Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը գտել է նոր մեղավոր․ անսպասելի խոստովանություն

Օգոստոս 08,2026 10:00 Share

Նիկոլ Փաշինյանը, որը Ղրղզստանում մասնակցել է ԵԱՏՄ վարչապետների հավաքին, լրագրողների հետ զրույցում արել է մի հայտարարություն, որը հնարավոր է գնահատել նույնիսկ սենսացիոն։ «ԵԱՏՄ որոշ գործընկերներ հրահրել են այս գործընթացը՝ հայտարարելով, որ Հայաստանը ոչ մեկին պետք չէ, եւ նրան ոչ մի տեղ չեն սպասում։ Մենք սա ոչ թե բացասաբար, այլ դրական ընդունեցինք ու սկսեցինք աշխատել, քանի որ իրականում իրավիճակը բոլորովին ուրիշ է», ասել է Հայաստանի վարչապետը` խոսելով Հայաստանի շուրջ ստեղծված հայտնի իրադրության մասին։

Շատ պարզ է, թե «ովքեր» են այսպես ասած՝ ԵԱՏՄ որոշ գործընկերները, որոնք ըստ Փաշինյանի՝ հրահրել են այս գործընթացը։ Խոսքը Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի մասին է։ Նա էր հայտարարել իր հարցազրույցներից մեկի ժամանակ, թե «ո՞ւմ է պետք Հայաստանը, ո՞ւր պետք է գնա»։ Փաստորեն, Փաշինյանն ասում է, որ այս հայտարարությամբ նա հրահրել է իրեն, եւ ի հեճուկս Լուկաշենկոյի փորձել է ցույց տալ, որ Հայաստանն ունի գնալու տեղ, ունի այլընտրանք։

Այստեղ կա երկու էական հանգամանք։ Նախ, Փաշինյանի այս հայտարարությունը առերեւույթ իր «պատվախնդրության» մասին է, երբ Լուկաշենկոյի ինադու փորձում է գտնել Հայաստանին այլընտրանք։ Բայց, խորքային իմաստով, սա այլ բան չէ, քան պատասխանատվությունից հերթական անգամ խուսանավելու հնարք։ Ինչպես ցանկացած անհաջողության կամ կորստի պարագայում, այս անգամ էլ Փաշինյանը «գտնում» է մեկին, որի վրա կբարդի պատասխանատվությունը։ Այս դեպքում՝ Լուկաշենկոն է, որը փաստորեն՝ այս ամենը հրահրողն է։ Ասել կուզի, եթե չլիներ Լուկաշենկոն, ամեն ինչ կլիներ նորմալ, ինքն էլ Հայաստանը չէր տանի ԵՄ՝ ապացուցելու, որ կա այլընտրանք։

Բայց, ինչո՞ւ է Փաշինյանը «փնտրում» կամ մատնացույց անում հրահրողի։ Որովհետեւ՝ չկա այլընտրանք, չունի այլընտրանք, չի գտել կամ չի գտնում, եւ հույս էլ չունի։ Այստեղ է նրա հայտարարության սենսացիան։ Նա փաստորեն փորձում է արդարանալ, որ ինքն ակամա՝ իրեն հրահրել են։

Ամբողջ հարցն այն է, որ Լուկաշենկոն Փաշինյանին փաստորեն «թասիբի է գցել», բայց դրա հետեւանքով Հայաստանը ոչ թե շահում է, այլ կորցնում։ Թեեւ, սա ընդամենը նույն կարգի արդարացում է, ինչպիսին այն, թե իբր «նախկինները պատերազմն ու Արցախի կորուստը գցել էին Փաշինյանի գրպանը»։

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել