Լրագրողների, դերասանների, ուսանողների և Շիրակի ՏՄԱԿ-ի աշխատակիցների մասնակցությամբ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում Ծաղկաձորում կազմակերպել էր երկօրյա դասընթաց, որի ընթացքում քննարկվեցին հաշմանդամություն և հատուկ կարիքներ ունեցող անձանց ներառման ճանապարհին առկա խնդիրները, նրանց հետ հաղորդակցվելու էթիկայի նորմերը, զգայուն լեզվի՝ ճիշտ բառապաշարի ու տերմինոլոգիայի օգտագործումը, համընդհանուր դիզայնի սկզբունքները, հարմարավետ միջավայր ստեղծելու ու ներառական հասարակություն դառնալու անհրաժեշտությունը։
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության աշխատակից Արթուր Գալստյանն Aravot.am-ի հետ զրույցում իր սեփական փորձով ներկայացրեց այն բոլոր խոչընդոտները, որոնց բախվում է առօրյա կյանքում, և որոնք դեռ լուծված չեն քաղաքակիրթ համարվող հայկական հասարակությունում։
Արթուր Գալստյանը, որը հենաշարժողական խնդիրներ ունի, մասնագիտությամբ հոգեբան է, ավարտել է Շիրակի պետական համալսարանը, մեզ պատմեց, թե ինչպես են գործատուները խտրական վերաբերմունք ցուցաբերել՝ թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներում աշխատանքի չընդունելով իրենց դիմող հաշմանդամություն ունեցող անձանց։
«Նախքան բարձրագույն կրթություն ստանալս, ունեի միջին մասնագիտական կրթություն, որով փորձեցի Գյումրի քաղաքում աշխատանք գտնել, բայց պարզվեց, որ այստեղ աշխատանք գտնելը հեշտ չէ, հատկապես, որ ունես հաշմանդամություն, բարդ խնդիր է, եթե չասեմ, որ անհնար է։
Դիմել եմ մի շարք կազմակերպությունների, նաև անհատ գործատուների, պատասխան եմ ստացել, որ ձեր ֆիզիկական վիճակից ելնելով՝ չունենք հարմար աշխատանք, կամ էլ ասում էին, որ աշխատանքն այլևս թափուր չէ, թեև ես շատ լավ գիտեի, որ աշխատանքը թափուր է, որովհետև 2-3 օր հետո տվյալ աշխատավայրի մոտով անցնում ես ու նորից տեսնում իրենց հայտարարությունը։
Խտրական մոտեցում էին ցուցաբերում, անձամբ ինձ չէին ասում, բայց զգում էիր, որ խնդիրը քո հաշմանդամությունն է․․․ Ավելի լավ կլիներ, որ քո դեմերեսին ասեն այդ մասին, քան ինքդ գլխի ընկնես, որովհետև եթե դիմացինը քեզ ինչ-որ պատճառաբանություն է ներկայացնում, հնարավորություն է տալիս, որ դու իրեն հակափաստարկ ներկայացնես, բայց եթե ենթադրությունների հիման վրա է քեզ մերժում, արդեն չես կարող քո տեսակետը ներկայացնել»,- փոքր-ինչ վիրավորված՝ ասաց մեր զրուցակիցը։
Արթուր Գալստյանը, սակայն, չի հուսալքվել, երբ երկու տարբեր տեղեր աշխատանքի դիմելուց մերժվել է՝ «չունես բարձրագույն կրթություն» պատճառաբանությամբ, անմիջապես բուհ է դիմել։ Նա 27 տարեկանում է դիմել Շիրակի պետական համալսարան՝ բարձրագույն կրթություն ստանալու, ու ունենալով հիանալի դասախոսական կազմ, կարողացել է հաղթահարել բոլոր դժվարությունները։
Չնայած իր հանդեպ ունեցած պատրաստակամ, յուրահատուկ վերաբերմունքին՝ Արթուր Գալստյանը նկատում է, որ Շիրակի մայր բուհի շենքային պայմանները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, այստեղ տեղաշարժվելը, առաջին հարկից երկրորդ հարկ բարձրանալն անհնար է։
