Լրահոս
Օրվա լրահոսը

Ճնշման արդյունքում Marriott-ը ստիպված է եղել հեռացնել բռնազավթված և էթնիկ զտման ենթարկված Արցախում առաջարկվող իր սկանդալային զբոսաշրջային փաթեթը

Օգոստոս 02,2026 12:09 Share

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA), Սփյուռքի կառույցների և միջազգային դաշնակիցների իրականացրած 120-ժամյա ինտենսիվ արշավից հետո հյուրանոցային հսկա Marriott-ը ստիպված է եղել հեռացնել բռնազավթված և էթնիկ զտման ենթարկված Արցախում առաջարկվող իր սկանդալային զբոսաշրջային փաթեթը։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Marriott Bonvoy հարթակում տեղադրված 14-ժամյա էքսկուրսիոն ծրագիրը ճանապարհորդներին առաջարկում էր այցելել Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի և Ստեփանակերտ քաղաքներ։ Տուրի ամրագրումը հնարավոր էր անել անմիջապես ընկերության պաշտոնական հարթակով՝ կուտակելով Marriott Bonvoy միավորներ։

Սակայն փաթեթի գովազդային նյութերում որևէ հիշատակում չկար Արցախի՝ որպես հայկական քաղաքակրթության և քրիստոնեական հավատքի օրրանի հազարամյա պատմության մասին։ Ավելին, Marriott-ի ներկայացրած տեքստերում իսպառ շրջանցված էին ադրբեջանական հարձակման, իննամսյա շրջափակման և էթնիկ զտման փաստերը, որոնց հետևանքով հայրենազրկվել է 150,000 բնիկ հայ բնակչություն։

Օրինակ` Արցախի խորհրդանիշ «Տատիկ-Պապիկ» («Մենք ենք, մեր լեռները») հուշարձանը Marriott-ի նկարագրության մեջ ներկայացված էր սոսկ որպես «տարածաշրջանային քարե արվեստի և ճարտարապետության ուշագրավ օրինակ»՝ առանց որևէ տեղ օգտագործելու «հայկական» բառը։

Սկանդալային տուրի մասին տեղեկությունը հուլիսի 27-ին առաջինը լուսաբանեց Հայկական հետազոտությունների և վերլուծությունների կենտրոնը (CARA)։ Կենտրոնի հրապարակած զեկույցում նշվում էր, որ պատմական փաստերի նման լռությունը «փնթի տեքստագրություն չէ, այլ ծրագրված քաղաքականության մաս»։

CARA-ի հետազոտության հիման վրա ANCA-ն, Եվրոպայի և Սփյուռքի Հայ դատի հանձնախմբերը, ինչպես նաև մեդիա հարթակները (ներառյալ «Ասպարեզ»-ը, «301Arm»-ը, «Զարթօնք»-ը, «Armenia Report»-ը) լայնածավալ լոբբիստական արշավ սկսեցին վեց մայրցամաքներում, ինչը հանգեցրեց Marriott-ի կողմից որոշման չեղարկմանը հինգ օրից էլ պակաս ժամանակահատվածում։

«Marriott-ը որևէ իրավունք չուներ շահույթ ստանալու Արցախի էթնիկ զտման ենթարկված հայերի տառապանքներից և կազմակերպելու տուրեր, որոնք նորմալացնում են Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունը», – հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

«Մեզ ոգևորեց համաշխարհային արագ արձագանքը, որի շնորհիվ այս տուրը հեռացվեց 120 ժամից էլ պակաս ժամանակահատվածում։ Մենք, անշուշտ, աչալուրջ կլինենք բոլոր նրանց նկատմամբ, ովքեր փորձում են հարստանալ ցեղասպանության հաշվին»,-հավելել է նա։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31