Երևանի ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբուքյան գրառումը
Եթե Իրանի Իսպահան քաղաքում արտադրված այս կարագը նախ արտահանվում է Ադրբեջան, ապա այնտեղից հայտնվում Հայաստանի խանութների դարակներում, ապա կան հիմնավոր հարցեր, որոնց պետական մարմինները պարտավոր են պատասխանել։

Եթե այս արտադրանքը օրինական ճանապարհով ներմուծվել է Հայաստան, ապա արդյո՞ք այն անցել է օրենքով նախատեսված պետական վերահսկողության ամբողջ ընթացակարգը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հանրությանը պետք է հստակ տեղեկացնի՝ իրականացվե՞լ են արդյոք փաստաթղթային ստուգումներ, նույնականացում, անհրաժեշտության դեպքում նմուշառում և լաբորատոր փորձաքննություն, թե՞ այդ արտադրանքը պարզապես հայտնվել է վաճառքում՝ առանց բավարար հանրային վերահսկողության։
Խոսքը միայն մեկ ապրանքի մասին չէ։ Խոսքը Հայաստանի սպառողների անվտանգության, պետական վերահսկողության արդյունավետության և թափանցիկության մասին է։ Հանրությունն իրավունք ունի իմանալու՝ ինչ ճանապարհով են նման ապրանքները հասնում հայկական շուկա, ով է դրանք ներմուծում, և արդյոք դրանք լիարժեք համապատասխանում են Հայաստանի և ԵԱՏՄ գործող անվտանգության պահանջներին։
Կարդացեք նաև
Այս հարցերի վերաբերյալ լռությունը միայն խորացնում է կասկածները։ ՍԱՏՄ-ն պարտավոր է հրապարակային և փաստարկված պարզաբանում ներկայացնել, որպեսզի բացառվեն թե՛ սպառողների առողջության հետ կապված ռիսկերը, թե՛ պետական վերահսկողության նկատմամբ անվստահությունը։


















































