«Ես`որպես ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, պատվիրակների բավական մեծ շրջանակի փոխանցել եմ այս իրականությունը, նրանց ուշադրությունը հրավիրել և ակնկալում եմ, որ դրան պետք է գնահատական տա նաև ԵԱՀԿ ԽՎ-ն՝ հակառակ, որ մենք պետք է տարանջատենք ԵԱՀԿ գործադիր մարմինը, որի ղեկավարը ազգությամբ թուրք Ֆերիդուն Սինիրլիօղլուն է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովից»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ կապված միջադեպին, երբ ձայնագրված հայտարարություններում նա պատրաստակամություն է հայտնել իր պաշտոնի հեղինակությունն ու հնարավորությունները ծառայեցնել աջակցելու ՀՀ կառավարությանը Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու արշավում։
Նշենք, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն այսպիսի անկեղծ խոստովանություն է արել՝ կարծելով, թե զրուցում է Նիկոլ Փաշինյանի հետ, մինչդեռ իրականում խոսել է ռուս պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ։
Ըստ Լիլիթ Գալստյանի՝ այս մասին պետք է խոսել, սա պիտի դառնա քաղաքական օրակարգ․ «Նաև մեկ անգամ ևս ապացուցում է, թե միջազգային ինչպիսի թիրախի տակ է հայտնվել Հայ առաքելական եկեղեցին, ինչը խորը համահունչություն ունի թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակադրումների հետ, և Սինիրլիօղլուն այդ անկեղծության պահին մատնել և հրապարակել է իր հանձնառությունը կամ պատրաստակամությունը»։
Ըստ ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամի՝ անկախ նրանից, թե ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի՝ այդ հաստատումը, խոստումն ու հանձնառությունն ինչ ճանապարհով են ձեռք բերվել, սա ինքնին միջազգային սկանդալ է․ «ԵԱՀԿ թիվ մեկ դեմքը՝ գլխավոր քարտուղարն իր պատրաստակամությունն է հայտնում այսպես ասած՝ ջախջախելու և միանալու Հայ առաքելական եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների կողմից տարվող քաղաքական պայքարին։ Իմ խորը համոզմամբ՝ միջազգային սկանդալ է, խայտառակություն, մյուս կողմից նաև ինչ-որ իմաստով համապատասխանում է այն քաղաքական օրակարգերին, որոնց լծվել են ՀՀ իշխանությունները, Սինիրլիօղլուի ազգային պատկանելությունը ևս այստեղ մեծ դերակատարություն ունի։ Ինձ համար ավելի քան հստակ է, որ սա համահունչ է թուրք-ադրբեջանական օրակարգերին, որոնք Հայ առաքելական եկեղեցին դիտարկում են՝ իբրև ռևանշիստական կազմակերպություն, որը փորձում և ամեն ինչ անում է իր դերակատարությունը պահելու և մեր ազգային ինքնությունն ու ազգային իրավունքներն առաջ տանելու համար։
Կարդացեք նաև
Հիշենք, որ Հայ առաքելական եկեղեցու և հատկապես գերագույն հովիվի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի նկատմամբ այս ամբողջ արշավանքը մեկնարկեց այն ժամանակ, երբ Շվեյցարիայում կազմակերպված խորհրդաժողովի ժամանակ մեր Վեհափառը խոսեց Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության դիրքերից։ Բնականաբար, դա խորապես հակոտնյա է ՀՀ իշխանությունների քաղաքականությանը, որոնք հայկական հարցը, Արցախի հիմնախնդիրը այսպես ասած՝ փակված են համարում՝ այդպիսով լեգիտիմացնելով թուրք-ադրբեջանական ցեղասպանական գործողությունները։
Կարծում եմ՝ սա իսկապես նույնիսկ ոչ թե ՀՀ հասարակական-քաղաքական, ընդդիմադիր դաշտը պետք է բարձրաձայնի, այլ եթե ՀՀ-ում արժանապատիվ իշխանություն ունենայինք, առաջինն ինքը պետք է բարձրաձայներ՝ դա դիտարկելով որպես միջամտություն ՀՀ ինքնիշխանությանը, ներքին գործերին և առհասարակ քրիստոնեական համամարդկային արժեքներին։ Պատկերացրեք ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը՝ ազգությամբ թուրք մեկը, որը հանձնառություններ ունի պաշտպանելու միջազգային իրավունքը, երկրների անվտանգությունը, ինքնիշխանությունը և այն արժեքների բույլը, որը թղթի վրա գրված է և նրա իրական վարքը, որը դրսևորում է»։
Լիլիթ Գալստյանը ցավով նշեց՝ Հայ առաքելական եկեղեցին խոցվում է և թիրախում է հայտնվել, որովհետև ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային ինստիտուտն է, եկեղեցին և նրա հոգևոր հովիվը մեր ինքնության, ազգային արժանապատվության, պաշտպանության դիրքերից են հանդես գալիս․ «Բնականաբար, խաղաղության այս կեղծ օրակարգը նաև իր առաջ խնդիրներ ունի ՀՀ-ում ոչնչացնել այն բոլոր օջախները, որոնք ազգային արժանապատվության պաշտպանության, ինքնության դիրքերից են հանդես գալիս։ Եկեղեցին դրանցից կարևորագույնն է»։
Մեր հարցին՝ այս միջադեպից հետո որքանո՞վ է հնարավոր վստահել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող մարմին, Լիլիթ Գալստյանն այսպես պատասխանեց․ «Վաղուց միջազգային իրավունքը ծանր հիվանդ է, եթե ոչ մահացել է։ Այսօր խոսում են ուժի, ագրեսիայի դիրքերից։ Վաղուց աշխարհը ուժեղների՝ իրենց պետական շահերն առաջ տանելու օրակարգում է գտնվում։ Խնդիրը պաշտոնական Հայաստանինն է, որը եթե կամակատար, հանձնվողական, զիջողական քաղաքականություն չվարեր, այսպես կոչված խաղաղությունը չկառուցեր Հայաստանի՝ շարունակվող կապիտուլյացիայի վրա, պետք է ՀՀ-ն ինքը պաշտոնական նոտա ներկայացներ և ասեր, որ այս ի՞նչ վարքագիծ ու արժեքներ են։ Բայց ՀՀ-ն վաղուց մեծերի խաղում խաղալիքի է վերածվել, և դա արվել է կրքով ու խանդավառությամբ։ Խնդիրներից մեծագույնը հայ ժողովրդինն է։ Մեր հասարակությունը պետք է հասկանա՝ այս խաղը, որը Հայաստանին վաճառվում է՝ իբրև խաղաղություն, խաղաղության հետ զրո առնչություն ունի, որովհետև սա մեր ինքնության շարունակական ոչնչացման ծրագիր է, որը, ցավոք, մանդատ տվեց նաև այս քաղաքական մեծամասնությանը»։
Լիլիթ Գալստյանը նաև մտահոգություն հայտնեց՝ ՀՀ 9-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կմեկնարկի օգոստոսի 2-ին, սակայն մինչև օրս Վեհափառը հրավիրված չէ․ «Անկախության անցնող 36 տարիներին նման բան չի եղել, որ նախագահների կամ ԱԺ-ի երդմնակալությանը չմասնակցի Վեհափառը։ Սա հստակ թիրախավորում է մի ինստիտուտի, որը մեր ինքնության պաշտպանության առաջնային դերքերում է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































