Կալանավորված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ» առևտրի տանը ստուգումները կապված են տնտեսվարողների հետ։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի շահերի ներկայացուցիչ Էմին Խաչատրյանը։
Տեղեկություն տարածվեց, որ առավոտից քննչական մարմինները ստուգումներ են իրականացնում առևտրի կենտրոնում։
«Առևտրի կենտրոնում մեր կազմակերպությունը, ուղղակի, կազմակերպում է առևտուր, իսկ այնտեղ տաղավարները բոլորը առանձին տնտեսվարողներ են։ Այդ ստուգումները, չգիտեմ, ինչքանո՞վ են վերաբերելի մեզ։ Ամեն դեպքում, կարող է ավելորդ լարվածություն ստեղծելու, պահելու համար է այդ ամեն ինչը»,- ասաց նա։
Առևտրի կենտրոնի գործունեությունը չի դադարեցվել։ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ 10-15 տաղավարի գործունեություն է կասեցվել։ Կասեցման հիմնավորումն այն է, որ տվյալ տաղավարները գործում են բարձր լարման հոսանքագծերի տարածքում։
Կարդացեք նաև
Ի դեպ, Պետական եկամուտների կոմիտեն այսօր հաղորդագրություն էր տարածել՝ պնդելով, որ Գագիկ Ծառուկյանի սեփականություն հանդիսացող զվարճանքի կենտրոնում, խոսքը «Փարավոն» հյուրանոցային համալիրի մասին է, 300 միլիոն դրամի ստվերային շրջանառություն է բացահայտվել։ Հաղորդագրության բովանդակության փոխանցումը փաստաբանի ծիծաղն առաջացրեց։
Ապա հավելեց. «Ես, ճիշտն ասած, այդ ստուգումների արդյունքներին ծանոթ չեմ, ծանոթանալուց հետո նոր կարող ենք ավելի մանրամասն տեղեկատվություն տալ, բայց այդ կազմակերպությունը հիմնականում վնասներով աշխատող կազմակերպություն է ու չի կարող այդտեղ այդ ծավալի ստվերային շրջանառություն լինել։ Այս պահին այդքանը կարող եմ ասել»։
Դիտարկմանը՝ գուցե հենց այդ մեծ ստվերի պատճառո՞վ է վնասով աշխատում, փաստաբանն արձագանքեց. «Ցանկացած տնտեսվարող, եթե ստվեր է պահում, ինքը վնաս ցույց չի տա, որ ավելորդ ուշադրություն իր վրա չգրավի։ Չի կարող նման ծավալների՝ 300 միլիոնի ստվեր ունենա, ու, օրինակ, զրոյական ցույց տա կամ բացասական դինամիկա ցույց տա։ Տրամաբանական չի»։
Պաշտպանն այսօր ՔԿՀ-ում տեսակցել էր Գագիկ Ծառուկյանին։ Ասաց՝ նրա տրամադրությունը լավ է, իր համար ամենը սպասելի էր, պատրաստ է ցանկացած շարունակության. «Այլ տարբերակ էլ չկա, այլ անելիք էլ չկա, տրամադրությունը նորմալ է, առողջությունը՝ նորմալ է»։
Հարցին՝ առյուծի անկումից շա՞տ է նեղվել, իր կենդանիների նկատմամբ վերաբերմունքը կոտրե՞լ է նրան, փաստաբանը պատասխանեց. «Նեղվել է, քանի որ այդ կենդանիների հանդեպ իր սերը, գիտե՞ք, ո՞նց է. 30 տարի կենդանիները պահել ու այդ կենդանիների ձագերից էլ նվեր է տվել կենդանաբանական այգուն։ Երբ որ լսեց, այո՛, ճիշտ է, ծա՛նր տարավ, բայց չկոտրվեց, բնականաբար»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































