Լրահոս
Օրվա լրահոսը

Եղիշեին ասել էի՝ ծառայության ժամանակ թմրանյութ չտեսնեմ. վաշտի նախկին հրամանատարի հարցաքննությունը շարունակվում է

Օգոստոս 07,2026 14:55 Share

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստում այսօր շարունակվեց ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գոռ Մարգարյանի հարցաքննությունը։

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զբաղեցնելով ՀՀ ՊՆ N 75937 զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատարի պաշտոնը և պարտավոր լինելով անցկացնել ստուգումներ, ապահովել վաշտի զբաղեցրած շենքերի հրդեհային անվտանգությունը, բոլոր տեսակի կացարաններում տեղադրել կրակմարիչներ և խիստ հսկողություն սահմանել հրդեհային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ, իր պարտականությունները պատշաճ չի կատարել։

Մարգարյանը դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում, իսկ տեղի ունեցածի համար առաջին մեղավորը, իր համոզմամբ, Եղիշե Հակոբյանն է, որը բենզինով վառել է վառարանը։

Նրա խոսքով՝ կացարանում բռնկված հրդեհը ժամանակին չի հայտնաբերվել։ Եթե այն ժամանակին նկատվեր, պետք է տագնապ հայտարարվեր։ Նա պատմեց, որ ծառայության պետ Տիգրան Ղազարյանից տեղեկացել է՝ հրդեհը հայտնաբերվել է այն ժամանակ, երբ արդեն անկառավարելի էր դարձել։

Մարգարյանի խոսքով՝ իրեն հայտնի տեղեկությունների համաձայն, Եղիշե Հակոբյանի ցուցմունքը չի համապատասխանում իրականությանը, երբ նա պատմել է, թե վառարանը վառելիս իր հետ նույն սենյակում եղել են նաև մյուս զինվորները՝ Լևոնն ու Ռադիկը։ Մարգարյանի համոզմամբ՝ այդ պահին սենյակում միայն Եղիշե Հակոբյանն է եղել։ Տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանի խոսքով՝ հարց է առաջանում, թե ինչու է Հակոբյանը լքել սենյակն ու հեռացել, արդյոք դա միտումնավո՞ր է եղել, որպեսզի մյուս զինվորները այրվեն։ Մարգարյանը պատասխանեց, որ չի կարծում, թե դա միտումնավոր է եղել. նրա կարծիքով՝ Հակոբյանը այրվածք է ստացել, դուրս է եկել և չի պատկերացրել իրավիճակի լրջությունը։

Մարգարյանի խոսքով՝ իրեն հասած տեղեկությունների համաձայն՝ հրդեհն առաջինը հայտնաբերել է Վաղինակ Մանուչարյանը։ Լեոն Խառատյանը գտնվել է դրսում և Վաղինակի գոռոցից հետո է ներս մտել, որտեղ էլ ստացել է այրվածքները։ Մարգարյանը նաև ասաց, որ Վաղինակի պատմելով՝ հարևանի տնից ջուր բերելիս է նկատել հրդեհը, իսկ Եղիշե Հակոբյանին տեսել է դրսում։ Իր ձայն տալուց հետո միայն Հակոբյանը կրկին մտել է ներս, ստացել այրվածքներ և դուրս եկել։

Տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը հետաքրքրվեց նաև, թե Մարգարյանի կարծիքով՝ Եղիշե Հակոբյանն ու Լեոն Խառատյանը այրվածքները որ փուլում են ստացել։

«Չգիտեմ՝ որտեղ են եղել, բայց այդ տարածքում չեն եղել, որովհետև եթե լինեին, երեքից գոնե մեկը կմտներ ննջասենյակ, տղաներին դուրս կհաներ։ Գոնե այրվածքներ ստանալով՝ նրանք 10 վայրկյանի ընթացքում դուրս կգային»,- ասաց Մարգարյանը։

Նորիկյանի հաջորդ հարցը վերաբերում էր այն զինվորին, որը հայտնաբերվել էր վառարանի սենյակում։ Նա հետաքրքրվեց՝ ավելի իրատեսական է համարում այն տարբերակը, որ զինվորը սկզբից եղել է դրսում և չի գտնվել կացարանում, թե այն, որ եղել է կացարանում և հետո դուրս է եկել դեպի վառարանի սենյակ։ Մարգարյանը պատասխանեց, որ ենթադրում է՝ նա դուրս է եկել ննջարանից, քանի որ եթե սկզբից գտնվեր վառարանի սենյակում, ապա Եղիշե Հակոբյանի հետ ինքն էլ դուրս կգար։

Անդրադառնալով Եղիշե Հակոբյանի վարքագծին՝ Մարգարյանը նշեց, որ ծառայության ընթացքում նրան երբևէ չի տեսել արգելված նյութ օգտագործելիս, սակայն հավելեց. «Ես լսել եմ, որ թմրանյութ է օգտագործում, ասել եմ՝ հանկարծ ծառայության ժամանակ նման բան չանես»։

Անդրադառնալով դիվերսիայի և պայթյունի վարկածներին՝ Մարգարյանը նշեց, որ խոշոր պայթյունի հետքեր, խոշոր տրամաչափի հարվածների հետքեր կամ փոսեր չի նկատել։ Նա նաև դիվերսիայի վարկածը հավանական չհամարեց՝ նշելով, որ նման հարձակումների դեպքում, ըստ իր փորձի, առաջին հերթին վնասազերծվում են դրսում գտնվող անձինք։ Մինչդեռ տվյալ դեպքում դրսում եղել է Լեոն Խառատյանը, որի միակ վնասվածքը եղել են այրվածքները։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31