Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք սա համարում ենք Էդգար Ղազարյանի նկատմամբ քաղաքական հետապնդման շարունակական դրսևորում». Ռուբեն Մելիքյանը՝ Էդգար Ղազարյանի նկատմամբ մեղադրական վերդիկտի մասին

Օգոստոս 06,2026 23:50 Share

Այլևս ԱԺ պատգամավոր Էդգար Ղազարյանի նկատմամբ «ՍԴ դատավորների գործ» անվանումն ստացած գործով մեղադրական վերդիկտը լսելուց հետո փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց. «Շատ զարմացած ենք առաջին հերթին ընթացակարգային առումով, որովհետև Էդգար Ղազարյանը ներկայացրել էր մի միջնորդություն, որը ենթակա էր քննարկման։ Այսօր մենք եկել էինք միջնորդության քննարկմանը, բայց չհասկացանք՝ այդ միջնորդության ճակատագիրն ինչ եղավ։ Լսվեց վերդիկտ, որին մենք, մեղմ ասած, համաձայն չենք»։

Իսկ թե դա զուգադիպությո՞ւն է, թե Էդգար Ղազարյանի նոր քաղաքական գործունեության հետ կապված հապճեպ ճնշումների արդյունք, Ռուբեն Մելիքյանը նկատեց. «Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ վաղը Վեհափառին են նստեցնելու մեղադրյալի աթոռին։ Մենք, իրավաբաններս, այնքան ապօրինություններ ենք տեսել, որ այս ապօրինի վերդիկտն ինքնին այն փաստը չէ որպես նախադեպ։

Բայց ես վստահ եմ, որ այստեղ որոշակի կարևորություն ունի այն հանգամանքը, որ Էդգար Ղազարյանը Ազգային ժողովի պատգամավոր է։ Եվ ԱԺ-ում առաջին օրերը ցույց են տալիս, որ Էդգար Ղազարյանը, մեղմ ասած, իր ակտիվությամբ անհարմարություններ է պատճառում որոշակի անձանց։ Այս հանգամանքը համարում եմ խիստ կարևոր։ Կարծում եմ՝ իշխող քաղաքական ուժը ունի շատ սուր շահագրգռվածություն՝ Էդգար Ղազարյանին լռեցնելու։

Ես հիշեցնեմ, որ բուն գործը վերաբերում է հենց խոսքի ազատությանը։ Արդյո՞ք մեր քաղաքացիները, մասնավորապես, Էդգար Ղազարյանը և առհասարակ մեր քաղաքացիները, իրավունք ունեն քննադատական վերաբերմունք դրսևորել մեզ համար առաջնային կարևորություն ներկայացնող հարցերի կապակցությամբ, թե ոչ։

Մենք անպայման բողոքարկելու ենք։ Եվ այստեղ մի կարևոր բան էլ ասեմ, որը մեր պատկերացմամբ իրավունքի սկզբունքներին շատ լուրջ հակասող կարգավորում է, որն արդեն գտնվում է ուժի մեջ։ Վերաքննիչ դատարանը իրավունք ունի գործը քննել գրավոր ընթացակարգով, և մենք չենք կարողանալու թե իրավաբանական, թե լայն առումով հանրությանը ներկայացնել մեր փաստարկները։

Կարճ ասած, մենք սա համարում ենք Էդգար Ղազարյանի նկատմամբ քաղաքական հետապնդման շարունակական դրսևորում»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31