ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 23-ին այցելել է Արարատի ցեմենտի գործարան՝ տեղում ծանոթանալու արտադրական գործընթացի կազմակերպմանը։ Այցին մասնակցել են նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը։
Նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել արտադրական գործընթացին, առկա հզորություններին և աշխատանքների ընթացքին։ Գործարանն ունի շուրջ 1000 աշխատակից, իսկ տարեկան դրվածքային հզորությունը կազմում է 1 մլն 200 հազար տոննա։
Շրջայցի ընթացքում Գևորգ Պապոյանը նշել է, որ Արարատի ցեմենտի գործարանը հանձնվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կառավարմանը, և նախարարությունը ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի գործարանն աշխատի ամբողջ հզորությամբ, անխափան և արդյունավետ։ Նախարարի խոսքով՝ հուլիս ամսվա ընթացքում, սահմանված կարգով, կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչը։
«Մինչ այդ ընկերության բոլոր աշխատակիցներին հորդորում եմ բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը։ Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ ընդհակառակը, անհրաժեշտ է ապահովել արտադրության բնականոն ընթացքն ու բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը»,- նշել է նախարարը։
Կարդացեք նաև
Այցի ընթացքում նախարարը նաև ծանոթացել է գործարանի առջև ծառացած խնդիրներին և հանձնարարել դրանք համակողմանի ուսումնասիրել՝ դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու և արտադրության անխափան շարունակականությունն ապահովելու նպատակով։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն


















































