«Երկրում որևէ խնդիր չի լուծվում, լարվածությունը մեծանում է, քաղաքական ռեպրեսիաները շարունակվում են։ Եվ օբյեկտիվորեն բոլորը դժգոհ են։ Հասունանում է լոկալ տարբեր բողոքների խճանկար։ Եվ վաղ թե ուշ այդ բոլոր բողոքները տարբեր ձևերով միավորվելու են»,- անդրադառնալով Հայաստանի ներքին քաղաքական կյանքում զարգացումներին՝ «Հայելի» ակումբում ասաց «Ժողովրդավարական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Ի վերջո, այս բոլոր բողոքները հետևանք են կառավարման բացակայության։ Այսինքն, մենք ունենք մի իշխանություն, որը որևէ խնդիր չի լուծում։ Օրինակ, հենց կառավարության վերջին նիստը։ Գևորգ Պապոյանը խոսում է այն մասին, որ Եվրոպա արտահանումները դյուրացել են, որ ոչ մի խնդիր չկա։ Եվ հենց այդ նույն նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասում է՝ ինչ խոսում եք, վարդագույն երազանք է։
Այսինքն, նույնիսկ կառավարության նիստում տարբեր նախարարների, գերատեսչությունների ղեկավարների հայտարարություններն իրար հակասում են։ Տնտեսության մասով մի բան էլ ասեմ։ Հիշում եք չէ՞, ինչպես ներկայացվեց այն փաստը, որ Ադրբեջանը վերացրել է շրջափակումը, փոխադարձ առևտուր է գնում, ավելի լավ է առևտուր անենք, քան պատերազմենք։ Խոսում էին այն մասին, որ հեսա մեր բեռներն էլ Ադրբեջան կգնան կամ Ադրբեջանով կհասնեն Ռուսաստան։
Հրապարակվեց վիճակագրություն։ Ընդամենը 17 մլն դոլարի ներմուծում է եղել Ադրբեջանից, որը կազմում է Ադրբեջանի ներմուծումների ընդամենը 0,1 %-ը։ Դա չնչին բան է, որը խաղաղության ինստիտուցիոնալիզացիայի մասին ընդհանրապես չի խոսում։
Կարդացեք նաև
Բայց ավելի սարսափելի բան կա. Հայաստանից Ադրբեջան զրո դոլարի ապրանք է գնացել։ Սա խոսում է ոչ թե ապաշրջափակման վերացման կամ խաղաղության ինստիտուցիոնալիզացիայի, այլ կախվածության նոր գործիքի մասին։ Ոչ մի ապաշրջափակում էլ չկա, որևէ առևտուր էլ չկա։
Ուղղակի, Ալիևի «բարեհաճությամբ» ինչ-որ բեռներ են մտնում Հայաստան։ Եվ ավելորդ էլ է խոսել, թե դրանք Հայաստանի համար ինչ-որ կենսական խնդիր են լուծում, որովհետև նույնիսկ Հայաստան մտնող այն վառելիքը, որ այնքան գովազդվում է, Հայաստանի կարիքների չնչին մասն է։ Եվ ակնհայտորեն այս ամեն ինչը Փաշինյանի պրոպագանդիստական փուչիկն էր, որը տրաքեց»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































