«2021-ին եղել եմ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում, ընտրվել եմ պատգամավոր։ 2022-ին ունեցել ենք ծայրահեղ մեծ մարտահրավեր, հիշում ենք զարգացումները Արցախի հետ կապված։ Մեկնարկեց «Դիմադրության շարժումը», պատիվ ունեի մասնակցելու «Դիմադրության շարժմանը», եղել եմ առաջին շարքերում, ուժերս ներածի չափով ներդրել եմ այդ պայքարում։ Ակնհայտ է, որ չեմ հաջողել։ Չհաջողելով՝ գտել եմ, որ պատասխանատվություն պետք է կրեմ՝ պատգամավորի մանդատից հրաժարվելով»,- ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին այսպես պատասխանեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված Արամ Վարդևանյանը։ ՔՊ պատգամավորը հարցրել էր՝ լավ հիշում ենք 2022-ի հրաժարականի՝ Ձեր տեքստը և հարցին՝ եթե փաստաբանական համայնքը Ձեր կարիքը զգա, դարձյալ գնալո՞ւ եք խորհրդարանից։
Արամ Վարդեւանյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն իր ընկերներն են․ «Քաղաքական գործընթացներից անկեղծ դուրս էի եկել, չէի էլ պատկերացնում, որ երբևէ նորից պիտի լինեի քաղաքականության մեջ։ 2022-2025-ի ընթացքում հանրային հնչեղություն ունեցող հարցերի արձագանքել եմ, բայց չեմ կարծում՝ ընկալվել եմ որպես քաղաքական գործիչ։ Երբ ստացա առաջարկ միանալու «Ուժեղ Հայաստանին»՝ ղեկավար Սամվել Կարապետյանի կողմից, համաձայնեցի, քանի որ Սամվել Կարապետյանն ունի բացառիկ տեսլական ՀՀ քաղաքականության համար։ Ես կարծում եմ՝ ձեզնից շատերը գիտակցում են, որ Սամվել Կարապետյանի տեսլականն այնպիսինն է, որ այս տարիներին առանց որևէ իշխանության ՀՀ-ում բազմաթիվ դրական փոփոխություններ է բերել։ Միևնույն ժամանակ նշեմ՝ ես իմ կողմից վերադարձ փաստաբանական գործունեության չեմ իրականացնելու, ինքս իմ կողմից որոշել եմ»։
Նորընտիր ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































