Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկաթե բախում» Հայաստանում․ հարցի գինը

Օգոստոս 01,2026 10:00 Share

Ռուսաստանը հայտարարում է, որ, եթե Երեւանը դնի ընդհուպ արբիտրաժի միջոցով երկաթուղային կառավարման իրավունքը վերանայելու հարց, ապա Մոսկվան կբարձրացնի ներդրումների փոխհատուցման խնդիր։ Այդպես է Մոսկվան արձագանքում Հայաստանի վարչապետի նոր հայտարարությանը։ Իսկ Փաշինյանը անցնող շաբաթ հայտարարեց, որ երկաթուղու հավատարմագրային կառավարման ՌԴ իրավունքի վերանայումը շարունակում է լինել Հայաստանի օրակարգում, ուզում են լուծել հարցը բարեկամաբար, բայց նաեւ պատրաստ են արբիտրաժով։

Այս հարցն արդեն օրակարգում է, կամ գոնե Երեւանը բարձրաձայնում է այն գրեթե 8 ամիս։ Փետրվարին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կան երկրներ, որոնք «դժգոհ են, որ հայկական երկաթուղին կառավարում են ռուսները, եւ այդ պատճառով էլ չեն ուզում, որ արեւելքից բեռնափոխադրումներն անցնեն Հայաստանով»։ Բայց մինչեւ այսօր Նիկոլ Փաշինյանը հստակ չի ասել, թե որոնք են այդ դժգոհ երկրները։ Ավելին, Նիկոլ Փաշինյանին, որ ներկայանում է «ինքնիշխանության զգայուն մարտիկի»  կարգավիճակով, կարծես թե որեւէ կերպ չի նսեմացնում հավատարմագրային կառավարչին փոխելու պահանջը։

Եթե ռուսական կողմը խոչընդոտում է Հայաստանի երկաթուղու զարգացմանը, ապա կասկածից վեր է այդ խնդիրը բարձրացնելու եւ անգամ իրավունքը վերանայելու Հայաստանի լեգիտիմ իրավունքը։ Բայց Նիկոլ Փաշինյանն այստեղ էլ չի ներկայացնում որեւէ հստակ ու կոնկրետ փաստ եւ փաստարկ՝ «որոշ երկրների դժգոհությունից» բացի։ Իսկ այդ հանգամանքը առաջացնում է տպավորություն, որ այս պատմության հիմքում ոչ թե Հայաստանի շահն է, այլ Հայաստանն ընդամենը վերածվել է տարբեր «դժգոհությունների» սպասարկման «պոլիգոնի»։ «Պոլիգոնը» ներկայումս քաղաքական–դիվանագիտական բնույթի է, սակայն այդ տրամաբանության ծիրում մնալու պարագայում «պոլիգոնը» կարող է ստանալ այլ բնույթ։

Պաշտոնական Երեւանը, ինչպես երեւում է, բոլորովին չունի իրերի այդ դասավորությունը եւ տրամաբանությունը փոխելու ցանկություն ու նաեւ կոմպետենտություն։ Իրավիճակը պետք է փոխեն հանրությունն ու քաղաքական այն ուժերը, որոնք իրապես շահագրգռված են Հայաստանը սուբյեկտության ճանապարհ վերադարձնելու հարցով։ Իսկ դրա համար նվազագույնն անհրաժեշտ է շատ կոնկրետ հարցեր տալ կառավարությանը, թե ով է ռուսական կառավարումից դժգոհը, ինչո՞վ է Ռուսաստանը խոչընդոտում Հայաստանի որեւէ մտադրության կամ ծրագրի։ Հայաստանի հանրությունը պետք է հստակ հասկանա հարցի գինը, որպեսզի գին չվճարի այլոց հուզող հարցերը լուծելու համար։

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել