Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյունիկ Աղաջանյան. Կարծեմ հիմա արդեն տոկոսն էլ չեն տալիս, թե իրենց կողմից կազմակերպված միջոցառումների քանի տոկոսն է մեկ անձից գնումների միջոցով արվում, որովհետեւ երեւի թե արդեն 100 %-ի է հասնում

Հոկտեմբեր 20,2026 17:58 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով տարածված այն տեղեկատվությանը, որ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում մեկ գիշերվա ընթացքում 15 ավտոմեքենա է թալանվել, ասաց. «Չեմ զարմանում հանցագործության նման աճից։ Մեր ուռճացված ՆԳ համակարգի, որտեղ ոստիկան աշխատելու համար, եթե չեմ սխալվում, անգամ բարձրագույն կրթություն ստացած լինելու անհրաժեշտություն չկա, միակ նպատակը կառավարության ղեկին նստած անձի եւ նրա թիմակիցների ցանկությունները կատարելն ու անվտանգությունը ապահովելն է։ Եվ բնականաբար բացարձակ ուշադրություն չպետք է դարձնեն մեր հայրենակիցների ապահովությանը, անվտանգությանը։ Հատկապես հիմա, քանի որ վստահ եմ՝ շարքերով ուղղորդել են այս COP 17-ի մասնակիցների տեղաշարժը կազմակերպելուն եւ ապահովելուն։

Մեր քաղաքացիներն ամենօրյա ռեժիմով կորուստներ են արձանագրում թե գների աճի առումով, թե իրենց անվտանգային խնդիրների օրեցօր մսխման տեսակետից եւ թե իրենց վճարած հարկերից առաջացող բյուջեի անհասկանալի ուռճացված ծախսերից, որոնցից ուղղակի բուրում է կոռուպցիան։ Կարծեմ հիմա արդեն տոկոսն էլ չեն տալիս, թե իրենց կողմից կազմակերպված միջոցառումների քանի տոկոսն է մեկ անձից գնումների միջոցով արվում, որովհետեւ երեւի թե արդեն 100 %-ի է հասնում ու այդ թվերը տալու անհրաժեշտություն էլ չկա։

Կարծեմ «Ուժեղ Հայաստանն» էր հստակ հարցադրումներ արել։ Եվ շատ ճիշտ են անում, որովհետեւ իրենցից դա պետք է պահանջել ամենօրյա ռեժիմով, անընդհատ հիշեցնելով, որպեսզի նաեւ մեր հանրությունը հասկանա, թե ում հետ գործ ունի։ Մի կողմից իշխանությունը ոչնչացնում է մեր արտադրական կարողությունները, լինի դա գյուղատնտեսության մեջ կամ այլ ոլորտներում, մյուս կողմից պարտքային կախվածության մեջ է դնում օտարներից, ինչը իր հետ բերում է նաեւ քաղաքական ստրկություն։

Մյուսը, որ շատ զավեշտալի է, բայց իր տեսակը հաշվի առնելով զարմանալի չէ։ Նշված անձն ինքն էր հայտարարել, որ «իզմեր» չունի, այսինքն` նաև արժեքային համակարգ ընդհանրապես չունի։ Մի ամբողջ կուսակցության մանդատներ գողացած եւ 60 հազարից ավելի ընտրողների ձայները փոշիացրած անձնավորությունը խոսում է, որ ճնշումների պարագայում իրեն դիմեն որպես ժողովրդավարության մունետիկի կերպար ընդունածի եւ դիմակը քաշածի։

Հասկանալի է, որ դա թատերական բեմականացում է։ Ես հույս ունեմ, որ մեր ժողովրդի մեծ մասն արդեն հասկանում է նման դրվագները, որոնք ուղղակի ձեռնարկի մաս են, համապատասխան գործողությունների քայլ, որ վաղը-մյուս օր եթե բողոքեն, ասեն, մենք նման հայտարարությունով, նման կոչով հանդես էինք եկել։ Բայց մենք տեսնում ենք, թե տարիներ շարունակ ինչպիսի շինծու գործերով եւ գործիքակազմով փորձում են ոչ քպական ներկայացուցիչներին լռեցնել։ Հիշեցնեմ, որ «Ուժեղ Հայաստանի» ղեկավարը՝ Սամվել Կարապետյանն է նշել, որ ընտրությունների ժամանակ իրենց 700-ից ավելի ներկայացուցիչ կալանավորվել է։

Մենք ֆիքսենք մեզ համար, որ մենք վաղուց հեռացել ենք ժողովրդավարության որեւէ ընկալումից։ Այստեղ ուղղակի ուժի, ճնշման, վախի մթնոլորտի տարածման, հարկադրանքի ներքո սեփական իշխանությունը ձգելու եւ օտարների՝ մեր թշնամիների, առաջ ունեցած հանձնառությունները կյանքի կոչելու նպատակ է հետապնդում այս իշխանությունը»,-ասաց դիվանագետը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել