Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհահռչակ Սերգեյ Խաչատրյանն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը վերադառնում են Սյունիք

Հուլիս 03,2026 14:15 Share

Միջազգային հեղինակավոր հարթակներում մեծ հռչակ վայելող ջութակահար Սերգեյ Խաչատրյանը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, վերադառնում են Սյունիք՝ բնության վեհությունը վերածելու հնչյունների սիմֆոնիայի։ Այս մասին Aravot.am-ին հայտնեց Ֆիլհարմոնիկի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աստղիկ Դալլաքյանը։

Այս շրջագայությունը, որը «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագրի մաս է կազմում, ոչ միայն մշակութային խոշոր իրադարձություն է, այլ կարևորագույն քայլ՝ ուղղված մարզերում բարձրարվեստ դասական երաժշտության հասանելիությանն ու հոգևոր կյանքի աշխուժացմանը։

Համաշխարհային բեմեր նվաճած, մեր երկրի առաջին և կարևորագույն նվագախմբի մարզային շրջագայությունները կրում են ռազմավարական և խորհրդանշական բնույթ, իսկ 2024 թվականից աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ սյունիքյան բեմերում ելույթները դարձել են ամենամյա գեղեցիկ ավանդույթ։

Այս տարի շրջագայության մեկնարկը կտրվի հուլիսի 29-ին՝ Մեղրիի մարզամշակութային կենտրոնում կայանալիք համերգով։ Հուլիսի 30-ի համերգը տեղի կունենա Կապանի մշակույթի կենտրոնում, իսկ հուլիսի 31-ի եզրափակիչ համերգը՝ Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։

Այս բացառիկ երեկոների ընթացքում հանդիսատեսի դատին կհանձնվեն համաշխարհային և հայ դասական երաժշտության գլուխգործոցներ՝ Բրուխի Ջութակի կոնցերտը և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը։

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և հռչակավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համար հայրենի մարզերում ելույթ ունենալը սոսկ հերթական համերգային շրջագայություն չէ, այլ կարևոր առաքելություն։ Մշակութային ապակենտրոնացումը և Սյունիքի պես ռազմավարական ու հոգևոր կարևորագույն կենտրոնում նմանատիպ նախագծերի իրականացումը հնարավորություն է տալիս տեղի հանդիսատեսին հաղորդակից դարձնել միջազգային բարձր կատարողական արվեստին՝ սեփական հարկի տակ։

Ի դեպ, այս տարի «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը մեկնարկել է հունիսին՝ Աշտարակում, Վաղարշապատում, Հրազդանում և Չարենցավանում կայացած համերգներով, որոնք նվիրված էին Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի 105-ամյա հոբելյաններին։

Սամվել Դանիելյան

Լուսանկարներում՝ Սերգեյ Խաչատրյանն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2024 թվականին Մեղրիում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031