«Ժողովուրդ» օրաթերթը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե արդյոք Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը, Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած քննարկումների արդյունքները, ինչպես նաև Եվրոպական միության հնարավոր գործնական քայլերը՝ գերիների ազատ արձակման ուղղությամբ։
Սակայն ՀՀ կառավարության աշխատակազմից ստացված պատասխանը փաստացի շրջանցել է հարցերի բովանդակությունը։
Կառավարությունը չի պատասխանել՝ քննարկվե՞լ է արդյոք գերիների հարցը Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ընթացքում, ի՞նչ է փոխանցել Եվրահանձնաժողովի նախագահը Բաքվում ունեցած բանակցություններից հետո, կամ ինչպիսի՞ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այդ ուղղությամբ։
Ի՞նչ էր ասվում պաշտոնական հաղորդագրություններում։
Կարդացեք նաև
Վարչապետի աշխատակազմի՝ այդ օրերին տարածած հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի առանձնազրույցի ու ընդլայնված կազմով բանակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացումը, ժողովրդավարական բարեփոխումները, տնտեսական համագործակցությունը, «Գլոբալ դարպաս» (Global Gateway) նախաձեռնությունը, ներդրումային ծրագրերը, ինչպես նաև խաղաղության օրակարգն ու տարածաշրջանային կայունությունը։ Հանդիպման ավարտին կողմերը խոսել են նաև ԵՄ ֆինանսական աջակցության, առևտրային համագործակցության և ենթակառուցվածքային ծրագրերի ընդլայնման մասին։
Իր հերթին, Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարեց.
«Հայաստանը շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների ուղին և ավելի է մոտենում Եվրոպային։ Ես այստեղ եմ մի պարզ ուղերձով՝ Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա»։
Նա նաև ընդգծել է, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, տնտեսության դիմակայունությանը և խաղաղության գործընթացին։
Իսկ գերիների մասին՝ լռություն։
Հատկանշական է, որ ոչ Հայաստանի կառավարության, ոչ Եվրոպական հանձնաժողովի, ոչ էլ Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Իլհամ Ալիևի համատեղ հայտարարություններում հայ գերիների, ապօրինի պահվող անձանց վերադարձի կամ նրանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ որևէ հրապարակային հայտարարություն չի հնչել։
«Ժողովուրդ»-ի բարձրացրած հինգ հարցերից որևէ մեկին կառավարությունը փաստացի չի տվել ուղիղ պատասխան՝ սահմանափակվելով արդեն իսկ հրապարակված տեղեկատվությամբ, թե վարչապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում է հարցը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































