ՔՊ վարչության արտահերթ նիստում այսօր պատգամավոր Լուսինե Բադալյանն (Լուլու) ընտրվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։ Նիստի ավարտից հետո նա ասաց, որ ոչ հստակ տեղեկություններով` արդեն քննարկվել է 4-5 հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցը։
«Իհարկե, դեռ Ազգային ժողովը պետք է ընտրի։ Ինչպես միշտ, մեր ընտրություններն անցնում են բավականին ժողովրդավարական և թեժ։ Պետք է պատրաստված լինես, որ բոլորի հարցերին պատասխանես։ Լինում են նաև ոլորտային հարցեր»,- ասաց Բադալյանը։
Նրա խոսքով՝ մյուս հանձնաժողովների նախագահների թեկնածուներն իրեն հայտնի չեն։
Կարդացեք նաև
«Ես հիմա էլ չէի առաջադրվի, եթե մեր խմբակցությունում որևէ բուժաշխատող լիներ։ Արդար չէ այդ ոլորտի ղեկավարման համար մրցակցության մեջ մտնել բուժաշխատողի հետ, որը թրծված է այդ ոլորտում։ Այսօր, ցավոք, ոլորտի ներկայացուցիչ չկա։ Ես նախկինում երբեք չեմ առաջադրվել։ Ինձ համար սկզբունքային հարց է, որ առողջապահության հանձնաժողովի ղեկավար կազմում պետք է լինի բժիշկ կամ բուժաշխատող, մարդ, որը ներսից գիտի այդ ամեն ինչը։ Մտքովս պարզապես չի անցել նախկինում առաջադրվել»,- ասաց նա։
Բադալյանն ասաց, որ չգիտի, թե քանի ձայնով է ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածու։
Նա նաև նշեց, որ եթե Ազգային ժողովում որոշվի, որ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը պետք է ղեկավարի ընդդիմադիր խմբակցությունը, ինքը դեմ չէ զբաղեցնել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































