9-րդ գումարման Ազգային ժողովում հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Գյումրին, կունենա 6-7 պատգամավոր։
Խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակն է, որն ունի գյումրեցի 4 պատգամավոր․ նրանցից մեկը Շիրակի նախկին մարզպետ, վարչապետի մամլո խոսնակ Նազելի Բաղդասարյանն է, մյուս երկուսը Գյումրու ավագանու առանցքային դեմքերն են․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանն է, որն, ի դեպ, առաջին անգամ չէ, որ ընտրվել է պատգամավոր․ նա եղել է 7-րդ գումարման պատգամավոր՝ «Լուսավոր Հայաստանի» քվեով։
Մյուսը Քնարիկ Հարությունյանն է, Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին ղեկավարը, այնուհետ՝ քարտուղարը։ Քնարիկ Հարությունյանի համար ևս Ազգային ժողովը նոր կառույց չէ, նա 2018 թվականին եղել է պատգամավոր Նազելի Բաղդասարյանի օգնականը, 2021 թվականից էլ աշխատել է ՀՀ Ազգային ժողովում՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փորձագետ։
Քնարիկ Հարությունյանը Գյումրու ավագանու ակտիվ անդամներից է։ Նախքան 2018-ի հեղափոխությունը նա եղել է լրատվական դաշտի ներկայացուցիչ, Նազելի Բաղդասարյանի հետ համատեղ աշխատել է նաև «Ռադիո Հայ» Գյումրի ռադիոկայանում։
Կարդացեք նաև
ՔՊ-ի ցուցակով պատգամավոր է անցել նաև Գյումրու ավագանու նախկին անդամ, «Սիվիք» (Civic.am) լրատվականի լրագրող Վոլոդյա Հակոբյանը։ Ինչպես տեղեկանում ենք, նրա ինքնակենսագրականից, նախքան հանրային-քաղաքական գործունություն ծավալելը, նա աշխատել է «Շիրակ Ջրմուղ-կոյողում»՝ որպես առաջատար մասնագետ։
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքում Գյումրիից ընդգրկված է փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։ Ըստ կուսակիցների, Լենա Մաթևոսյանը ևս Գյումրիից է, բնակվում է մայրաքաղաքում։
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» կուսակցությունների դաշինքում ևս կա շիրակցի պատգամավոր․ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Մեսրոպ Մանուկյանը Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղից է, նա հայտնի գործարար Գևորգ Մանուկյանի որդին է։
Թե ովքեր Գյումրու ավագանու կազմում կփոխարինեն Սարիկ Մինասյանին ու Քնարիկ Հարությունյանին, մեզ առայժմ չհաջողվեց ճշտել․ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի հեռախոսահամարն անհասանելի է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































