Արդեն հաղորդել ենք, որ Բաքվի բանտից գեներալ Դավիթ Մանուկյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին։ Ներկայացնում ենք նրա խոսքն ամբողջությամբ
Հարգելի հայրենակիցներ, հուսով եմ, մասամբ տեղյակ եք՝ Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվում է Հայաստանի Հանրապետության 15 քաղաքացու նկատմամբ վերաքննիչ բողոքի հիման վրա դատական գործընթացը։
Նշեմ, որ այդ դատական գործընթացը ուղղված չէ միայն այս 15 հոգու դեմ, այլ հայ ժողովրդի անցյալի եւ ներկայի դեմ է, քանի որ ըստ մեղադրանքի եւ դատավճռի՝ այն սկսվում է անցյալ դարի սկզբներից։
Իհարկե, այս բոլոր շինծու եւ կեղծ առաջ քաշված մեղադրանքների մասով ես եւ իմ գործընկերները դատարանում շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել մեր իրավունքները, ինչպես նաեւ հայ ժողովրդի եւ հայոց պետականության։
Կարդացեք նաև
Այս պահին խոսքս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին՝ մեզ առաջադրված կեղծ մեղադրանքներից մեկի՝ այս երկրի քրեական օրենսգրքի 100.1, 100.2 հոդվածների մասով, ըստ որի 2020 թվականի սեպտեմբերին ագրեսիվ պատերազմի պլանավորման, նախապատրաստման եւ վարման ձեւակերպումով, չնայած մեր բերած բոլոր անհերքելի ապացույցներին եւ փաստերին։ Դրանից բացի այն տեղի է ունեցել միջազգային հանրության բաց տեսադաշտում։ Բայց եւ այնպես, քանի որ դուք եղել եք Հայաստանի Հանրապետության այն ժամանակ վարչապետը եւ միաժամանակ գերագույն հրամանատարը, իսկ պատերազմի պլանավորումը սկսվում է հենց այդ օղակից։
Հորդորում եմ կոնկրետ այդ մեղադրանքների մասով հանրային ներկայությամբ արտահայտել ձեր դիրքորոշումը։
Չարձագանքելու դեպքում կնշանակի, որ համաձայն եք կեղծ առաջ քաշված մեղադրանքներին՝ մեղսակից դարձնելով ոչ միայն ձեզ, այլեւ ողջ հայ ժողովրդին։
Հուսով եմ՝ նախկինում ձեր գլխարկների վրայի անվանումը չի կորել։ Դրանից բացի, ակնկալում եմ իմանալ՝ մեր՝ այստեղ գտնվողների կարգավիճակը, ըստ Հայաստանի Հանրապետության պետական դիրքորոշման։
Ցավալի է նաեւ, որ այստեղ գտնվողները չեն զգում Հայաստանի Հանրապետության շունչը։ Բայց ինչ արած, իրականությունը դա է։
Ժամանակի սղության պատճառով ես այսքանը կխոսեմ առայժմ։
Ձեր հետ կիսվեց Դավիթ Մանուկյանը։
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ


















































