Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Փաշինյան, եթե հնարավոր է, եթե լսում եք, բացեք մեր գործարանը, որ կարողանանք ապրենք»․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից

Հուլիս 17,2026 12:55 Share

«Ինչի՞ մեր ձայնը չի հասնում երկրի ղեկավարությանը, անպայման պետք է դիմենք անօրինությունների՞, դուրս գանք, փողոց փակե՞նք, որ մեր ձայնը լսելի դառնա։ Խնդրում ենք երկրի ղեկավարությանը մեր ձայնը լսի, հասկանա, թեկուզ թող պետությունը այս իրավիճակի համար մեզ փոխհատուցում տրամադրի»,- լրագրողների հետ զրույցում վրդովվեց «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցներից մեկը։

Վաղ առավոտից «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները գործարանի առաջ ցույց են անում՝ պահանջելով բացել իրենց աշխատավայրը։ Արդեն 10-ից ավելի օր է իրենց աշխատավայրը փակ է։ 

Լրագրողների հետ զրույցում գործարանի երկարամյա աշխատակիցներից մի կին էլ ասաց․ «Ես խնդրանքով դիմում եմ պարոն Փաշինյանին և կառավարությանը, որ մեր հարցին լուծում տա։ 23 տարի այս հիմնարկում աշխատում եմ, մեր եկամտի միակ աղբյուրն է։ Խնդրում եմ՝ թող շուտ բացեն, աշխատենք։ 23 տարվա մեջ առաջին անգամ է այսպիսի դեպք լինում։ Պարոն Փաշինյան, եթե հնարավոր է, եթե լսում եք, բացեք մեր գործարանը, որ կարողանանք ապրենք»։

Ցույց անող աշխատակիցները դիմեցին ոստիկաններին հարցնելով՝ ո՞վ է իրենց հարցերին պատասխան տալու։ Նրանք էլ ասացին՝ իրենք պատասխանել չեն կարող։

Աշխատակիցները վրդովված են՝ կոմունալ մուծել չեն կարողանում, զանգում՝ տան վարձն են ուզում, չեն կարողանում վճարել, ուստի իրենց տնից հանում են։ Ասացին՝ իրենք հստակություն են ուզում։ Մեկն էլ ասաց․ «Մեր աշխատավարձերը ո՞վ է տալու։ Ղեկավարությունն այս հարցին պատասխանել չի կարողանում»։

Հիշեցնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե աշխատակիցների իրավունքները չեն խախտվելու՝ «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցներից մեկն ասաց․ «Դե թող մեզ պատասխանեն, մեր վիճակն ինչ է լինելու։ Մեր վարչապետին կխնդրեի դիմեր էկոնոմիկայի նախարարին, հրահանգեր, որ մեզ պատասխան տային՝ այս հիմնարկը բացվելո՞ւ է, թե՞ ոչ»։

Աշխատակիցները վստահեցրին՝ իրենք չեն խառնվում քաղաքական հարցերին․ «Մեզ համար կարևոր է, որ մեր աշխատանքը լինի, թող իրենք իրենց հարցերը լուծեն։ Գործարանը փակ պահելու պատճառով հարյուրավոր մարդիկ են տուժում։ Գոնե բացեին, Հիսուս Քրիստոսի արձանը սարքեինք, վերջացնեինք, հետո էլի փակեին»։

«Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները վստահեցրին՝ միշտ էլ ստուգումներ եղել են, բայց երբեք գործարանը չի փակվել։

Աշխատակիցները քննարկում են նաև Քննչական կոմիտե գնալու հարցը, որ գնան, հանդիպեն գործարանը կապարակնքած քննիչին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031