Լրահոս
Օրվա լրահոսը

«2020թ․-ին Ռուսաստանի պահվածքից հետո մենք սպասում էինք այս սահմանափակումներին»․ ի՞նչ վիճակում են հայտնվել հայ պանրագործները

Հուլիս 26,2026 13:54 Share

Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի նաեւ Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը։ Հայաստանյան պանիր արտադրող մի շարք ընկերություններ ավելի վաղ էին հայտնվել սահմանափակումների ցուցակում։ Օրինակ՝ «Իգիթ» ՍՊԸ տնօրեն Անդրանիկ Իգիթյանը «Առավոտ»-ին ասաց, որ իրենց ընկերությունը դեռեւս 2023 թվականից արտահանում չի իրականացնում Ռուսաստան, քանի որ սահմանափակումներ են կիրառվել դեռ այն ժամանակ։

Ի՞նչ խնդիրների առաջ կկանգնեն հայ արտադրողները, խնդրի շուրջ «Առավոտ»-ը զրուցել է Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանի հետ։

Գիգոյանի խոսքով՝ այսօր Հայաստանից մոտ 5 խոշոր պանիր արտադրող ընկերություններ են արտահանում իրականացնում Ռուսաստանի Դաշնություն։ Հայաստանից պանիրը հիմնականում արտահանվում է արաբական երկրներ, հարեւան երկրներ եւ ԱՄՆ։ Գիգոյանն ասաց, որ այս իրավիճակը սպասելի էր․ «Ռուսաստանի ներկայիս կառավարությունից ուրիշ ոչինչ սպասելի չէր»։

«Քանի որ մենք ոլորտի հետ կապված զարգացումները նաեւ քաղաքական կոնտեքստով ենք գնահատում, 2020 թվականին Ռուսաստանի պահվածքից հետո մենք սպասում էինք, որ հայ-ռուսական հարաբերությունները դրական զարգացում չեն կարող ունենալ։ Արդյունքում՝ աստիճանաբար փորձեցինք աշխատանքներ իրականացնել շուկաների դիվերսիֆիկացիայի մասով։ Դրան զուգահեռ մենք արդեն իսկ ականատես եղանք Ռուսաստանի կամակորությանը՝ Ռոսսելխոզնադզորի գործիքակազմով։ Անիմաստ սահմանափակումներ, պրետենզիաներ եւ այլն։ Հետեւաբար, այս մի քանի տարվա ընթացքում արդեն ունենք պատկեր, երբ ընդամենը մի քանի պանրագործական ընկերություններ են իրենց բիզնեսը կապել ռուսական շուկայի հետ, մնացածն արդեն կենտրոնացել են ներքին շուկայի, մասնակի՝ նաեւ արտաքին այլ շուկաների վրա։ Սակայն այն կազմակերպությունները, որոնք շարունակել են իրենց աշխատանքը ռուսական շուկայի հետ, բավականին խոշորացել ու զարգացել են։ Թեկուզ իրենք քանակապես քիչ են, բայց հույս ենք հայտնում, որ ՀՀ իշխանությունն ուշադրություն կդարձնի այդ կազմակերպությունների վրա եւ կփորձի մասնակի փոխհատուցել վնասները»,- նշեց Գիգոյանը։

Հարցին, թե ի՞նչ անելիք ունի կառավարությունը՝ պանրագործության ոլորտը զարգացնելու եւ արտադրողներին աջակցելու համար, Արմեն Գիգոյանը պատասխանեց․ «Կառավարությունը, ոչ միայն պանրագործների, այլ առհասարակ տեղական արտադրողների համար ցուցահանդեսներին մասնակցելու հարցերում օգնելուց զատ, կարելի է ասել, ոչինչ չի անում։ Եվ այստեղ լուրջ կարիք կա, որ կառավարության համապատասխան գերատեսչությունները հասարակական կազմակերպությունների հետ այս հարցերը քննարկեն, այնպիսի քարտեզագրում անեն, որպեսզի կարողանան գործնականում աջակցել տեղական արտադրողներին» Առկա եւ սպասվելիք խնդիրները օպերատիվ եւ օբյեկտիվ լուծման կարիք ունեն, որը կարող է իրականացվել միայն ու միայն կառավարության եւ հասարակական կազմակերպությունների համագործակցության արդյունքում»։

Գիգոյանի տեղեկացմամբ՝ այսօր Հայաստանում գործում է 70-ից ավելի պանիր արտադրող ընկերություն, որից մի քանիսն են կենտրոնացված ռուսական շուկայի վրա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031