«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրում է.
«Ռուբեն Ռուբինյանը, դեռևս ԱԺ նախագահի լիազորությունները չստանձնած, որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը։
Այսօր նա մի աննախադեպ, խայտառակ որոշում է ստորագրել, որը գործնականում սահմանափակում է ԱԺ-ի տարածքում լրատվամիջոցների աշխատանքը և այն դարձնում գրեթե անհնարին։
🔴 «ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին» որոշմամբ փաստացի սահմանափակվում է խորհրդարանում հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժը։ Նրանց աշխատանքի համար սահմանվում է հատուկ առանձնացված տարածք։
Կարդացեք նաև
🔴 «Հատուկ վերահսկելի գոտիներում» առհասարակ արգելվում է լրագրողների աշխատանքը։
🔴 Լրացուցիչ վարչական խոչընդոտներ են ստեղծվում ԱԺ հանձնաժողովների նիստերի լուսաբանման համար։ Հանձնաժողովների նիստերը լուսաբանելու նպատակով լրագրողների նախնական ցուցակագրում է սահմանվում, որը պետք է ներկայացվի նիստը սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ։ Նման բան երբեք գոյություն չի ունեցել։
🔴 Փաստացի, լրագրողներին արգելվում է տեսանկարահանել ԱԺ դահլիճի օթյակից։ Սա նշանակում է, որ երբ ԱԺ-ի ուղիղ հեռարձակումը անջատվի, ԶԼՄ-ներն այլևս դահլիճում կատարվողը տեսանկարահանելու հնարավորություն չեն ունենա։
🔴 Արգելվում է տեսաձայնագրել կամ լուսանկարել ՊՊԾ աշխատակիցներին՝ իրենց պարտականությունները կատարելիս։ Այս սահմանափակումը, ըստ էության, հնարավոր ապօրինի հրահանգների կատարումը չարձանագրելու, չֆիքսելու համար է։
‼️‼️‼️ Այս սահմանափակումները որևէ կերպ չեն կարող հիմնավորվել որպես անվտանգության համար անհրաժեշտ և համաչափ միջոցառումներ։
Սրանք պարզապես խոսքի և մամուլի ազատության սահմանափակումներ են, որովհետև խոսքի ազատությունը ներառում է նաև լրագրողների իրավունքը՝ հավաքելու և տարածելու հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն, այդ թվում և հատկապես խորհրդարանի գործունեության վերաբերյալ»։
Այստեղ որոշման հավելվածն է և այդ մասին պատմող նյութը։


















































