«Այսօր իսկապես ինձ համար հատուկ օր մըն է և պատմության անցնելիք օրն է, կարծեմ թե, իմ կյանքիս համար ալ… Առաջին անգամ, երբ որ լսեցի այս «Արորն ու տատրակը» Կոմիտասի զուտ ձայնով, Հասմիկին ըսի. «Հաս ջան, արդյոք այսպիսի բան մը կրնա՞ լինել, Կոմիտասի ձայնով երգեմ»։ Հասմիկը իմ ամենամտերիմ, իմ անձը ամենաշատը քննադատող, ամեն ինչ ճիշտը խոսող անձ է։ Ըսավ. «Շատ դժվար բան կուզես…»։ Ու անցավ-գնաց այս բանը, բայց սիրտս երբեք չհեռացավ»,- ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակում կայացած իր «Արորն ու տատրակը» տեսահոլովակի նախապատմությունը ներկայացրեց պոլսահայ ճանաչված երգչուհի Սիբիլը։ Հուզված պատմեց, թե ինչպես է գաղափարը ներկայացրել իր բոլոր մտերիմներին, տեսահոլովակի ու երգի հետ առնչված բոլոր անձանց…
Անգամ Քյոթահյա է գնացել և Կոմիտասի տունը գտել, թուրքագետ, թարգմանիչ Տիրան Լոքմագյոզյանն է տան տեղը ցույց տվել։ Սիբիլն ասում է, երբ Կոմիտասի տունը տեսավ, որոշեց, որ պետք է անպայման նրա հետ զուգերգ ստեղծի՝ շատերի համար անհավանական թվացող մի բան։ Սիբիլն ընդգծում է, որ Պոլսում է ծնվել, Կոմիտասի շարականներով ու պատարագով մեծացել, իսկ վարդապետի «Արորն ու տատրակը», նրա ձևակերպմամբ, իր համար ասես աղոթք լինի։
Նաև հավելում է, որ իր յուրօրինակ զուգերգի միջոցով ցանկացել է Կոմիտասի ձայնը հասցնել նոր սերնդին։ Նկարահանումներն ընդհատվել էին սիրելի մայրիկին կորցնելու պատճառով, սակայն հետագայում իր մեջ ուժ է գտել ու մարմին տվել գաղափարին։
Կարդացեք նաև
Տեսանյութը՝ ավելի ուշ։
ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի մշակութային ծրագրերի ու միջոցառումների պատասխանատու Վարդան Ծուլիկյանը նշեց, որ շարունակում են միջոցառումների շարքը՝ նվիրված Հայկական բարեգործական ընդհանուր միության 120-ամյակին, և օրվա հյուրն էլ բացառիկ է։ Նա հիշեցրեց, որ Սիբիլն առաջին անգամը չէ այս դահլիճում. 8-9 տարի առաջ էլ նույն բեմից ունկնդիրը վայելել է Սիբիլի և Անդրե Սիմոնյանի զուգերգը։ Նա նշեց, որ նախագծի իրականացման մեջ որոշակի ներդրում ունի նաև Հայկական բարեգործական ընդհանուր միությունը՝ հավատարիմ իր առաքելությանը, որն է տարածել և պահպանել հայկական մշակույթը։
Տեսանյութը՝ ավելի ուշ։
Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ ներկայացված աշխատանքն իր համար հայրենիքի ձայնն է, հայության ձայնն է։ «Կոմիտաս վարդապետը եղել է և կա մեր քաղաքակրթական ժառանգության հիմնաղբյուրներից, իսկ Սիբիլն իր ամբողջ էությամբ այդ քաղաքակրթության և ժառանգության կրողն է ու փոխանցողը։ Ինչպես Տիրանն է ասում, դյուրին առաքելություն չէ ընդհանրապես որևէ հայի համար պատմականորեն և արդի կյանքով այս շարունակականությունն ապահովելը․ դա մեծ պայքար է ենթադրում։
Ակնհայտ է թե՛ մատուցման, թե՛ զգեստավորման և թե՛ երանգների մեջ առկա լարումն ու ձգումը։ Այն լարումը, որը փորձում է պատմությունը բերել արդի կյանք, նաև սնուցում է ներդաշնակության, համերաշխության և մեր պատմական ակունքները իրական կյանքում արդիական դարձնելու ձգտումը։ Ռահվիրա Սիբիլն իր յուրաքանչյուր քայլով, Անդրեի հետ իր նախաձեռնության ընթացքում («Տեր ողորմեան», «Սուրբ Սուրբը») երգը տարել է Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս, Անիի Մայր տաճար, Աղթամարի Սուրբ Խաչ… Այնտեղ, որտեղ հայի ձայն, ձգտում, երազանք ու պայքար կա, այնտեղ կա նաև Սիբիլը։ Սա շատ կարևոր գործ է․ վիճահարույց է, միանշանակ չէ, և հենց դրանում է դրա արժեքը։ Կա սա մարսելու, իմաստավորելու, խորհելու և միասին առաջ գնալու կարիք»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Տեսանյութը՝ ավելի ուշ։
Տեսահոլովակի շնորհանդեսի առիթով, ի թիվս այլոց, խոսք ասաց նաև սիրիահայ հասարակական, քաղաքական գործիչ, Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, կոմիտասագետ Ժիրայր Ռեիսյանը։ Նրա ձևակերպմամբ՝ Կոմիտասը անզուգական մարդ է և շեշտադրված հայ, որի երգերը կրում են ազգային դժվարությունների անդրադարձերը։ Նրան ևս Սիբիլի տեսահոլովակը դուր էր եկել։
Երգիչ Անդրե Սիմոնյանը, ում հետ Սիբիլը հանդես է եկել տարբեր երկրներում, ընդգծեց, որ Սիբիլը միշտ հետևում է իր սրտին, այլ ոչ թե շուկայի պահանջներին։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

























































