՞լ են ապրանքների հետ կապված խնդիրները։ Բայց դա սխալ չափում է։ Նիկոլ Փաշինյանին այդ հարցերը չեն հետաքրքրում։ Ավելին, Հայաստանի տնտեսությունը նա վաղուց դարձրել է իր քաղաքական խաղադրույքի մանրադրամ։
Նիկոլ Փաշինյանի համար լավն այն է, որ Ռուսաստանը շարունակում է «թանկացնել» իր՝ Փաշինյանի գինը Արեւմուտքի համար, մասնավորապես՝ ԵՄ–ի համար։ Ինչո՞ւ է Ռուսաստանը «թանկացնում» Նիկոլ Փաշինյանի գինը, եթե Փաշինյանը Հայաստանը կտրում է Ռուսաստանից ու տանում ԵՄ։
Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը ԵՄ–ն է «բերում» Հայաստան՝ այն էլ ժամանակավորապես, ԵՄ «պատասխանատվությամբ» լցնելով այն բացերը, որ այստեղ անվտանգային ճարտարապետության համատեքստում առաջացել են Ռուսաստանի հնարավորությունների եւ դերի նվազման հետեւանքով։ Եվ որպեսզի այդ բացերը չօգտագործվեն Կովկասը իր դեմ երկրորդ ճակատի վերածելու համար, Մոսկվային հարկավոր է լցնել դրանք որեւէ բանով։ Միայն Թուրքիայով լցնելը նույնպես մեծ ռիսկ է, հետո շատ բարդ կլինի վերադարձնելը։ Իսկ Հայաստանի հետ ընդհանուր սահման չունեցող ԵՄ–ով «լցնելը» շատ ավելի շահեկան է, որովհետեւ հետո՝ ուժերը վերականգնելու պարագայում, ԵՄ–ից «ազատվելը» կլինի շատ ավելի դյուրին։
Կարդացեք նաև
Պարզապես, Մոսկվայի համար կա այդ բավականին բարդ հնարքը կառավարելի պահելու հարց։ Իսկ այդ հարցը լուծելու համար էլ պետք է, որ Փաշինյանը ԵՄ հանդեպ ունենա ոչ միայն կարիքներ, այլ նաեւ՝ փաստարկներ։ Բիշքեկում Փաշինյանը ստացավ դրանց նոր պաշար։
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ


















































