Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարաններում քրեական գործերի ձգձգումները կկրճատվեն եւ ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

Օգոստոս 01,2026 13:00 Share

Քրեական գործերի քննության ժամկետն առաջին ատյանի դատարանում տեւելու է ոչ ավելի, քան մեկ տարի: Այս ժամկետի երկարացման հնարավորություն նախատեսված է միայն դատարանի պատճառաբանված որոշմամբ՝ ոչ ավելի, քան երկու անգամ, մեկական տարով: Որպեսզի այս ժամկետը պահպանվի, եւ գործերի քննությունն արդյունավետ լինի, նախատեսվել են մի շարք կարգավորումներ, որոնք բեռնաթափելու են դատական պրոցեսը:

Մեկ տարվա ժամկետը ինքնին չի երաշխավորում արագ արդարադատություն, եթե դատարանները շարունակում են ծանրաբեռնված մնալ, իսկ դատավորների եւ աշխատակազմի քանակը բավարար չէ, այսինքն՝ որակի նվազում է սպասվում։

Ապացույցների հետազոտության սահմանափակումը կարող է վտանգել պաշտպանության իրավունքը, եթե կողմերը փաստացի զրկվեն ապացույցները լիարժեք ուսումնասիրելու եւ վիճարկելու հնարավորությունից։

Բարդ եւ բազմահատոր քրեական գործերի համար մեկ տարվա ժամկետը կարող է իրատեսական չլինել, ինչի հետեւանքով դատավարությունը կարող է դառնալ ձեւական՝ ոչ թե արդյունավետ։ Ժամկետների պահպանումը չպետք է գերակայի արդար դատաքննության նկատմամբ, արագությունը չի կարող լինել ավելի կարեւոր, քան ճշմարտության բացահայտումն ու կողմերի հավասար հնարավորությունները։

Պետք է հստակեցնել, թե որ ապացույցներն են համարվելու հետազոտված առանց դատարանում հրապարակային քննության, որպեսզի չառաջանան իրավական անորոշություններ եւ հետագայում բողոքարկման հիմքեր։

Փոփոխությունները կարող են ավելացնել վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների թիվը, եթե առաջին ատյանում կողմերը համարեն, որ իրենց դատավարական իրավունքները սահմանափակվել են։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը պահանջում է ոչ միայն գործի քննություն «ողջամիտ ժամկետում», այլեւ արդար եւ մրցակցային դատաքննություն։ Հետեւաբար, արագացումը չպետք է իրականացվի դատավարական երաշխիքների հաշվին։

Քննարկման հիմնական հարցը հետեւյալն է. արդյո՞ք առաջարկվող փոփոխությունները կլուծեն քրեական գործերի ձգձգումների իրական պատճառները, թե՞ պարզապես կսահմանեն ավելի կարճ ժամկետներ՝ առանց համակարգային խնդիրների լուծման։

Ողջամիտ ժամկետը չի նշանակում ցանկացած գնով արագ դատավարություն;

«Kudla v. Poland գործով» Եվրոպական դատարանը նշել է, որ պետությունը պարտավոր է ապահովել գործի քննությունը ողջամիտ ժամկետում, սակայն այդ պահանջը չի կարող արդարացնել այնպիսի սահմանափակումներ, որոնք կխաթարեն արդար դատաքննության մյուս երաշխիքները։ Այսինքն՝ արագությունը նպատակ է, բայց ոչ ինքնանպատակ։

Ապացույցների լիարժեք հետազոտությունը արդար դատաքննության առանցքային բաղադրիչն է

«Mirilashvili v. Russia գործով» Եվրոպական դատարանը շեշտել է, որ կողմերը պետք է իրական հնարավորություն ունենան ծանոթանալու, վիճարկելու եւ մեկնաբանելու բոլոր ապացույցները։ Եթե ապացույցները պարզապես համարվեն «հետազոտված»՝ առանց արդյունավետ դատական քննության, կարող է խախտվել մրցակցային դատավարության սկզբունքը։

Դատարանը պարտավոր է իրական գնահատում կատարել յուրաքանչյուր ապացույցի

«BarberՈ, Messeguռ and Jabardo v. Spain գործով» դատարանը նշել է, որ դատավճիռը պետք է հիմնված լինի այնպիսի ապացույցների վրա, որոնք քննվել են հրապարակային եւ արդար դատաքննության ընթացքում։ Ձեւական ընթացակարգերը չեն կարող փոխարինել ապացույցների իրական հետազոտությանը։

Համակարգային խնդիրը ժամկետները չեն, այլ դատարանների ծանրաբեռնվածությունը։ Եթե գործերը տարիներով ձգձգվում են դատավորների պակասի, նիստերի հետաձգումների, փորձաքննությունների ուշացման կամ դատախազության եւ քննչական մարմինների անարդյունավետ աշխատանքի պատճառով, ապա միայն օրենսդրական ժամկետի կրճատումը չի վերացնի պատճառները։ Գոյություն ունի վտանգ, որ դատարանները պարզապես կփորձեն «տեղավորվել» ժամկետների մեջ՝ նվազեցնելով ապացույցների հետազոտության ծավալը։

Վտանգ՝ հետագա բողոքարկումների աճ

Եթե պաշտպանական կողմը չկարողանա լիարժեք ներկայացնել կամ վիճարկել ապացույցները, ապա դա կարող է հիմք դառնալ վերաքննիչ, վճռաբեկ եւ հետագայում նաեւ Եվրոպական դատարան դիմելու համար՝ հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին։ Քրեական գործերի քննության ժամկետների կրճատումը կարող է դրական ազդեցություն ունենալ միայն այն դեպքում, երբ այն զուգորդվում է դատավորների թվի ավելացմամբ, դատարանների ծանրաբեռնվածության նվազմամբ, փորձաքննությունների արագացմամբ եւ դատավարական երաշխիքների լիարժեք պահպանմամբ։ Հակառակ դեպքում առկա է վտանգ, որ արագ դատավարությունը կվերածվի ձեւական դատավարության, ինչը կհակասի Եվրոպական դատարանի ձեւավորված նախադեպային իրավունքին եւ արդար դատաքննության սկզբունքին։

Աննա ԾԱՌՈՒԿՅԱՆ

փաստաբան

«Առավոտ» օրաթերթ
31.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել