Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձկնաբուծությունը հայտնվել է շան օրի․ ով ասում է՝ ձուկը սառեցված վիճակում պետք է արտահանել ԵՄ, ոլորտին չի տիրապետում»․ Արթուր Աթոյան

Հուլիս 17,2026 16:54 Share

«Ռուսական սահմանափակումների հետեւանքով Հայաստանի ձկնաբուծության ոլորտը հայտնվել է շան օրի՝ շատ վատ վիճակում»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց «Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը։

Արթուր Աթոյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Նա նշեց, որ արտահանումները կանգնած են, իրացում չկա։ «Ցանկացած ոլորտում, եթե իրացում չկա, սով է ու ճգնաժամ։ Եթե տնտեսական ոլորտը ճգնաժամային իրավիճակում է, ի՞նչը պետք է լավ լինի, եթե մի բանի անունը ճգնաժամ է, ո՞նց կարող է լավ լինել»,- ասաց նա։

Այս տարվա հունիսի վերջին Ռոսսելխոզնադզորը հայտնեց, որ Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի ներմուծման սահմանափակումները՝ փաստացի դադարեցնելով Հայաստանից ձկնամթերքի բոլոր ներմուծումները:

Արթուր Աթոյանը մեր զրույցում նշեց, որ այսօր Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ ու Ռուսաստան ձկնամթերք չի արտահանվում, բայց նախնական պայմանավորվածություն կա, որ երեք տնտեսություն կկարողանան դարձյալ դուրս գալ ռուսական շուկա։ Բայց դա ոլորտի համար շատ քիչ ծավալ է, գրեթե ոչինչ է։

Հուլիսի 16-ի նիստում Հայաստանի կառավարությունը որոշումներ ընդունեց, որոնցով կանոնակարգվում է Հայաստանից դեպի ԵՄ երկրների ձկնամթերքի արտահանման գործընթացը։ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ասել էր, որ Հայաստանի Հանրապետությունը դեռեւս 2025 թվականին է Եվրոպական հանձնաժողովի կողմից պաշտոնապես թույլտվություն ստացել՝ ԵՄ երկրներ հայկական արտադրության սառեցված ձուկ եւ վերամշակված ձուկ, ինչպես նաեւ ձկնամթերք արտահանելու հնարավորության վերաբերյալ։ Հայկական ընկերությունները պետք է անցնեն համապատասխան ընթացակարգեր, որպեսզի արտահանման թույլտվություն ստանան։

«Առավոտ»-ի հարցին՝ որքանո՞վ են հայ ձկնարտադրողները պատրաստ արտահանումներ իրականացնել դեպի ԵՄ երկրներ, Արթուր Աթոյանը պատասխանեց․ «Ինձ համար դա իրատեսական չէ, որովհետեւ շատ պատճառներ կան։ Խնդիրը գցել են տնտեսվարողի գրպանը։ Արտահանման բարդությունները հաղթահարելու համար տնտեսվարողը պետք է ներդրումներ անի, տնտեսությունը բերի հասցնի եվրոպական ստանդարտներին համապատասխան արտադրություն տվող տնտեսության չափանիշներին։ Դրանք ահագին ծախսեր ու աշխատանք են ենթադրում, ֆերմերային մտածողությամբ շատ տնտեսություններ կան, որոնք այդ մակարդակի չեն բարձրացել, իրենց համար դա շատ դժվար է։ Բացի այդ, տեղափոխման հետ կապված լոգիստիկ խնդիրներ կան։ Մենք չենք կարող ձկնամթերքը սառեցված վիճակում տեղափոխել ԵՄ։ Ով ասում է՝ սառեցված վիճակում արտահանել, ուրեմն ոլորտին չի տիրապետում։ Սառեցվածն ու պաղեցվածը լրիվ տարբեր են, ձկնամթերքը պետք է տեղափոխել պաղեցված վիճակում, որպեսզի շուկայում մրցունակ լինի»։

Աթոյանն ասաց, որ ձկնաբույծները դեռ գրավոր չեն դիմել իրենց, որպեսզի իրենք էլ նրանց ներկայացրած խնդիրները ներկայացնեն կառավարությանը։ Ձկնարտադրողներն առանձին-առանձին բողոքում են ստեղծված իրավիճակից, իսկ թե ինչո՞ւ «Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միությանը» գրավոր բողոք կամ դիմում չեն ներկայացնում, Արթուր Աթոյանի խոսքով, գուցե ձկնարտադրողը հույս ունի, որ սրանք ժամանակավոր բնույթ կրող խնդիրներ են։

«Մենք հիմա ուսումնասիրում ենք իրավիճակը, գիտենք, թե ինչու է այս իրավիճակն այսպես ձեւավորվել, գիտենք, թե ինչու խնդիրը լուծում չի ստանում՝ եվրոպական շուկայի հետ կապված միտքը փայփայելով հանդերձ։ Եթե մեզ գրավոր հարցնեն, մենք մեր պատրաստած մասնագիտական գրավոր եզրակացությունը կտրամադրենք՝ լինի պետական կառույցներին, թե մասնավոր սեկտորին»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031