Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մեզ պատասխան չտան, կտրուկ գործողությունների ենք դիմելու․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել իրենց կապարակնքված աշխատավայրը

Հուլիս 15,2026 12:46 Share

Այս պահին «Մուլտի սթոուն»-ի տասնյակ աշխատակիցներ հավաքվել են ընկերության դիմաց և պահանջում բացել կապարակնքված աշխատավայրը։

Լրագրողների հետ զրույցում ցույցի մասնակից աշխատակիցներից մեկը վրդովված ասաց․ «Արդեն 10-րդ օրն է` գործարանը պարապուրդի է մատնված։ Ում դիմել ենք, դեռ ոչ մի պատասխան չեն տալիս։ Ճիշտն ասած՝ բոլորով՝ գործարանի աշխատակիցներով հավաքվել ենք, հասկանանք՝ այս կառավարությունը մեզ պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ։ Կառավարությանն ասենք, որ պարոն Ծառուկյանը գործարաններ, աշխատատեղեր է ստեղծել զրոյից, քանդված գործարան կառուցել իր գումարով։ Դա նշանակում է, որ եթե գործարանն աշխատում է, պետական բյուջե էլ է գումար մտնում։ Ես էլ չգիտեմ՝ մեր աշխատակիցներին ինչ պատասխան տամ, մեր ընտանիքներն էլ մեզնից հարցնում են, պատասխան չունենք։ Գազ, ջուր, լույս, հարկեր, վարկեր են եկել, ի վերջո ի՞նչ է լինելու»։

Աշխատակիցները զգուշացրին՝ եթե իրենց այսօր պատասխան չտվեցին, կտրուկ քայլերի են դիմելու․ «Մեր ընտանիքները մեզ հետ են։ Մեր ոստիկաններին խնդրում ենք, թող դիմեն պետական մարմիններին, եթե ոչ, արդեն բաժակը լցվել է, կտրուկ քայլերի ենք դիմելու․ «Ամեն ինչի էլ պատրաստ ենք, ճարներս կորցրել ենք, եթե մեզ երկիրը չի ուզում աջակցել, մենք ամեն ինչ պիտի անենք, որ մենք մեր ընտանիքները կարողանանք պահել։ Տասն օր է պարապուրդի համար նստած ենք, ոչ մեկը մեզ չի ասել, որ մեր գումարները վճարելու են։ Պարտադիր պիտի իջնենք կառավարության շենքի դիմա՞ց, ինչի՞ այս ժողովուրդը ՀՀ ժողովուրդը չէ՞։ Ժողովրդավար երկրում չենք ապրո՞ւմ։ Երևի իրենց դուր է գալիս, որ գնանք կառավարության շենքի մոտ, ցույց անենք, ճանապարհներ փակենք, հետո ասեն, թե ինչի համար եք անում»։

«Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները զգուշացրին՝ մեկ ժամից իրենց պատասխան չտան, դիմելու են կտրուկ գործողությունների։

Գործարանի աշխատակիցները վրդովված նշում են՝ մինչև հիմա իրենց հստակ բան չեն ասում, որ իմանան՝ երբ է գործարանը բացվելու, հնարավորություն ունենալո՞ւ են աշխատելու, թե՞ չէ։ Գործարանի աշխատակիցներից մի կին էլ ասաց․ «Մեր միակ եկամտի աղբյուրն այս գործարանն է։ Կոմունալ ենք վճարում, ուսանող պահում, հիվանդ մարդիկ ենք պահում։ Խնդրում ենք՝ պարոն Փաշինյանը թող գործարանը բացի, մենք դուրս գանք աշխատանքի։ Անհնար է այսպես ապրել, երեք օրից բոլորիս հոսանքն են անջատելու։ Եթե չի բացվելու, թող ասեն, գնանք այլ գործ գտնենք»։

Խաղաղ ցույցի մասնակիցներից մեկը, դիմելով ծառայություն իրականացնող ոստիկանին, հարցրեց՝ արդյոք չունի՞ մարզպետի հեռախոսահամարը, գուցե նա պատասխան տա, այդ ժամանակ ցույցի մեկ այլ մասնակից այսպես արձագանքեց․ «Մարզպետը կապ չունի, սա մի մարդ է ասել, էդ մարդն էլ ոչ մի բան չի ուզում անել, որովհետև մենք Գագիկ Ծառուկյանի աջակիցն ենք, և ուզում է, որ սոված մնանք։ Նույնիսկ քննչականն այս ամենի հետ գործ չունի, այն օրը քննչականի դիմաց էինք»։

Ցույցի մասնակիցներն ասում են՝ իրենք իրենց քաղաքական հարցերը թող լուծեն, ժողովուրդն ի՞նչ մեղք ունի։ Վստահեցրին՝ օրինական աշխատում են՝ ամեն պահանջը բավարարելով։

«Մուլտի սթոուն»-ի աշխատակիցների բողոքի ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031