Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցերի հարցը՝ ո՞ւմ էր պատկանում Ազատի կացարանի վառարանի սենյակում հայտնաբերված զենքը. Չկա այդ հարցի պատասխանը նախաքննության մեջ

Օգոստոս 07,2026 17:09 Share

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստում այսօր հարցաքննվող ինժեներասակրավորային վաշտի նախկին հրամանատար Գոռ Մարգարյանը պատմեց, որ կացարանում այրված զինվորներից ճանաչել է երեքին՝ Գագիկին, Ռոստոմին՝ նրանց դաջվածքներից, և Միշա Դումիկյանին։ Մյուսները, նրա խոսքով, անճանաչելի էին։

Գոռ Մարգարյան

Մարգարյանի խոսքով՝ զինվորական կացարանից մարդկային ձայն չի լսել և մինչև հրդեհի մարելը չի մտել կացարանի տարածք։ Ներս է մտել միայն հրդեհը մարելուց հետո՝ քննիչների հետ դեպքի վայրի զննության ժամանակ։ Նրա խոսքով՝ վառարանի սենյակում եղել է մոխիր, ինչպես նաև այնտեղ հայտնաբերվել է զենք։

Նորիկ Նորիկյան

Տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանի հարցին, թե ինչպես է հայտնվել դեպքի վայրի զննությանը, Մարգարյանը պատասխանեց՝ քննիչների հետ։

Հարցին, թե ում էր պատկանում հայտնաբերված զենքը, Մարգարյանը պատասխանեց, որ չգիտի։

Նրա պատմելով՝ վառարանի սենյակում ինքն անձամբ այրված զինվորի մարմին չի տեսել։ Այն, որ այնտեղ զինվոր է եղել, իմացել է հրշեջներից։

Հիշեցնենք, որ Գոռ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զբաղեցնելով ՀՀ ՊՆ N 75937 զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատարի պաշտոնը և պարտավոր լինելով անցկացնել ստուգումներ, ապահովել վաշտի զբաղեցրած շենքերի հրդեհային անվտանգությունը, բոլոր տեսակի կացարաններում տեղադրել կրակմարիչներ և խիստ հսկողություն սահմանել հրդեհային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ՝ իր ծառայողական պարտականությունները պատշաճ չի կատարել։

Վառարանի սենյակում հայտնաբերված զենքի վերաբերյալ հարցեր ուղղեց նաև զոհված զինվորներից մեկի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։

«Այդ պահին չի էլ ֆիքսվել, թե որ համարի զենքն էր։ Կարող էր Լևոնի զենքը լինել, որովհետև այդ պահին, բացի Լևոնից, ոչ ոք զենք ունենալու հնարավորություն չէր կարող ունենալ։ Լևոնի մոտ միայն կարող էր զենք լինել, քանի որ նա հերթապահ էր»,- բացատրեց Մարգարյանը։

Զոհված զինվորի հայրը հավելեց.

«Եթե զենքը դրսում՝ զինանոցից դուրս է եղել, ուրեմն պարեկի զենքն է, ճի՞շտ է։ Այլ զենք չէին կարող բարձիթողի թողնել, իսկ պարեկն էլ իր զենքով դրսում լիներ»։

Վաշտի նախկին հրամանատարը հաստատեց զինվորի հոր դիտարկումը։

Զինվորի հայրը շարունակեց հարցերը.

«Այսինքն՝ Լևոնն առանց զենքի չէր կարող, չէ՞, դրսում պարեկություն անել»։

Ի պատասխան՝ Մարգարյանն ասաց. «Այդ հարցի պատասխանը նախաքննության մեջ չկա։ Իմ ցուցմունքում ասել եմ, որ ենթադրում եմ՝ Լևոնը զենքը թողել է այնտեղ և գնացել զուգարան»։

Զինվորի հայրը հարցրեց, թե արդյոք զուգարան գնացող պարեկին որևէ մեկը չի՞ փոխարինում։ Մարգարյանը պատասխանեց, որ փոխարինում է։

Հարցին, թե ինչու, փաստորեն, այդ պահին պարեկ Լևոնին ոչ ոք չի փոխարինել, վաշտի նախկին հրամանատարը պատասխան չուներ.

«Երևի խախտում են արել»։

«Սա հարցերի հարցն է՝ Լևոնն այդ պահին ինչ գործ ուներ ներսում կամ զենքն ինչ գործ ուներ ներսում»,- ասաց զինվորի հայրը։

Նա նաև մեկ այլ դիտարկում արեց՝ հիշեցնելով Մարգարյանի այն պնդումը, որ եթե դիվերսիա լիներ, առաջին հերթին կվնասազերծվեին դրսում գտնվող պարեկն ու մյուս անձինք։

«Տվյալ պահին պարեկը ներսում է եղել, ամեն դեպքում զենքը ներսում է եղել։ Հնարավոր չէ՞ր, որ դիվերսիա լիներ, ներս մտնեին, իսկ դրսում մարդ չլիներ»,- հարցրեց զինվորի հայրը։

Մարգարյանն արձագանքեց.

«Եթե դիվերսիա լիներ, առաջինը Եղիշեին կվնասեին, ինքն էլ հո ներսում է եղել»։

Զոհված զինվորի հայրը պատասխանեց.

«Հա, բայց մենք հո համոզված չենք, որ ինքը ներսում է եղել։ Չգիտենք՝ որտեղ է եղել, հնարավոր է՝ դիվերսիայից հետո նոր է եկել»։

Դատարանը միջամտեց այս հարցուպատասխանին ՝ հորդորելով կողմերին տալ կոնկրետ հարցեր և առաջ չքաշել ենթադրություններ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31