«Ցավոք սրտի, իմ համալսարանի շենքային պայմաններն այնքան էլ չեն համապատասխանում ներառական միջավայրի նորմերին, ու հաշմանդամություն ունեցող անձանց համար, զուտ շենքային պայմաններից ելնելով, համալսարանում սովորելը խնդրահարույց է․ հարմարություններ չկան, չկան վերելակներ, աստիճանները շատ դժվար են հաղթահարվում, չկան սանհանգուցային ու մի շարք այլ միջոցներ, որոնք ավելի կհեշտացնեն։
Եվ երբ ես իմ շրջապատում իմ ընկերների ու ծանոթների մոտ բարձրաձայնում եմ, որ պետք է ունենալ բարձրագույն կրթություն, իրենք ուղղակի փաստն են մեջբերում, ասում են՝ մենք էլ գիտենք, որ բարձրագույն կրթությունը կարևոր է, բայց հասկացիր, Արթուր, դու օգտվում ես ձեռնափայտերից, մենք օգտվում ենք սայլակից և քո նման չենք կարող հաղթահարել դժվարությունները, ինչպես հաղթահարել ես դու։
Ես հասկանում եմ իրենց, և դա ինձ մեծ ցավ է պատճառում, որքան էլ հրաշալի դասախոսական կազմ լինի ու այս առումով հաճելի ու հեշտ լինի կրթություն ստանալը, ֆիզիկական պայմանները չեն թույլատրում, որ մեր բուհն ավելի ու ավելի շատ հաշմանդամություն ունեցող ուսանողներ ունենա»,- նկատում է Արթուր Գալստյանը։
Նրա մեկնաբանմամբ՝ Գյումրին, ինչպես խորհրդային տարիների յուրաքանչյուր քաղաք, ներառական քաղաք չէ, չունի ներառող պայմաններ, ավելի վատ վիճակում է գտնվում, քան մյուսները, հատկապես որ աղետալի երկրաշարժ է տեսել, ու բնակֆոնդը տուժել է։
Նրա թվարկմամբ՝ այս քաղաքում չկան տրանսպորտային պայմաններ, նորմալ մայթեզրեր, որոնցով հաշմանդամություն ունեցող անձինք կկարողանան տեղաշարժվել։
«Ճիշտ է՝ ես մեջբերեցի Շիրակի պետական համալսարանի օրինակը, բայց կարելի է ասել, որ Գյումրիում շենք-շինությունների 90 տոկոսը հարմարեցված չեն կամ այսպես ասած՝ անունով են միայն հարմարեցված․ մարդիկ մտածում են, որ թեքահարթակ կառուցելով՝ լուծում են միջավայրային հարմարավետության բոլոր խնդիրները։
Մի թեքահարթակ կառուցելով՝ ասում են՝ դե մենք հարմարեցված ենք, նույնիսկ մի թեքահարթակը, երբ փորձում ես օգտվել, պարզվում է՝ չի համապատասխանում չափորոշիչներին, երբեմն նույնիսկ չի գործում»,- ասում է Արթուր Գալստյանը։
Նա դեպի Եվրամիություն ձգտող ՀՀ կառավարությանն ու Գյումրու ՏԻՄ-ին կոչ է անում՝ մեծ ուշադրություն դարձնել այս խնդրին։ Ըստ նրա, եթե փորձում ենք դառնալ զբոսաշրջային երկիր, անհարմար իրավիճակ է ստեղծվում, դիցուք՝ որպես զբոսաշրջիկ՝ հաշմանդամություն ունեցող անձն է այցելում Հայաստան, ինչ կարծիք կկազմի մեր երկրի մասին, միանշանակ կասի, որ այստեղ չեն մտածում հաշմանդամություն ունեցող անձանց մասին։
Այս մարտահրավերների ֆոնին մեր զրուցակիցը մի դրական, կարևոր փաստ է արձանագրում․ հասարակության ընկալումներն ու վերաբերմունքը կտրուկ փոխվել են։
Մեր զրուցակցի բնութագրմամբ՝ պատերազմներից, հատկապես 44-օրյայից հետո, հասարակական վերաբերմունքի «կտրուկ ու շռնդալից» փոփոխություն է տեղի ունեցել, մնում է ենթակառուցվածքները փոխեն, հարմարեցնեն հաշմանդամություն ունեցող անձանց, ուշադրություն դարձնեն բուհերի շենքային պայմաններին, որպեսզի պատերազմի պատճառով հաշմանդամություն ձեռք բերած անձինք ևս կարողանան տանից դուրս գալ, կիսատ թողած կրթությունը շարունակել, աշխատանք գտնել, այլապես նրանց համար իրենց իսկ շենքի մուտքից մինչև պետական կառույցների՝ մարզպետարանի, քաղաքապետարանի շենքային պայմաններն անմատչելի են։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































