Դիարբեքիրի (Տիգրանակերտ – խմբ.) Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու բակում մեկնարկել է հայկական ավանդական պարերի եռօրյա աշխատաժողով, որի նպատակն է վերականգնել տարածաշրջանում մոռացության մատնված մշակութային ժառանգությունը։
Միջոցառումը կազմակերպվել է Ֆրանսիայում գործող «Yerkir Europe» կազմակերպության ղեկավարներից Արմեն Ղազարյանի նախաձեռնությամբ։ Աշխատաժողովին, որն անցկացնում է Շվեյցարիայից հրավիրված մասնագետը, մասնակցում են ինչպես տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, այնպես էլ քաղաքի տարբեր ազգությունների բնակիչներ։
«Tigris Haber»-ի հետ զրույցում Արմեն Ղազարյանը նշել է, որ արդեն 15 տարի է, ինչ Թուրքիայի տարբեր շրջաններում իրականացնում են մշակութային ծրագրեր.
«Այս աշխատանքը առաջին քայլն է։ Ցանկանում ենք հետագայում վերադառնալ ավելի ընդգրկուն ծրագրով, որը կներառի մեղեդիներ, երգեր, հեքիաթներ և մշակութային այլ տարրեր։ Մեր նպատակն է վերականգնել և ցուցադրել Դիարբեքիրում ու շրջակա նահանգներում մոռացված հայկական պարերը»։
Կարդացեք նաև
Նախագիծն իրականացվել է Դիարբեքիրի քաղաքապետարանի, «Արամ Տիգրան» կոնսերվատորիայի, «Դիջլե-Ֆիրաթ» ասոցիացիայի, «ՄԱ Մյուզիք»-ի և Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի համագործակցությամբ։
Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի փոխնախագահ Օհաննես Գաֆֆուր Օհանյանն ընդգծել է, որ նման միջոցառում եկեղեցում անցկացվում է առաջին անգամ:
«Ավելի քան 100-110 տարի է անցել, և այս պարերը մեծ մասամբ մոռացվել են։ Այսօր դրանք այլևս չեն հիշվում։ Այդ պատճառով հին հայկական եղանակներն ու պարերը հիշեցնելու և սովորեցնելու նպատակով եռօրյա վարպետության դասեր ենք կազմակերպել, որը բաց է ողջ հանրության համար»:


















































