Shamshyan.com-ը հայտնում է. «Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է գիշերը հրազենային վնասվածքով նշված բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը։
Գիշերը «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։
Տեղում քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ժամեր անց գիտակցության չգալով մահացել է:
Պարզվել է, որ վիրավորը՝ Արմավիրի մարզի 48-ամյա բնակիչ Ծ. Մ.-ն, հիվանդանոց է տեղափոխվել «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենայով, որը տաք հետքերով հայտնաբերել են։
Կարդացեք նաև
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Արագածոտնի մարզում փորձել է տուն թալանել, տանտերը նկատել է, կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ:
ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է. «Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 06։11-ին, Երևանի բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է։
ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 6-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում տղամարդուն գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հրազենային վնասվածք է պատճառել Երևանի 34-ամյա մի բնակիչ։
34-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Նախնական տվյալներով հանցագործությունը կատարվել է վերափոխված գազային ատրճանակով։ Կատարվում է նախաքննություն»։



















































