Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդպես որ շարունակվեց, մեզ մնալու է 10 հազար կիլոմետր տարածք, ու վերջ: Լոռու մարզը հնագույն հայկական պատմական տարածք է, մեր հայրենիքի մի մասը». Աշոտ Ղուկասյան. «Հրապարակ»

Օգոստոս 06,2026 11:53 Share

ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն ԱԺ ամբիոնից օրերս դիմեց Նարեկ Կարապետյանին. «Պարոն Կարապետյանն այս ամբիոնից եկավ, ասաց, որ Ադանան մեր հայրենիքն է: Հարց` ո՞ր չափանիշով: Ադանան գիտե՞ք որտեղ է գտնվում` Կիլիկիայում: Ո՞ր չափանիշով ենք մենք սահմանում մեր հայրենիքը: Կարա լինի բոլոր այն տարածքները, որտեղ երբեւէ եղել ա հայկական պետականություն: Տարբերակ 2` բոլոր այն տարածքները, որտեղ կոմպակտ ապրել են հայեր, օրինակ` Սեբաստիա: Իմ պապերը եկել են Խոյից: Դուք մեր բարեկամ Իրանի հետ հանդիպումներում կասե՞ք՝ Խոյը մեր հայրենիքն է: Իրանի դեսպանին կասե՞ք, որ դա մեր Պարսկահայքն է: Պարոն Կարապետյան, ես այդ ճանապարհը մթով եմ անցել, Մեծ Հայքի սահմանները կարող եմ այս թղթի վրա չնչին շեղումներով նշել: Լավ, Վրաստանից է պատվիրակություն եկել, գիտեք, չէ՞, որ Լոռին եւ Տաշիրը բավական երկար ժամանակ եղել են վրացական թագավորության մաս: Հիմա եթե գա Վրաստանից պատգամավոր եւ ասի, որ Տաշիրն իմ հայրենիքն ա, որովհետեւ էսինչ թվականին եղել ա Վրաստանի մաս: Բայց Լոռին հայկական ա, որովհետեւ ՀՀ-ի մաս ա: Բա ձեզ թվում ա, որ գնաք թուրքերին ասեք` Ադանան մեր հայրենիքն ա, իրենք ի՞նչ պիտի մտածեն: Ձեզ թվում ա՝ մենակ մե՞նք ունենք պատմություն ու պատմական հայրենիք: Այստեղ արաբական խալիֆաթ է եղել, հիմա արաբական մի պետություն գա ու ասի` սա մեր հայրենի՞քն է»:

Պատմաբան, պատմության դասագրքերի հեղինակ Աշոտ Ղուկասյանը մեզ հետ զրույցում պատմական էքսկուրս կատարեց եւ ասաց, որ ինչ-որ մի շրջանում Լոռու մարզն իրապես եղել է վրաց թագավորության տիրապետության տակ, սակայն դա չի նշանակում, որ այն վրացական տարածք է, կամ որ այնտեղ ապրել են բացառապես վրացիներ: «Արեւմտյան Հայաստանն էլ այժմ թուրքերի տիրապետության տակ է, բայց դա հո չի՞ նշանակում, որ այն թուրքական տարածք է: Զաքարյանների ժամանակ Լոռու մարզը եղել է վրացական պետության կազմում, հետո, երբ Ռուսաստանն արեց վարչական բաժանումներ, Լոռու մարզը հայտնվեց Թիֆլիսի նահանգի կազմում, հետո՝ 18 թվականի դեկտեմբերին, Լոռու մարզի համար պատերազմ սկսվեց, եւ հայկական բանակը վերադարձրեց Լոռին, դրանից հետո տեղի ունեցան բանակցություններ: Լոռու մարզը մնաց մեզ, իսկ Ջավախքի մարզը մնաց Վրաստանի կազմում։ Սա է իրականությունը, բայց այն երբեք չի եղել պատմական վրացական տարածք: Իշխանությունների ասածն այն է, որ չպետք է տարածքների պատճառով հարաբերությունները վատացնել հարեւան պետությունների հետ, սակայն եթե այդպես է, դե ով փողը տա, թող պատմությունը մոռանան, էդպես որ շարունակվեց, մեզ մնալու է 10 հազար կիլոմետր տարածք, ու վերջ: Լոռու մարզը հնագույն հայկական պատմական տարածք է, մեր հայրենիքի մի մասն է»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31